Խորհրդակցություն` ՀՅԴ -ում

Խորհրդակցություն` ՀՅԴ -ում

Այսօր՝ հունվարի 30-ին, «Արամ Մանուկյան» կենտրոնում, ՀՅԴ Գերագույն մարմնի հրավերով, տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էին Դաշնակցության Հայաստանի կառույցի 50 կոմիտեների և տասը մարզային կոմիտեների շուրջ 80 ներկայացուցիչներ:



Բացելով հանդիպումը` ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը համառոտ անդրադարձավ ներքաղաքական զարգացումներին, օրակարգային, առաջնահերթ խնդիրներին` տվյալ համատեքստում կարևորելով ՀՅԴ Հայաստանի կառույցի քաղաքական դերակատարությունը:



ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, հանգամանալից ներկայացնելով վերջին շրջանում երկրում ընթացող ներքաղաքական գործընթացները, անդրադարձավ սոցիալական, քաղաքական ու տնտեսական կյանքում ՀՅԴ ունեցած և նրանից ակնկալվող դերակատարությանը: Առանձնակի քննության առարկա դարձնելով ՀՅԴ հանրահայտ 7 կետերը` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը որոշակի գոհունակություն հայտնեց վերոհիշյալ կետերի շուրջ արձանագրված դրական լուծումների կապակցությամբ, խոսեց իշխանության հետ հնարավոր համագործակցության սպասելիքների և ձևաչափերի մասին: Ներկա հանգրվանում Հրանտ Մարգարյանն իբրև քաղաքական ձեռքբերում որակեց նոր Սահմանադրության ընդունումը, ուր իրացվել են ՀՅԴ հիմնական սկզբունքներն ու մոտեցումները երկրի կառավարման մոդելի և մի շարք կարևորագույն քաղաքական խնդիրների շուրջ: Անդրադառնալով հետսահմանադրական ընթացքին` բանախոսը կարևորեց ՀՅԴ քաղաքական դերակատարությունն ու պատասխանատվությունը երկրում առկա սոցիալական, տնտեսական ու աշխարհաքաղաքական մարտահրավերները դիմագրավելու առումով:



Խորհրդակցության ընթացքում հատկապես ընդգծվեցին ներկուսակցության խնդիրները` կուսակցության ընդլայնումն ու կազմակերպվածությունը դիտելով որպես ամենօրյա արդյունավետ աշխատանքի նախապայման:



Խորհրդակցությանը հաջորդող հարցուպատասխանի ընթացքում արծարծվեցին և պարզաբանումներ տրվեցին իշխանության հետ հնարավոր համագործակցության բովանդակության և ձևաչափի շուրջ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել հանդիպումների շարքը` առավել հանգամանալից քննելու ՀՅԴ ներքաղաքական և ներկուսակցական օրակարգերը:



ՀՅԴ ԳՄ մամլո դիվան