Ոլորտը զարգանում է, բայց՝ հրատարակչի, գրողի հաշվին

Ոլորտը զարգանում է, բայց՝ հրատարակչի, գրողի հաշվին

Երեկ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում տեղի ունեցավ դեռեւս 2015թ. հունիսի 4-5-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած ԱՊՀ «Գրքարվեստ» միջազգային 12-րդ մրցույթի մրցանակների հանձնումը, որտեղ Հայաստանը եւս պարգեւատրվել էր մի քանի մրցանակներով։ Միաժամանակ մրցանակներ ստացան նաեւ «Գրքարվեստ» 8-րդ հանրապետական մրցույթի մրցանակակիրները։ 



Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն իր խոսքում նշեց, որ այս միջոցառումը կարեւորում է այնքանով, որ բոլոր հրատարակիչները մի տեղում են հավաքվում, իսկ անցած տարի, մեծամասամբ պայմանավորված Ցեղասպանության 100-ամյակով, մեր հրատարակիչները 12 միջազգային ցուցահանդեսների են մասնակցել, եւ եթե մի քանի տարի առաջ իրենք պոլիգրաֆիական խնդիրներին էին ուշադրություն դարձնում, հիմա ավելի շատ բովանդակայինի վրա են կենտրոնանում։



ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, որը «Գրքարվեստ» միջազգային մրցույթի ժյուրիի կազմում է եղել, նշեց, որ մրցույթին մասնակցել է 9 երկիր՝ սեփական հրատարակիչներով, իսկ ներկայացված է եղել տարբեր բնույթի 120 գիրք։ Միլիտոնյանը նշեց, որ ԱՊՀ տարածքում հրատարակված գրքերի մրցույթում մեր գրքերն իրենց որակով չեն զիջել, եւ այս մրցույթում Հայաստանը տարբեր տարիներին տարբեր մրցանակներ է ստացել, այս տարի «Արտ գիրք» անվանակարգում 1-ին կարգի դիպլոմի է արժանացել «Հայկական հուշարձանները՝ կերպարվեստում» գիրքը («Առեդիտ» ՍՊԸ), «Մշակույթների երկխոսություն» անվանակարգում 1-ին կարգի դիպլոմի է արժանացել «Չտեսնված Ֆրունզիկը» գիրքը («Անտարես» հրատարակչություն)։ «Տպագրված է համագործակցությունում» անվանակարգում 2-րդ կարգի դիպլոմ է տրվել Ա. Թութունջյանի «Ջազը՝ Հայաստանում» ալբոմին («Անտարես» հրատարակչություն)։ Ընդհանուր առմամբ, 9 անվանակարգերում տարբեր դիպլոմներ են ստացել մի շարք հրատարակչություններ եւ գրքեր, իսկ «Գրանպրի» անվանակարգում նոմինանտի դիպլոմի է արժանացել Ս. Հովհաննիսյանի «Արարատ» ալբոմը («Նահապետ» ՍՊԸ)։



Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ, «Էդիտ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանից հետաքրքրվեցինք` այսօր հրատարակիչներից բացի, բոլորը միաբերան նշում են, որ գրահրատարակչական գործը ծաղկել է, ինքը, որպես ոլորտի մասնագետ, ինչպե՞ս կգնահատի վիճակը։ Կարապետյանը նշեց, որ վերջին տարիներին բավականին աճել է հրատարակչական եւ տպագրական գործը, բայց կցանկանար, որ ավելի շատ ուշադրություն դարձվեր բովանդակության վրա, որպեսզի ոգեւորվեին նաեւ մեր գրողները։ Նա հիշեց, որ 96թ.-ին, երբ առաջին անգամ եղավ Բեռլինում՝ գրքի ցուցահանդեսի, ուզում էր այս գործը թողնել, որովհետեւ սովետական երկիրը քանդվել էր, երկրի վիճակն էլ շատ վատ էր, բայց 5-10 տարի հետո գրահրատարակչությունն սկսեց զարգանալ մեզ մոտ, եւ վերջին տարիներին արդեն տարբեր մեծ ու փոքր ցուցահանդեսներին առանց ամաչելու է ներկայացրել մեր գրքերը։ «Շատ լավ կլիներ, որ գրքին մի քիչ ավելի շատ ուշադրություն դարձվեր ոչ միայն մշակույթի նախարարության կողմից, այլ նաեւ կրթության նախարարության կողմից, եւ, ընդհանրապես, պետական մոտեցում պետք է ցուցաբերվի այս գործին»։



Հրատարակիչը նշում է, որ կա պետական մոտեցում, բայց այն ձեւով չէ, ինչպես կցանկանային։ Թե ինչ նկատի ունի այդ ցանկալիի տակ, ապա, ըստ Կարապետյանի, այստեղ հարցը միայն գումարը չէ, եւ արդեն բյուջեով նախատեսված գումարներով կարելի է գրքերի որոշակի քանակ ձեռք բերել նաեւ գրադարանների համար, որովհետեւ եթե ուզում ենք ոլորտը զարգանա, գիրքը պետք է հասնի ժողովրդին. «Գրախանութների ցանցը մեզ մոտ վատ է զարգացած, մարդկանց սոցիալական վիճակը, գնողունակությունը ցածր է, բայց մեր ժողովուրդն իրոք ուզում է կարդալ, իսկ մեր գրադարաններում ժամանակակից այս լավագույն գրքերը չկան։ Մենք ունենք 1400 դպրոց եւ մոտ 900 կամ հազար համայնքային գրադարան, որտեղ այս գրքերի մեծ մասը չի հասնում։ Շատ լավ կլիներ, որ պետությունն այն գումարները, որ նախատեսում է, այս գրքերը գոնե գրադարանների համար գնեին, դրանից նաեւ գրքերի տպաքանակները կավելանային, ու եթե հիմա տպագրվում է 300-500 օրինակ, տպաքանակը կդառնար մինիմում 2 հազար 500, եւ դրանից արդեն գրողներն էլ կոգեւորվեն, նորմալ հոնորար կստանան՝ ավելի հանգիստ կաշխատեն, հրատարակիչն էլ փող կունենա, կսկսի նոր գրքեր հրատարակել, եւ իսկապես նպատակին կծառայեր։ Էլի ասում ենք, որ ոլորտը զարգանում է, բայց հիմա դա հրատարակչի, գրողի հաշվին է, բայց շատ լավ կլիներ, որ դա մեր հաշվին չարվեր եւ գոնե մի քիչ օգուտ տար»։



Այսօր շատերն են ասում, որ գրահրատարակչական ոլորտը 2-3 խոշոր հրատարակիչների ձեռքում է, այդպե՞ս է արդյոք, եւ ինչքանո՞վ է դա վնասում ոլորտի կայացմանը, զարգացմանը։ «Մի քանի մեծ հրատարակչությունները, այո, մատների վրա կարելի է հաշվել, բայց ոչ մեկը ոչ մեկին չի խանգարում, սա ազատ շուկա է, ոչ մի ճնշում փոքր հրատարակչությունների հանդեպ գոյություն չունի։ Գրքերը եւ գրողներն այնքան շատ են, եթե մեկը Օ՛Հենրի է թարգմանում, դու կարող ես Հեմինգուեյ տպել, եթե հրատարակչություններից մեկը ժամանակակից գրողներից մեկի հետ է պայմանագիր կնքում, դու մեկ ուրիշի հետ ես կնքում։ Այսինքն՝ այս ամեն ինչն արդեն հրատարակչից է կախված, թե գովազդն ինչ ձեւ է կազմակերպում։ Օրինակ՝ գովազդն ամենից լավ «Անտարես» հրատարակչությունն է կազմակերպում, ես հո չե՞մ ասում ինչու է այդպես... ես էլ մանկական գրքեր եմ ավելի լավ հրատարակում։ Այսինքն՝ այնպես չէ, որ մեկը ոլորտն իր ձեռքն է վերցրել ու չի թողնում մյուսն ինչ-որ բան անի։ Սա իրոք ազատ շուկա է, եւ ճնշելու խնդիր չկա, ես նույնիսկ ինձ մոտ եկած բոլոր փոքր հրատարակչություններին խորհուրդ եմ տալիս՝ իմաստ ունի՞ այդ գիրքը տպել, թե՞ ոչ։ Մի խոսքով, կոնստրուկտիվ մոտեցում է, իսկ կոնկուրենցիան մի քիչ հարաբերական է»։