Փայտե հատակը տարել են, պատերը քանդել, պատուհանները հանել, բայց շենքին վտանգ չի սպառնում

Փայտե հատակը տարել են, պատերը քանդել, պատուհանները հանել, բայց շենքին վտանգ չի սպառնում

Մարտի 1-ին Beeline ընկերությունը հրշեջ կայանի շենքի ֆասադից հեռացրեց իր մեծածավալ պաստառը։ Այդ մասին առաջինն իր ֆեյսբուքյան էջում հայտարարությամբ հանդես եկավ ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, մասնավորապես նշելով. «Այս թեմայով շահարկումներին մեկընդմիշտ վերջ տալու նպատակով ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ այս որոշումը կայացվել է ի պատասխան մեր բաժանորդների բազմաթիվ խնդրանքների»: Նա իր խոսքում նշել էր, որ Beeline-ի եւ Հայաստանի հեռախոսակապի պատմություններն այնքան կապված են իրար հետ, որ կարելի է ասել՝ «Beeline-ը բնիկ երեւանցի է»: Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ մինչեւ մարտի 3-ը ժամանակ էին տվել եւ պահանջում էին հեռացնել Beeline ընկերության` հրշեջների շենքի վրա փակցված գովազդային պաստառը, քանի որ այն տեղադրված է պետության կողմից պահպանվող հուշարձան-շենքի ճակատին եւ հնարավորություն է տալիս քողարկել շենքի հնարավոր քանդման ապօրինի գործընթացը։ Բայց երեկ պաստառն ապամոնտաժելուց հետո շենքի ներսում սկսվեցին պատուհանների փեղկերի հեռացման աշխատանքներ կատարվել, ինչն իր հերթին կրկին աղմուկ եւ անհանգստության ալիք բարձրացրեց, հատկապես որ այդ պահի դրությամբ ոչ քաղաքապետարանը եւ ոչ էլ մշակույթի նախարարությունը տեղյակ չէին, թե ինչ շինարարական անցուդարձ է կատարվում շենքի ներսում։ 



Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը տեղյակ էր պաստառը հանելու գործընթացից եւ այդ պահին ներկա է եղել այնտեղ։ Դրանից հետո, երբ իրեն ահազանգել են, որ շենքի պատուհաններն են քանդում, ինքը կրկին վերադարձել է եւ զանգահարել շենքի սեփականատիրոջը՝ «Լոկալ Դիվելոփրզ» ընկերության տնօրեն Սամվել Մայրապետյանին, որն իրավիճակն այսպես է պարզաբանել. «Նա այսպես բացատրեց, որ գոյություն ունեցող պատուհանները, որ հանված էին ու շենքի ներսում դրված, ուզում էին անվտանգությունից ելնելով՝ նորից դնել, որովհետեւ եթե նկատել են, նոր ապակիներ էին բերում ու դնում, բայց ես տեսա, որ այդ պատուհանները շատ վատ վիճակում են եւ ավելի կվատացնեն այդ վիճակը, դրա համար նորից զանգահարեցի սեփականատիրոջը, ասացի, որ այս տարբերակն ընդունելի չեմ համարում, որովհետեւ շատ փնթի ձեւով են դնում, ու տեսքն ավելի վատանում է։ Ասացի՝ դադարեցրեք դա, մի արեք»։ Այվազյանը հավելեց, որ Մայրապետյանն էլ իր հերթին իրենից խորհուրդ է հարցրել, թե ինչպես վարվեն, եւ ինքն առաջարկել է, որ ավելի լավ կլինի «գիպսակարդոնով» խուլ փակել, քան այն, ինչ անում են, միաժամանակ առաջարկելով չշտապել եւ այլ մասնագետների հետ նույնպես խորհրդակցել՝ հասկանալու համար, թե որ տարբերակն է ավելի նպատակահարմար շենքի հարցում։



Թե ինչու է պահպանվող հուշարձան-շենքի ներսն այդքան ավերված վիճակում, ապա Կարո Այվազյանը դա նկատել է դեռ շենքը սեփականաշնորհելու ժամանակ եւ բարձրաձայնել դա սեփականատիրոջը, որի խոսքերով, շենքը հայտնվել է այդ վիճակում հրշեջների դուրս գալու, տեղափոխման ժամանակ. «Քանի որ ծածկերը բետոնից են, ոչ թե փայտից, ուղղակի հատակի վերին շերտն են հանել, չնայած էլի չէր կարելի դա անել, թող մնար, չէր խանգարում, բայց դրանով հուշարձանն այդքան չի վտանգվում, որովհետեւ, միեւնույն է, եթե շինարարություն իրականացներ այդտեղ, այդ հատակները պետք է փոխվեին, պատուհանները վերականգնվեին»։



Ստացվում է՝ հատակի փայտե շերտը հրշեջ ջոկա՞տն է հանել-տարել։ «Իր ասելով, ես իր ասածն եմ ասում, ես այդ հարցը բարձրաձայնեցի իր մոտ եւ ասացի՝ քանի որ դու ես արդեն տերը, այնտեղ որեւէ աշխատանք չպետք է լինի, եւ դու պետք է պահակություն հաստատես։ Դա այն ժամանակ էր, երբ դեռ ավտոմեքենաներն այնտեղ չկային, հիմա այդ ավտոմեքենաները ով որ նայում է, համ էլ պահակություն է անում այդ շենքին»։
Ինչ վերաբերում է հարցին, որ շենքը դրսից եւ ներսից՝ գոնե ամբողջ առաջին հարկը, ավտոմեքենաների կայանատեղի է դարձել, ապա սեփականատերը տեղյակ է, եւ, ըստ Այվազյանի, դրանից շենքի գործառույթը չի փոխվել, եւ որեւէ վտանգ չի սպառնում հուշարձանին․ ինչպես նախկինում էին կանգնած հրշեջ մեքենաներ, հիմա էլ կանգնած են ավտոմեքենաներ։



Այն դիտարկմանը, որ շենքի ներսում պատեր կան, որոնք մեծ մասով քանդված են, ապա դրանք նույնպես տեսել է։ Ըստ Այվազյանի, հիմնական պատերին ձեռք չի տրվել, միջնորմ պատեր են միայն քանդվել։ Նա շարունակում էր վստահեցնել, որ հուշարձանը դրանով չի վտանգվել եւ հետագա վերակառուցմանը չի խոչընդոտի. «Էլի եմ ասում, ես իրեն ասացի, որ ոչ մի գործողություն ներսում չարվի, ինքն ասաց, որ դրանք հրշեջները դուրս գալուց են արել, ինչը ցավալի է»։



Այն դիտարկմանը, որ այդպես կիսաքանդ, դուռ ու լուսամուտը բաց վիճակում ինչքանո՞վ կարելի է պնդել, որ շենքին վտանգ չի սպառնա, ապա. «Եթե տասնյակ տարիներ այդպես թողնեն, պարզ է, որ վտանգ կսպառնա, բնակիչների մտահոգությունը ես հասկանում եմ, ամեն դեպքում լավ են անում, որ բարձրաձայնում են խնդիրը, որովհետեւ զգոն է մնում սեփականատերը»։



Կարո Այվազյանը Սամվել Մայրապետյանի հետ խոսել է նաեւ նախագծի մասին, ասելով, որ այն հնարավորինս շուտ անեն եւ շուտ վերականգնեն շենքը, բայց քանի որ դեռ դատական պրոցեսի մեջ է ընկերությունը, ապա այն ավարտելուց հետո միայն կկարողանա պատվիրել նախագիծ։ «Ես իրեն մի բան եմ ասել, որ բոլոր հուշարձան-շենքերը պետք է պահպանել, դա օրենք է՝ ուզում ես, թե չես ուզում։ Բացի դրանից, կառավարության որոշման մեջ գրված է, որ շենքը պետք է պահպանվի։ Ինքը կարդացել է, չէ՞, դա, որ վերցրել է, եւ գիտի, որ հուշարձանը պետք է պահպանել»։ Այն դիտարկմանը, որ մեր երկրում պրակտիկան այլ բան է հուշում, եւ գործարարները շատ հանգիստ շրջանցում են եւ օրենք, եւ որոշում, Կարո Այվազյանը հասկանում է այդ մտահոգությունը, բայց խորհուրդ է տալիս լինել մի քիչ լավատես եւ, որպես դրական փորձ, օրինակ է բերում նույն Մայրապետյանի կողմից վերականգնված Պուշկինի 6 շենքը՝ իր նկուղներով հանդերձ։