Նախաձեռնողը պետք է լինի իշխանությունը. Երջանիկ Աբգարյան

Նախաձեռնողը պետք է լինի իշխանությունը. Երջանիկ Աբգարյան

ՀՀՇ վարչության նախկին անդամ Երջանիկ Աբգարյանը կարծում է, որ ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձեւերից Սարսանգի ջրամբարին վերաբերող բանաձեւի ընդունման հարցում մեր պատգամավորներն ունեն իրենց մեղքի բաժինը։



«Հայաստանը ներկայացնող մեր պատվիրակները չեն տիրապետում դիվանագիտական այն հնարքներին, որոնք պետք է կիրառվեն նման դեպքերում։ Նրանք չեն հասկանում նաեւ այն իրողությունները, որոնք այսօր կատարվում են աշխարհում։ Այլապես զարմանալի է, թե ինչու թույլ տվեցին, որ Սարսանգի ջրամբարին վերաբերող բանաձեւը մտնի ԵԽԽՎ օրակարգ»,-կարծում է մեր զրուցակիցը։ Նա նշում է, որ մեր պատվիրակները պետք է կարողանային ներկայացնել համապատասխան հակափաստարկներ։



Երջանիկ Աբգարյանին հիշեցրինք, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին «Արմատ» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամները, այդ թվում՝ նաեւ ինքը, պարբերաբար հանդես էին գալիս հրապարակումներով եւ հոդվածներով, որոնցում իրենց տեսակետներն էին ներկայացնում ընթացիկ արտաքին եւ ներքին քաղաքականության հիմնախնդիրների մասին։



Ինչու՞ է «Արմատն» այսօր պասիվ եւ ինչու՞ չի արձագանքում ընթացիկ քաղաքականությանը։



Երջանիկ Աբգարյանը կարծում է, որ այսօր էլ «Արմատ»-ում կան փորձառու, համապատասխան գիտելիքներ ունեցող անձինք, որոնք կարող են ծառայել ի շահ մեր երկրի։ ՀՀՇ վարչության նախկին անդամը կարծում է, որ եթե ՀՀ իշխանություններն առաջնորդվեին երկրի շահերով, ապա անպայման այդ փորձն ու գիտելիքներն ունեցող նախկին պաշտոնյաներին կներգրավեին արտաքին քաղաքականության ոլորտում՝ որպես փորձագետների, նրանց կվստահեին արտաքին քաղաքականության մեջ որոշումներ կայացնելու գործառույթներ։



«Մեզ պետք չէ պաշտոն կամ դիրք, մենք իշխանություններից ոչինչ չունենք խնդրելու։ Նախաձեռնող կողմը պետք է լինի իշխանությունը, որպեսզի դիվանագիտական ճակատում խուսափենք պարտություններից եւ հակահայկական բանաձեւերից»,- ասաց մեր զրուցակիցը։



Երջանիկ Աբգարյանը նկատում է նաեւ, որ այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ ճանապարհ եւ ձեռք բերել լծակներ, եթե իրականացվի համահունչ արտաքին քաղաքականություն։