Արդարադատության նախարարի «ինդիվիդուալ» բարեմաղթանքը

Արդարադատության նախարարի «ինդիվիդուալ» բարեմաղթանքը

Արդարադատության նորանաշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե նախարարի կարգավիճակում ինչպես և որտեղ է դիմավորելու 2016 թվականը։



«Արդարադատության նախարար նշանակվելուց հետո իմ կյանքում ոչինչ չի փոխվել։ Ամանորը նշելու եմ այնպես, ինչպես նախկինում՝ ընտանիքիս հետ, տանը, Հայաստանում»,-Hraparak.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց նոր պաշտոնով իր կյանքում որևէ հատուկ փոփոխություն չմտցրած նախարարը։



Ինչ վերաբերում է տոնական բարեմաղթանքներին, Արփինե Հովհաննիսյանը նախընտրեց ավելի «ինդիվուդալ», անհատական ոճի մաղթանքներ հղել։



«Բարեմաղթանքներ շատ կարող են լինել՝ վեհ բառեր, գեղեցիկ նախադասություններ, ջերմ խոսքեր։ Իրականում յուրաքանչյուրին ցանկանում են իր անհատական ցանկության իրականացում։ Յուրաքանչյուրիդ ներսում այն, ինչ որ կա իր համար, իր նվիրական ու փափագած երազանքը։ Ձեզանից ոյւրաքանչյուրն ունի այդպիսի ցանկություններ ու երազանքներ։ Հայաստանի ժողովրդին ցանկանում եմ մի փոքր պակաս կենցաղ, ավելի շատ ուրախություն ու երջանկություն, իսկ անհատական ցանկության առումով կարծում եմ ու վստահաբար, որ յուրաքանչյուր զինվորի մայր ու յուրաքանչյուր զինվոր անհատական ցանկությունների հանրագումարով կստանա այն, ինչ որ բոլորս ուզում ենք՝ խաղաղություն»,-ասաց նա։



Մեր հարցին՝ եթե այդ ցանկությունների իրականացումը իրենից կախված լինի, ինքը պատրա՞ստ է դրանք իրականացնել, իր պաշտոնավարման 100 օրը վերջերս բոլորած նախարարը պատասխանեց․ «Եթե ինձանից է ինչ-որ բան կախված, ապա այո, իհարկե»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ