Հետո... Էսպես մինչև ե՞րբ...

Հետո... Էսպես մինչև ե՞րբ...

Մեր կռիվն սկսվեց հատկապես այն բանից, երբ խորհրդային մամուլը 1988-ին հավասարության նժար դրեց ղարաբաղյան պայքարի եւ տգիտության ու մոլեռանդության միջեւ: Այն պահից, երբ մեզ էքստրեմիստ էին անվանում, իսկ սումգայիթյան եղերագործությունը՝ մի խումբ խուլիգանների գործ: Այդ ժամանակ կռիվ էինք տալիս մի ամբողջ գաղափարախոսության` «Պրավդայի», «Իզվեստիայի», ՏԱՍՍ-ի եւ այլոց դեմ:



Հայաստանյան մեր հայ սեփական թղթակիցները կաշվից դուրս էին գալիս ճշմարիտ ինֆորմացիայի բլոկադան ճեղքելու համար: Բայց հո նրանց ձեռքին չէ՞ր (ցավոք, այդ ժամանակ նրանց չգնահատեցինք, թացը չորի հետ խառնեցինք): Եվ այդ գաղափարախոսական կռվի ժամանակ առաջին միակ լուսավոր շողը (կենտրոնական հեռուստատեսությամբ) գրող, հրապարակախոս Հենրիկ Բորովիկի հաղորդումն էր, որն ինչ-որ չափով լույս սփռեց ղարաբաղյան խնդրի ու պայքարի վրա: Քաղաքակրթությունն ու տգիտությունը խառնել էին մի ընդհանուր կաթսայում եւ հրամցնում էին աշխարհին:



Հայերիս գենետիկ կոդը չափազանց դիմացկուն է, միայն թե ինքներս մեզ չավերենք: Մենք ամեն ինչի կարող ենք դիմանալ՝ բացառությամբ ստին ու անարդարությանը: Եվ պատահական չէր, որ կայսրությունը փլուզվեց:



Այն ժամանակ մեզ ուղղակի հունից հանեց այն, որ հնամենի քաղաքակրթություն ունեցող ազգը համեմատում էին ոչ միայն սեփական պատմություն, այլեւ այբուբեն չունեցող ժողովրդի հետ:



Իսկ ի՞նչ է տեղի ունենում այսօր…



Էն գլխից՝ վերջին երկու տասնամյակի ընթացքում՝ գաղափարախոսության իսպառ բացակայության պայմաններում, կամաց-կամաց, կաթիլ առ կաթիլ գլոբալիզացիայի կռապաշտ նոր դարաշրջանում արժանապատվության համար, ստի ու կեղծիքի դեմ կռիվ տվող հայն արդեն ինքն է աննկատորեն հավասարության ու համեմատության նշաններ դնում: Եվ ամենավտանգավորն այն է, որ չենք էլ զգում, թե ինչպես Հայաստանում բուն դրած զանազան «կառույցներ» երեխայի պես ձեռքներիցս բռնած, օգտվելով դժվարին կացությունից եւ նմանատիպ իրավիճակներից, քանոնը դրած` հայի ու թուրքի միջեւ հավասարության նշան են գծում:



Եվ այդ ամենն արվում է կավեենատիպի եւ դեմքի ծամածռությամբ ծիծաղ կորզող ֆիլմերի, էժանագին հումորի, աղանդների, փառատոների եւ այլ միջոցներով: Գաղափարական անկառավարելիությունը նրան է հասել, որ նույնիսկ բանակը չենք խնայում: Հապա մի դիտեք զինվորական թեմաներով տարիներ շարունակ ցուցադրվող երկարաշունչ սերիալները: Կամ թե չէ մի փոքր աչքի անցկացրեք երեւանյան օտարագիր ու օտարալեզու վահանակները: Ծայրահեղությունն այն աստիճանի է հասել, որ, դիցուք, «70 տոկոս զեղչ» բառերն արդեն անգլերեն են գրվում: «Դե եկ, վարդապետ ու մի խենթացիր»:



Մի խոսքով, մեզանում ամեն օր, գուցեեւ ամեն ժամ կորցնում ենք սեփականը, ազգային այն արժեքներն ու նորմերը, որոնք մեկ սերնդի ջանքերով չէ, որ ձեռք են բերվել: Պատճառները` այսպես ասած, այսբերգի ներքին շերտը, հանուրին են հայտնի: Պարզապես արդեն հաշտվել ենք՝ ինչպես բժիշկները մահվան հետ:



Հետո՞, էսպես մինչեւ ե՞րբ… Ես այլ ելք չեմ տեսնում, քան վերականգնել գեղարվեստական խորհուրդները, ոչ թե ձեւական, այլ` վճարովի: Կասեն՝ ըհը, գրաքննության կոչ եմ անում: Կեղտաջուրն էկրան չթողնելը, չմասսայականացնելը դեռեւս գրաքննություն չեն: Փորձեն ամենաժողովրդավարական երկրում նմանատիպ ֆիլմեր ու անհատի ներքնաշխարհն ավերող հաղորդումներ ներկայացնել… Այդ երկրներում մի այնպիսիի գրաքննության կհանդիպեք, որ խորհրդային ցենզուրան գլուխը քարով է տվել: Իսկ մենք նույնիսկ մեր երեխաներին չենք խնայում: Ինչ է, մենք նման գրաքննության կարիք չունե՞նք: Ոչ միայն ունենք, այլեւ պարտավոր ենք ունենալ…



Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ