Դեսպանը «մուտիլովկա» է անում

Դեսպանը «մուտիլովկա» է անում

«Առաջին լրատվականը» մի հետաքրքիր վերլուծական է հրապարակել «Դեսպանն արձանագրում է Հայաստանի տնտեսական ամլությունը» վերտառությամբ (http://www.1in.am/1812244.html ), որտեղ խոսվում է Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկու մի հայտարարության մասին, որով նա Հայաստանին հասկացնում է, թե ԵՏՄ անդամակցությունը խանգարում է հայ-լեհական համագործակցությանը և Հայաստանում լեհական ներդրումներին: Ճիշտն ասած՝ կայքը չի նշել լեհ դեսպանի հայտարարության աղբյուրը, բայց դա այս դեպքում կարևոր չէ: Մեզ ավելի շատ հետաքրքրում է այդ հայտարարության ընկալումը, որ իր հոդվածում ներկայացրել է վերլուծաբանը: Իսկ նա շտապել է նախ՝ ընդհանրացնել լեհ դեսպանի հայտարարությունը՝ նշելով. «Սա, ըստ էության, եվրոպական պետության, Եվրամիության անդամ պետության առաջին դիվանագետի խոսքն է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության խանգարող դերի մասին… Եվ այս տեսանկյունից հնչում է ահազանգ, որը հատուկ է ողջ Եվրամիության համար: Իսկ Եվրամիության հետ տնտեսական հարաբերությունները Հայաստանի համար կարևոր, կենսական նշանակություն ունեն՝ ԵՏՄ տնտեսական իրավիճակի մեղմ ասած, տխուր պատկերի ֆոնին»: Այդպե՞ս է, արդյոք:



Հեղինակը, փաստորեն պնդում է, որ ԵՄ-ն Հայաստանի՝ ԵՏՄ անդամ դառնալուց մեկ տարի անց նոր հասկացել է, որ ԵՏՄ անդամակցությունը խանգարում է կամ կխանգարի իրենց Հայաստանում ներդրումներ անել: Եկեք ազնիվ լինենք՝ մինչև Լեհաստանի դեսպանի այս հայտարարությունը մենք ԵՄ-ից անընդհատ լսել ենք, որ ԵՄ-ն և ԵՏՄ-ն հակամարտող բևեռներ չեն, ավելին՝ թշնամիներ չեն, որ ԵՏՄ-ն ընդամենը տնտեսական կառույց է, որի հետ ԵՄ-ն կարող է համագործակցել: Հիմա ի՞նչ պատահեց Լեհաստանի դեսպանին, որ Ամանորի խումհարից արթնացավ ու նման բան հայտարարեց:



Մենք չենք կարծում, որ «Առաջին լրատվական»-ի վերլուծաբանն էլ է նոր դուրս գալիս խումհարից, բայց հստակ է, որ նրա հիշողության հետ ինչ-որ բան է կատարվում: Լա՞վ, թե՞ վատ՝ չեմ կարող ասել:



Բանն այն է, որ նուն ԵՄ-ն և Լեհաստանը լիուլի ժամանակ ունեին Հայաստանում այնքան ներդումներ անելու, որ Հայաստանը նույնիսկ չմտածեր ԵՏՄ անդամակցության մասին: Փոխարենը ԵՄ-ն Հայաստանին այդ ողջ ընթացքում ուրախացրել է կոնֆետի գոյնզգույն թղթերով՝ վիզան կպարզեցնենք, եթե ավելի խելոք պահեք ձեզ՝ վիզան կհանենք, օ՜օ՜օ՜, ինչպիսի առաջընթաց՝ դուք արդեն ազատ մամուլ ունեք, ձեր ամեն ընտրություն նախարդից մեկ-երկու քայլ առաջ է և այլն: Եվ այդ ընթացքում այդ նույն ԵՄ-ն ոչ մի բառ չէր ասում Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասին, ոչ մի մեսիջ չէր փոխանցում Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ լինելու մասին, հանգամանքներ, որ դեռ էն գլխից էին ԵՄ-ին խանգարում լավ պարել Հայաստանում:



Արդյոք նո՞ր բացվեցին ԵՄ-ի և Լեհաստանի աչքերը: Նրանք նո՞ր են տեսնում, որ Հայաստանը անջրպետով է բաժանված Եվրոպայից:



Մենք կհասկանայինք հայ վերլուծաբանին, եթե նա ասեր, որ ԵՄ-ի այս նորահայտ հետաքրքրասիրությունը ծնվել է տարածաշրջանում իրադարձությունների նոր զարգացումներից: Ակնհայտ է, որ Սիրիայի հարցում ԱՄՆ-ին և Եվրոպային չհաջողվեց Իրանին իրենց կողմը գրավել, ԻՊ-ն, որ իր վրա էր բևեռել աշխարհի ուշադրությունը, պարտվում է՝ ի դերև հանելով տարածաշրջանը վերջնականապես կողոպտելու արևմտյան նկրտումները: Ամեն ինչ գնում է նրան, որ Սիրիայում ընտրություններ տեղի կունենան, որտեղ Սիրիայի ամերիկյան ընդդիմությունը ոչ մի շանս չունի հաղթելու: Իսկ սա նշանակւմ է՝ էլի մի որոշ ժամանակով հետաձգել ԱՄՆ գործող վարչակազմի նվաճողական քաղաքականությունը, որը, չգիտես թե ինչ դրսևորումներ կունենա նախագահ Օբամայից հետո:



Եվ հիմա ԵՄ-ն, նաև ԱՄՆ-ը կարող են կառչել փրփուրներից, իրավիճակներ հրահրել Հայաստանում ու Ադրբեջանում, որպեսզի մի կողմից խանգարեն Իրանի՝ դեպի հյուսիս ուղղված ծրագրերին և մյուս կողմից ապահովեն Ադրբեջանից դեպի Թուրքիա, իսկ այնտեղից էլ դեպի Եվրոպա էներգակիրների և հատկապես կողոպտիչ գներով նավթի անխափան հոսքը:



ԵՄ անդամ երկրի դեսպանը, իհարկե, կարող է այս իրավիճակում ոչ միայն դժգոհել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության փաստից, այլև ոսկի սարեր խոստանալ Հայաստանին՝ անկայունության նոր օջախ հրահրելու նպատակով: Չտեսնել այս զարգացումները և պնդել, որ Հայաստանը զարգացման այլ հեռանկար չունի, քան ԵՄ-ի և Լեհստանի դեսպանի խոսքերին ականջ կախելն է, մեղմ ասած՝ միամտություն է, որովհետև Հայաստանի ցանկացած ընտրություն երկսայրի թուր է հիշեցնում և պետք է միայն ճիշտ հաշվարկ կատարել՝ սայրերից գոնե մեկից խուսափելու համար: ԵՄ-ն և Արևմուտքը իրենց անվերջանալի պահանջներով կարո՞ղ են երաշխավորել Հայաստանի անվտանգությունը թուրք-ադրբեջանական պանիսլամիզմի այս կաթսայում: Նրանք նույնիսկ Փարիզը չեն կարողանում ապահովագրել Էրդողանի հովանավորյալ ահաբեկիչներից, ուր մնաց հեռավոր Հայաստանը:



Եվ վերջում՝ Լեհաստանի դեսպանը, եթե այդքան շահագրգռված է այս տարածաշրջանում իր երկրի ներդրումներով, պատճառաբանություններ փնտրելու փոխարեն, թող փորձի դրանք անել Իրանում՝ մի երկրում, որը ԵՏՄ անդամ չէ: Պատկերացրեք՝ ԵՄ խոշոր ներդրումները Իրան-Հայաստան երկաթուղու կամ Իրան-Վրաստան գազամուղի շինարարություններում կարող են ինքնաբերաբար վերածվել նաև Հայաստանում կատարված խոշոր և անփոխարինելի ներդրումների: Մինչդեռ Եվրոպան մեծահոգաբար միլիարդներ է շռայլում Թուրքիային, որպեսզի վերջինս կարողանա լավ կերակրել իր տարածքում փախստականների կարգավիճակով կենտրոնացող իսլամիստական տարրերին: Թերևս սա կարող է լինել Հայաստանի պատասխանը Լեհաստանի դեսպանին, որը, չգիտենք, տրվե՞լ է, թե՞ ոչ:



Էդիկ Անդրեասյան