Ախպեր ջան, մենք քո հետ ենք, գնա եղիր լավ ՄԻՊ

Ախպեր ջան, մենք քո հետ ենք, գնա եղիր լավ ՄԻՊ

Երեկ Ազգային ժողովը քննարկում էր մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի` արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի հարցը։ Նա անցյալ շաբաթ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ձայների առավելություն ստացավ իր մրցակից երկու թեկնածուների՝ Էդմոն Մարուքյանի առաջադրած թեկնածու Զարուհի Փոստանջյանի եւ Տիգրան Ուրիխանյանի թեկնածու Նարեկ Ալոյանի նկատմամբ։ Երեկ խորհրդարանը ցույց տվեց, որ իր համար հիմնականում ընդունելի է Թաթոյանի թեկնածությունը։ Միայն «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն տարածեց, որ դեմ է քվեարկելու Թաթոյանին։ Անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեռ չի կողմնորոշվել եւ հնարավոր է կողմ քվեարկի։ Այսինքն՝ դրական կեցվածքով հանդես եկան անգամ ընդդիմադիր այն պատգամավորները, որոնք դեմ էին Թաթոյանին եւ հանձնաժողովի նիստում դեմ էին քվեարկել նրան։ Օրինակ՝ Էդմոն Մարուքյանը։ Նիստից հետո հարցրինք Մարուքյանին՝ ՄԻՊ թեկնածուին կո՞ղմ է քվեարկելու, թե՞ դեմ։ «Ստեղ չեմ լինելու երեւի վաղը, Ծաղկաձոր եմ գնալու, լեկցիա եմ կարդալու, դրա համար չասեցի»,-ասաց նա։



- Բայց Ձեր ելույթից տպավորություն ստացանք, որ կողմ եք արտահայտվում Թաթոյանին։



- Ես դրական եմ վերաբերվել, միշտ էլ ասել եմ... հանձնաժողովում, ճիշտ է, բազմաթիվ խնդիրներ են եղել, բայց դրա մեղավորը Թաթոյանը չէ։ Հետեւաբար, դա բարդել Թաթոյանի վրա, ճիշտ չէ։



- Բայց Դուք հանձնաժողովում Ձեր առաջադրած թեկնածուն ունեիք։



- Այո, ես իմ առաջադրած թեկնածուն ունեի, ես նրա օգտին եմ քվեարկել ու հանձնաժողովում դեմ եմ քվեարկել մյուս բոլոր թեկնածուներին։ Հիմա էդ ընթացակարգի պատճառով մենք չունենք երկրորդ թեկնածուն խորհրդարանում, այսինքն՝ հիմա մենք ընտրություն չունենք։



- Ըստ էության՝ Դուք դեմ էիք, ամեն դեպքում, որ Թաթոյանը լիներ, քանզի եթե կողմ լինեիք, նրա կողմից կլինեք, ոչ թե Փոստանջյանի կամ մեկ այլ թեկնածուի։



- Ես ունեի իմ թեկնածուն եւ իմ թեկնածուին էի պաշտպանում։ Այսինքն, եթե կա երեք թեկնածու, եւ էդ երեքից մեկն իմ թեկնածուն է, ես պաշտպանում եմ իմ թեկնածուին։ Հիմա չկա իմ թեկնածուն։



- Իսկ չէ՞ որ Դուք Ձեր թեկնածուն ունեցաք այն պատճառով, որ կողմ չէիք այս թեկնածուին։



- Ոչ, երբ որ ես առաջադրեցի տիկին Փոստանջյանին, էն ժամանակ դեռ ոչ ոք չէր առաջադրվել։



- Բայց եթե կողմ լինեիք Թաթոյանին, նրա առաջադրումից հետո կարող էիք, չէ՞, հանել Ձեր թեկնածուին եւ հայտարարել, որ պաշտպանում եք Թաթոյանին։



- Չէ, որովհետեւ Զարուհի Փոստանջյանը եղել է իմ թեկնածուն, ես հիմա էլ եմ ասում, որ իմ թեկնածուն է եղել նա, այսինքն՝ ես չեմ փոշմանել, որ նրան առաջադրել եմ։ Բայց հիմա մենք ունենք մեկ թեկնածու, եւ էդ մարդն ընտրվելու է մարդու իրավունքների պաշտպան, ու ես գտնում եմ, որ մենք պետք է հիմա զուսպ լինենք ու թողնենք, որ ինքն աշխատի, որովհետեւ ցանկացած իրեն կպցրած պիտակ ազդելու է ինստիտուտի գործունեությանը։



- Պիտակներից մեկն «իշխանության թեկնածուն» է։



- Հա, ցանկացած բան... ասենք, վաղը որ ՀԱԿ-ը լինի քաղաքական մեծամասնություն ու առաջադրի ՄԻՊ-ի թեկնածությունը, իշխանության թեկնածուն է, չէ՞, լինելու։ Այսինքն՝ իշխանության թեկնածու լինելը դեռ բավարար չէ, որ ասենք՝ էս մարդը չի կարող աշխատել։



- Նախորդներն է՞լ էին իշխանության թեկնածուն։



- Բոլորը։ Որովհետեւ Սահմանադրությունն է էդպես պահանջել, ընտրվել է էն թեկնածուն, որին որ իշխանությունն է ընտրել։



- Մենք, փաստորեն, մարդու իրավունքների պաշտպանի երեք փորձ ունենք, որոնք իշխանության թեկնածուն են եղել եւ, ըստ էության, չեն արդարացրել իրենց։



- Ու երեք փորձն էլ ցույց է տալիս, որ մենք ի սկզբանե ինչ ասես՝ ասել ենք, պիտակներ ենք կպցրել, վերջում ասել ենք՝ բայց նա հերոս էր։ Չի կարելի էդ ճանապարհով գնալ... հիմա Թաթոյանին պետք է ասենք, որ, ախպեր ջան, մենք քո հետ ենք, գնա եղիր լավ ՄԻՊ։ Դու հենց ընտրվեցիր, Սահմանադրությունը քեզ տոտալ պաշտպանելու է։ Այ, որ չլինի, կարող եք նայել, երբ որ Կարեն Անդրեասյանը վատ ու անորակ զեկույց էր ներկայացրել, ես ոնց եմ քննադատել։ Աշխատել է՝ աջակցել ենք ամեն կերպ, չի աջակցել՝ քննադատել ենք։ Նույնն էլ նոր ՄԻՊ-ի պարագայում է լինելու։ Կարեն Անդրեասյանին քննադատեցի վերջում նաեւ նման կերպ հրաժարվելու համար, որովհետեւ դա ձեւ չէր, դա ՄԻՊ-ի հրաժարվելու ձեւ չէր, հասկանո՞ւմ ես։ Կարա տենց հրաժարվի, ասենք, կադաստրի պետը։ Մարդու իրավունքների պաշտպանն իրավունք չունի նման կերպ հրաժարական տալու։



- Հույս ունեք, որ Թաթոյանը նման ճանապարհով չի գնա եւ նմանօրինակ մարտավարություն չի ընտրի։



- Եթե գնա, առաջին քննադատողը ես կլինեմ։



- Հիմա չի՞ բացառվում, որ կողմ կքվեարկեք նրա թեկնածությանը, եթե, այդուհանդերձ, ստացվի, եւ ներկա գտնվեք քվեարկությանը։



- Հա, չեմ բացառում։ Ես նաեւ մտածում էի՝ չմասնակցեմ քվեարկությանն էն հիմքով, որ ընթացակարգային այլընտրանք թույլ չի տալիս։ Բայց չեմ ուզում դա բարդեմ իմ թեկնածուի վրա, էլի, հասկանո՞ւմ ես։ Իսկ ընթացակարգային խնդիրն էստեղ է, այ, էս շենքում է թաքնված (նկատի ունի Ազգային ժողովը)։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ