Դեղատոմս Աշոտյանի համար կամ՝ Շարմազանովն ու դարվինիզմը

Դեղատոմս Աշոտյանի համար կամ՝ Շարմազանովն ու դարվինիզմը

Հեղինակի խնդրանք՝ թեմայի հետ կապ չունեցող հետգրությունը հոդվածից առաջ չկարդաք, այլապես հոդվածը չեք կարողանա կարդալ:



Ես շատ էլ տեղեկացված չեմ Արմեն Աշոտյանի ոտքը կոտրվելու հանգամանքներին, բայց, ժամանակագրության մեջ այդ իրադարձությունը, կարծես, հաջորդել է Շարմազանովի այն հայտարարությանը, որ մարդը կապիկից չի առաջացել: Շարմազանովն ուղղակի ապուշ, այն է՝ իդիոտ և ցմդած է անվանել Դարվինին՝ նրա տեսությունը որակելով ցնդաբանություն: Իսկ թե ինչ եղավ Աշոտյանին, որ Շարմազանովի այդ հայտարարությունից հետո ընկավ ու ոտքը ջարդեց, մնում է միայն ենթադրել: Ֆեյսբուքը հազար բան է ենթադրում՝ աչք կպնելուց մինչև Աստծո պատիժ, իսկ մեր կարծիքով՝ Աշոտյանը փռթկացել է Շարմազանովի հայտարարության վրա, կորցրել հավասարակշռությունը և ընկել: Ինչպես հայտնի ֆիլմում՝ «поскользнулся, упал, очнулся- гипс»:



Կարղ է հարց առաջանալ՝ մի՞թե միայն Աշոտյանը փռթկաց Շարմազանովի հայտարարության վրա: Չէ, ինչո՞ւ միայն Աշոտյանը: Շատերը ծիծաղեցին, բայց նրանց բախտը բերեց, որ այդ պահին բակում չէին:



Աշոտյանի տրավման՝ կոտրվածքը, ժամանակակից Հիպոկրատները շատ արագ կբուժեն: Մեր կողմից ասենք միայն, որ Արմենը հնարավորինս շատ խաշ պետք է ուտի՝ կուզի՝ ՖԲ ընկերների հետ, կուզի՝ մենակ: Տավարի ոտքերի կենարար հեղուկը, հեյ գիտի Դարվինի էվոլյուցիոն ուսմունք, օգտակար է նաև ոչկճղակավորների ոտքերին:



Մենք գանք Շարմազանովի տրավմային: Նա վստահ է, որ մարդը կապիկից չի առաջացել: Լրագրողը, վախեցած հարցրել է՝ բա ինչի՞ց...: Եվ Նոր տարվա օրով, իրեն լրիվ հանրապետականի տեղ դրած, Շարմազանովը փորձել է ֆռռացնել՝ «մեր Տիրոջից»: Ըստ երևույթին Շարմազանովը նկատի է ունեցել հանրապետականներին, որոնք առաջացել են տիրոջից, ասենք՝ Նժդեհից, Սերժ Սարգսյանից, ինչու ոչ՝ Գալուստ Սահակյանից... Եվ խիստ բնական է, որ քաշել են իրենց մեծերին: Կարեն Ավագյանն, օրինակ, այն օրերին ինչպե՞ս էր Սերժ Սարգսյանի առոգանությամբ հայտարարում՝ «այո, հենց այդպես, հենց Դոդի Գագո»: Մի քանի վախտ անց, արդեն ասում է՝ «պարոն Ծառուկյան» և դարձյալ Սերժ Սարգսյանի առոգանությամբ ու անզուգական ժպիտով:



Ժողովրդական խոսքից իմաստուն բան չկա: Հապա լսեք՝ խնձորը ծառից հեռու չի ընկնում և կամ՝ ձին ձիու կողքին կապես՝ կամ կծել կսովորի կամ քացի տալ: Մի՞թե Էուարդ Շարմազանովը Գալուստ Սահակյանի կողքին նստելուց ուրիշ բան պետք է սովորեր: «Անջատեք Զարուհի Փոստանջյանի խոսափողը»: Հո սուտ բան չե՞մ ասում: Եղել է չէ՞ նման բան: կարող եմ բառ առ բառ վերարտադրել Փոստանջյանի և Շարմազանովի մենամարտը: Խեղճ կինը աղիողորմ խնդրում էր, որ իրեն թույլ տան արտահայտվել. «Դուք էլ հո Գալուստ Սահակյանը չե՞ք, որ չեք թողնում խոսեմ»,- դիմեց նա Շարմազանովին: «Ես Գալուստ Սահակյանը չեմ, բայց անջատեք Զարուհի Փոստանջյանի խոսափողը»: Եվ ուրեմն՝ Գալուստ Սահակյանին քաշած տղեն ինչպե՞ս կարող է ընդունել, որ կապիկից է առաջացել:



Արդյունքում տուժել են թե Շարմազանովը, թե Դարվինն ու Աշոտյանը: Բայց, կրկնում եմ, եթե Աշոտյանի տրավման հեշտ բուժելի է խաշով, իսկ Դարվինն էլ այլևս բուժման կարիք չի զգում, ապա չգիտեմ, թե ինչ կարելի է անել Շարմազանովի և նրա նման մտածող հանրապետականների հետ:



Ճիշտը որ ասեմ՝ ես էլ այնքան համաձայն չեմ, որ մարդը կապիկից է առաջացել: Այլապես մենք մեզ անհարմար չէինք զգա, որ կապիկի տարի ենք մտել և որ այս տարվա լեյտմոտիվը մեր գործիչների կապիկությունները պետք է լինեն: Կխնդայինք, կուրախանայինք, որ մեր նախնու տարին է: Մինչդեռ կա անհանգստություն, որ հանկարծ նրան չնմանվենք: Փորձենք չնմանվել, ինչքան էլ Դարվինը ճիշտ է: Մաղթում եմ, որ 2016-ին բոլորս առինքնենք մեզ:



Էդիկ Անդրեասյան



Հ.Գ. Ֆեյսբուքի իմ հանճարեղ լոռեցի ընկերը՝ անուն Խորեն Գասպարյան, իր էջում մի հրաշալի անեկդոտ (իրական դեպք) է տեղադրել լոռեցիների կյանքից: Ուզում եմ ներկայացնել, բայց Աշոտյանին նախապես կխնդրեի պինդ բռնվել կոյկայից, որ չընկնի:



Ածել- նվագել ,
Ածել- լցնել



Երկու լոռեցու զրույց



- Ա՛պո, էդ քեֆի տեղն ածողնի կայի՞ն:
- Չէ, մենք ածեինք, մենք խմեինք...