Նախկին քաղաքապետը՝ կրկին ուշադրության կենտրոնում

Նախկին քաղաքապետը՝ կրկին ուշադրության կենտրոնում

Երեկ կայքերից մեկը տեղեկություն էր տարածել այն մասին, որ ոստիկանության ՔՀԳՎ եւ նույն վարչության Արմավիրի մարզային ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցներն Էջմիածին-Մարգարա խճուղու 4/1 հասցեում հայտնաբերել են մի ամբողջ արսենալ: Ըստ նույն աղբյուրի՝ տարածքը եւ շինությունը պատկանում են Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին:



Հիշեցնենք, որ Հրաչիկ Աբգարյան անունը մամուլում շրջանառվեց տարեսկզբին՝ կապված գեներալ Մանվելի եւ նրա միջեւ տեղի ունեցած տարաձայնությունների հետ, ինչն ավարտվել էր ծեծկռտուքով:



Դեպքից հետո, թեեւ նախկին քաղաքապետը ոստիկանության Վաղարշապատի բաժնում իրեն չծեծելու մասին հայտարարություն էր տվել, բայց մինչ այդ էլ «Հրապարակին» գրեթե անկեղծացել էր: «Դե հա, էլի...»,-ասել էր կցկտուր:



Հրաչիկ Աբգարյանին մոտ կանգնածներից մեկը զարմացած էր զենք-զինամթերքի այդ քանակությունից: Ըստ նրա՝ եթե դրանք իրոք Հրաչինն են, ապա չէր թաքցնի մի վայրում, որը համարյա ճանապարհի վրա է եւ բոլորի աչքի առաջ: «Ըտեղ գոմեր են, մի երկու բասեին՝ ձկնաբուծության համար, ու երեք սենյակով տան նման մի բան, որ աշխատողները հանգստանան: Հրաչն էլ էնքան միամիտ տղա չէ, որ էդքան զենք ունենա ու էս խառը ժամանակներում աչքի առաջ պահի»:



Հարցին, թե ինչ խառը ժամանակների մասին է ակնարկում, ասաց. «Դե, գեներալի հետ էն դեպքից հետո, էլի...»: Զարմանալին այն է, որ նախկին քաղաքապետին առնչվող հերթական աղմկահարույց բացահայտման մասին Էջմիածնում կարծես վախենում են խոսել:



Քաղաքացիները, որոնց հանդիպեցինք այգիներից մեկում, կամ ձեւացնում էին, թե ոչինչ չեն լսել, կամ լսել, բայց թերահավատորեն էին վերաբերվում: «Երեւի զինաթափում են, որ արյուն չթափվի»,-ասաց տարեց մի տղամարդ, ըստ որի՝ Հրաչը երդվել է այդ խայտառակությունն անպատասխան չթողնել: «Երեւի մտածեցին, որ ճիշտ կլինի շագանակները ոստիկանության ձեռքով կրակից հանեն, ու էս թատրոնը եղավ»: Մեկ ուրիշի կարծիքով էլ, «եթե ոստիկանությունն օպերատիվ տվյալներ ուներ, ապա ինչի՞ ավելի շուտ չէր խուզարկում տարածքը: Թե՞ սպասում էր կրքերը հանդարտվեին, որ մարդիկ ծեծկռտուքը խուզարկության հետ չկապեին... Էս ժողովուրդը շատ խելոք ժողովուրդ ա, եթե լռում ա, չի նշանակում, թե բան չի հասկանում: Պարզից էլ պարզ ա, թե էս ամեն ինչը որտեղից ա գալիս...»:



Փորձեցինք հասկանալ «որտեղից ա գալիս»-ի ենթատեքստը: «Իմ լսելով, յանի գեներալը Հրաչին ասել ա՝ քաղաքից կգնաս: Սա էլ չի գնացել, դրա համար էլ, իմ կարծիքով, էս կաշան եփվել ա»,-պարզաբանեց տարեց տղամարդը:



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ