ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ-ՀԱԿ` զուգահեռներ եւ ուղղահայացներ

ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ-ՀԱԿ` զուգահեռներ եւ ուղղահայացներ

Գոյության իմաստը կորցրած կուսակցություններին եւ ՀԿ-ներին հավաքելու, մի պարկի մեջ լցնելու այս պրակտիկան մի դրական բան իր մեջ պարունակում է, այնուամենայնիվ: Ամեն անգամ այդպիսի մի հավաքչարարական աշխատանքից հետո քաղաքական դաշտում ինչ-որ մի բան, այդ դաշտի ինչ-որ մի հատված մաքրվում-հստակեցվում է:



Եկեք անզեն աչքով մի հայացք նետենք ԱԺ ՀՀԿ խմբակցությանը: Քիչ է մնում ասես` ո՞ւր է այնտեղ խմբակցություն: Բայց, մյուս կողմից էլ, շնորհակալություն Սերժ Սարգսյանին, որ ոտքի տակ ընկնող տասնյակ կուսխայտառակությունների հավաքել ու լցրել է մի պարկի մեջ, բերանն էլ պինդ փակել, որ դուրս չգան: Նախագահը կորմը տեղն է պահում, սրանք էլ այնպես են սովորել իրենց վիճակին, որ արդեն ներկայանում են որպես զտարյուն ՀՀԿ-ական պատգամավոր: Այս հարցը շատ է ծեծվել, ՀՀԿ-ականներն իրենք դեմ են եղել, բայց, ի վերջո, հաղթել է Սերժ Սարգսյանը, որը կարողացել է համոզել, որ դա համախմբման եւ փողոցի ամբախ-զամբախ խոսակցություններին վերջ տալու ճանապարհ է: Կոպիտ ասած` փողոցում ինչքան քիչ լինեն դհոլները, այնքան լավ:



Նույն գործը, բայց տարբեր նպատակներով արել են նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը: Ընդ որում, եթե առաջինը հավաքագրում էր բացառապես քաղաքական հոբբի ունեցողներին, ապա Ծառուկյանը` ում պատահի. քաղաքական-հասարակական կազմակերպություններից մինչեւ պարկապզուկահարների համույթներ: Տեր-Պետրոսյանը փող չէր տալիս, բայց ում ճանկն էր գցում, վիզն այնպես էր ոլորում, որ այլեւս տեղ չունենան գնալու: Արթուր Բաղդասարյանին հարցրեք, եւ նա ձեզ կպատմի, թե ինչից պրծավ 2008-ին: Ծառուկյանի մաներան մի փոքր այլ էր: Փողը, որ կար, էլ ինչո՞ւ գլուխ ցավեցներ` սրան էս բացատրեր, նրան՝ էն: Մարդն իր առաջ, ենթադրենք, խնդիր էր դնում ԲՀԿ-ին միացնել Շիրակի այսինչ գյուղի կին ազգաբնակչությանը: Մի քանի բժիշկ էին տանում այդ գյուղ, ձրի տնտղում այդ գյուղի կանանց, երեկոյան էլ «Կենտրոնով» ցույց էին տալիս. «Վայ, ապրի Ծառուկյանի արեւը, որ մեզ մանրազնին քընընեց»: Հետո սերմացու, հետո տուկի թել, ու ԲՀԿ-ի շարքերը բարգավաճում էին թվապես:



Այսօր արդեն հավաքչարարության հերթն Արթուր Բաղդասարյանինն է: Չգիտեմ, արժե՞ր այդ կարեւոր գործը նրան հանձնարարել, թե՞ ոչ, բայց եթե հանձնարարել են, ուրեմն մի բան գիտեն: Առաջ չանցնելով՝ մի հիշեցում անեմ Բաղդասարյանին: Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի ձեւավորումից տարիներ անց հայտարարեց, ու ՀՀՇ-ն վերածվել էր գյուղի կլուբի: Պատրա՞ստ է, արդյոք, Արթուր Բաղդասարյանը նույնն ասելու, բայց արդեն ՕԵԿ-ի մասին: Մի պտղունց ազնվության հարց է ընդամենը. կունենա՞ Արթուր Բաղդասարյանն այդ ազնվությունը:



Ես, պարզ ասեմ, չեմ հավատում նրա այն խոսքերին, որ ՕԵԿ-ի պարզած նոր վերտառությամբ դրոշի տակ են հավաքվել 3-4 հազարանոց տասնյակ կուսակցություններ եւ 100-ից ավելի ՀԿ-ներ: Բայց նույնիսկ եթե այս թվաբանությունից բոլոր զրոները հանենք, միեւնույն է, պարզից էլ պարզ է, որ «Հայկական վերածնունդը» պատեհապաշտների հավաքածու է եւ ոչ թե նոր կուսակցություն, ինչպես երդվում են ՕԵԿ-ականները:



Ո՞ւմ համար հասկանալի չէ, որ կուսակցությունը հենց այնպես հնարավոր չէ վերցնել ու սարքել: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ է սարքել` Հայ ազգային կոնգրես կուսակցություն: Սայլին մի կարապ, մի խեցգետին եւ մի գայլաձուկ է կապել եւ ասում է` սայլը տարեք:
Ծառուկյանն այլ կերպ էր մոտենում հարցին: Ինքն էր քաշում կարապով, խեցգետնով եւ գայլաձկով բեռնված սայլը: Եվ բավական էր, որ ասեր` էլ չեմ քաշում:



Արթուր Բաղդասարյանն այն վիճակում չէ, որ գնա կամ Տեր-Պետրոսյանի, կամ Գագիկ Ծառուկյանի ճանապարհով: Բայց բոցաշունչ ելույթներ՝ ազգը փրկելու, երկիրը փոսից հանելու կոչեր, փոշի, թոզ, դուման, լավ է անում:



Ամփոփենք: Այս ամենի մեջ, այո, կա դրական բան, եւ այն պետք է ողջունել: Դա համախմբումն է: Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Արթուր Բաղդասարյանը քաղաքական դաշտի իսկական սանիտարներ են: Ավաղ, նույնը չենք կարող ասել «Նոր Հայաստանի» մասին, թեեւ ցանկալի կլիներ, որ այստեղ էլ նման համախմբում տեղի ունենար` կամ Ժիրոն Րաֆֆիին համախմբեր, կամ Րաֆֆին՝ Ժիրոյին, մանավանդ, որ, ի տարբերություն ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի եւ մանավանդ ՕԵԿ-ի, «Նոր Հայաստանում» գաղափարական սեւեռումներ, այնուամենայնիվ, կան: