Միքայել Մելքումյանն ու Արտաշես Գեղամյանը համաձայնել են, միայն Հմայակ Հովհաննիսյանն է համառում

Միքայել Մելքումյանն ու Արտաշես Գեղամյանը համաձայնել են, միայն Հմայակ Հովհաննիսյանն է համառում

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի ու «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանի «տարածքային վեճը» նոր երանգներ է ստանում:



Սենիկ Ջուլհակյանը գնել է նույն շենքում տեղակայված «Լաբիրինթ» ռեստորանի տարածքը, որն ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանին էր պատկանում, լեզու է գտել Արտաշես Գեղամյանի հետ, որը Մոսկովյան 33 հասցեի նույն հինգհարկանի շենքում 99 տարվա վարձակալությամբ տարածք էր տնօրինում, իսկ հիմա Հանրապետություն փողոցի վրա նորակառույցում է տեղավորվել։ Նշված շենքից հեռացել է նաեւ «Նա-նե» պարային համույթը, միայն Հմայակ Հովհաննիսյանն է, որը, ինչպես ինքն է ասում, չի ենթարկվում ճնշումներին եւ չի պատրաստվում հեռանալ միության սեփականություն հանդիսացող տարածքից։ Անգամ չի ցանկանում փոխանակել իրեն առաջարկվող տարածքը նույնիսկ մոտ 20 քառակուսի մետրով ավելի տարածքի հետ՝ Հյուսիսային պողոտայի Տերյանի հատվածում։ «Ես հո առեւտրական չե՞մ, ես այս շենքում ծնվել-մեծացել եմ, ինչպե՞ս եղավ, որ ինչ-որ տեղից եկած մեկն իր բնակավայրից ուզում է հանել բնիկ երեւանցուն»,- վրդովվում է նա մեր հարցից։ «Չեմ ցանկանում գնալ եւ զրոյից նորից սկսել, ես տարիներ շարունակ կառուցել ու կահավորել եմ միության տարածքը»:
Խոսակցություններ կան, որ Սենիկ Ջուլհակյանն այս գործում երկրորդական անձ է, ավելի բարձր տանիք ունի, ասում է Հովհաննիսյանը, այլապես Արտաշես Գեղամյանին «տասը փայտով» էլ հնարավոր չէր լինի հանել իր տարածքից:



Սենիկ Ջուլհակյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ գործակցության փաստը բազմիցս է ժխտել, հիմա նոր անուն է հայտնվել՝ Արամ Գալստյան, նա Սերժ Սարգսյանի քեռորդին է, որը ժամանակին Գորիսի ոստիկանապետ է եղել, ներկայումս՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար:



Սենիկ Ջուլհակյանը երեկ զրույցի հենց սկզբում բողոքեց. «Այդ շենքը փլվում է, ես արդեն հոգնել եմ ու ոչ մի բան չեմ ձեռնարկում»: Նա բացատրեց, որ շենքի «փլուզումը» Հմայակ Հովհաննիսյանի պատճառով է, որ ժամանակին միության համար առանձին մուտք բացելու համար շենքի հիմնապատից է կտրել, խարխլել հիմքերը, ու հիմա շենքը մեջտեղից ճաք է տվել, պետք է փակվի այդ միջանցքը, որ հիմքն ամրացվի։ «1-2 սմ բացվածք կա, ու շենքը համարյա փլվում է»,- ասաց նա: Սեյսմիկ ծառայությունն անգամ արգելում է իրենց գործունեություն ծավալել շենքում, բայց համոզել են, որ մինչեւ հունվար մնան: Իսկ երկրաբանական բաժինն արդեն տեղափոխել են Կոմիտաս. «Մի օր կարող է շենքը փլվի, մարդիկ են աշխատում, աստված ոչ արասցե, բայց կարող է այլ հետեւանքներ լինեն»:
Հմայակ Հովհաննիսյանը նկատում է. եթե շենքի վիճակն այդքան ծայրահեղ է, թող գերակա շահ ճանաչվի, օտարեն այն. «Բայց չեն անի, որովհետեւ այդպիսով շենքի հետագա ճակատագրի պատասխանատվությունն է ընկնելու նախագահի, կառավարության վրա, իսկ այստեղ այլ պլաններ կան»:



Ի դեպ, Հովհաննիսյանը պատրաստվում է երկրորդ բաց նամակն ուղղել Սերժ Սարգսյանին՝ հիշեցնելով, որ խախտվել է Սահմանադրության 27-րդ հոդվածը, եւ ՀՀ նախագահը, որպես պաշտոնատար անձ, չի արձագանքել դեռ 2014-ի դեկտեմբերի 8-ին նախագահական մուտք արված իր նամակին: Եթե շենքն անմխիթար վիճակում է, ու անգամ քննարկվում է «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտն այլ վայր տեղափոխելու հարցը, ինչո՞ւ են նոր տարածքներ ձեռք բերել վթարային շենքում՝ հետաքրքրվեցինք Ջուլհակյանից։ «Այդ ռեստորանի տարածքը վերցրել ենք, էդ նկուղից մտել ենք եւ այնտեղից էլ 3.5 մետր իջել ենք հիմքի տակ, ամրություն ենք տվել, որ շենքի շարժը կագնեցնենք»,- ասաց նա: Ջուլհակյանն առիթը բաց չթողեց գովաբանելու Միքայել Մելքումյանին. «Կարգին մարդ դուրս եկավ, Խորհրդային Միությունից հետո միակ ինստիտուտն է, որ վերականգնվել է, 176 մարդ է աշխատում։ Ասաց՝ եթե էդքան մտավորական ես պահում, ես խնդիր չունեմ: Նույնն էլ Արտաշես Գեղամյանը, մենակ Հմայակ Հովհաննիսյանն է քաղաքական աստառ հաղորդում այս ամենին»:



Ջուլհակյանը հերքեց իր եւ Արամ Գալստյանի գործընկերության փաստը։ «Բացառվում է, մենք դպրոցական ընկերներ ենք, որ ասում են՝ նախագահի ազգականն է, գիտե՞ք մեր գյուղում ինչ են ասում, ասում են՝ էշը թավալ է տվել, փոշին տվել է մեզանով, ով մեր գյուղից է, ասում են՝ նախագահի բարեկամն է: Կրա՞կն ենք ընկել, որ նախագահի գյուղից ենք... Մենակ անցած տարի 100 մլն. դոլար եմ ծախսել շենքի մի հարկն ամրացնելու համար, դեռ չորս հարկ էլ կա, էսպիսի անարխիա լինո՞ւմ է, որ Հմայակը մեր գլխին է անում»,- բողոքեց Ջուլհակյանը, վերջում ասելով, որ մի նախագիծ կա, որը կարելի է այդ շենքում իրականացնել. «Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողով մտած նախագիծն է, որի շրջանակներում իմ չեխ գործընկերները կարող են գալ Հայաստան՝ ներդրում անել: Այդ շենքի ինչ-որ հատվածում հնարավոր է «չեխական տուն» սարքել»: