Ընդդիմադիրների ցանկը տիկին արտգործնախարարն էր ճշտել

Ընդդիմադիրների ցանկը տիկին արտգործնախարարն էր ճշտել

Հայաստան ժամանած Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը բրիտանական դեսպանատանը (Շվեդիան Հայաստանում դեսպանատուն չունի) հանդիպում է ունեցել նաեւ ՀՀ ընդդիմության հետ, որի մասին բոլորը լռում են: Ընդ որում, ընդդիմադիրների ցանկն էլ բավականին հետաքրքիր է եղել. «Ժառանգությունից»` Արմեն Մարտիրոսյան, ՀԱԿ-ից` Լեւոն Զուրաբյան, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյան, «Լուսավոր Հայաստանից»` Էդմոն Մարուքյան: Առնվազն տարօրինակ չէ՞ր տիկին Մարգոտի հետ հանդիպողների ցանկը` ոչ Նիկոլը կար, ոչ «Նոր Հայաստանը», ոչ էլ գոնե ՕԵԿ-ը, հարցրինք հանդիպմանը մասնակցած Արմեն Մարտիրոսյանին: «Էս երկրում ինձ համար վաղուց ոչինչ այլեւս տարօրինակ չէ: Ի դեպ, մի մոռացեք, որ ես նաեւ «Նոր Հայաստանի» նեկայացուցիչ եմ»: Կարո՞ղ է իշխանությունների «մատը խառն էր», որ մնացյալք չկային: «Ոչ, հրավիրող կողմն է որոշում` ում հետ հանդիպել»: Հանդիպման ընթացքում տիկին դեսպանը հիմնականում լսողի դերում է եղել. Ընտրական օրենսգրքի եւ ներքաղաքական կյանքի առնչությամբ որոշ ճշտող հարցեր է տվել, ընդդիմադիրները, հատկապես Լեւոն Զուրաբյանը, մեր տեղեկություններով, ինչպես կարգն է, մի լավ բողոքել են իշխանություններից, արծարծել են նաեւ Ղարաբաղի, եվրաինտեգրման հարցեր: