«Նոր Հայաստանն» ու ՀԱԿ-ը՝ դեմ առ դեմ

«Նոր Հայաստանն» ու ՀԱԿ-ը՝ դեմ առ դեմ

Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Մարտի 1-ին Երեւանի Ազատության հապարակում հանրահավաք անցկացնելու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի եւ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության դիմումները։ Եվ հիմա երկու կողմերը քննարկումներ են անցկացնում հանրահավաքին միասնական օրակարգով ներկայանալու համար։



«Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչ, «Հիմնադիր խորհրդարան»-ի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը մեր զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ իրենց ներկայացուցիչները պարբերաբար քննարկում են այդ օրակարգը, փորձում հարթել առկա տարաձայնությունները։



«Մենք ասում ենք, որ բաց ենք, կարող ենք համաձայնել մեր հնարավոր գործընկերների առաջարկներին։ Եթե ՀԱԿ-ի մեր գործընկերներն ունեն առարկություններ, կարող են դրանք ներկայացնել։ Ես չեմ կարծում, թե դրանք այդքան սուր տարաձայնություններ են»,- ասաց մեր զրուցակիցը։



Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե «Նոր Հայաստանն» է՞լ է սպասում ԱՄՆ-ում բուժման նպատակով գտնվող ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձին, որպեսզի հարթվեն առկա տարաձայնությունները։
«Մենք չենք սպասում Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Մենք աշխատում ենք կազմակերպության եւ ոչ թե անձի հետ»,- արձագանքեց Վարուժան Ավետիսյանը։