Ծանոթ ճարեք․ ԱԺ նախագահը՝ Էդմոն Մարուքյանին

Ծանոթ ճարեք․ ԱԺ նախագահը՝ Էդմոն Մարուքյանին

Այսօր ԱԺ հերթական նստաշրջանի մեկնարկին անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ դժգոհելով, որ իր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները չեն մտնում օրակարգ։ Նա նշեց, որ 2012 թվականից սկսած՝ 15 նախաձեռնություն է ներկայացրել խորհրդարանին, բայց դրանցից որևէ մեկը չի ընդգրկվել օրակարգում և քննարկվել։ «Այնպիսի տպավորություն է, որ ծանոթով են նախագծերը դրվում քննարկման»,-դժգոհեց պատգամավորը։



Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը նախ կատակով նկատեց․ «Ծանոթ ճարեք»։ Հետո ավելացրեց, որ երբեք ու երբեք չի եղել, որ որևէ նստաշրջանում նիստը չավարտված՝ հեռանանք դահլիճից։ «Դուք մի մոռացեք, որ 60-70 էդպիսի նախաձեռնություններ կան, ես աշխատում եմ, որ հնարավորության դեպքում դրանք ընդգրկեմ։ Պետք չէ քաղաքականացնել այդ հարցը։ Խորհուրդ կտայի՝ արդեն հանձնախումբը կա, գործում է, նոր կանոնակարգ օրենք է մշակվում, կարելի է մասնակցել և հնարավորություն ստեղծել այս հարցում։ Իհարկե այդ խնդիրը կա, ես այդ մասին մտածում եմ, բոլորն են մտածում, բայց պիտի կարողանանք կանոնակարգ օրենքում հատուկ կարգավորում ունենանք այդ մասին, որ պատգամավորների նախաձեռնությունները նույնպես քննարկվեն»,-ասաց ԱԺ նախագահը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ