Մրցանակն ստանում են, հետո ասում են՝ էդ մրցանակն ի՞նչ է տալիս որ

Մրցանակն ստանում են, հետո ասում են՝ էդ մրցանակն ի՞նչ է տալիս որ

Սփյուռքի նախարարության եւ Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպվող «Համահայկական մրցանակաբաշխություն-2016»-ին ներկայացված անվանակարգերից մեկն այս տարի լինելու է «Գրական մրցանակաբաշխություն-21-րդ դար»-ը, որի հետ կապված մի շարք մանրամասներ երեկ ներկայացրեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Մասնավորապես, նախորդ տարիների համեմատ այս տարի որոշակի փոխվել է ձեւաչափը․ եթե նախորդ տարիներին մրցանակաբաշխությունն ուղղված էր հիմնականում արձակի զարգացմանը, այս տարի կազմակերպիչները ցանկացել են ընդլայնել մրցանակաբաշխության ժանրային սահմանները եւ ընդգրկել պոեզիա, դրամատուրգիա, մանկապատանեկան, նաեւ երիտասարդական գրականություն։



«Մրցույթին ներկայացված երկերը գնահատվելու են գեղարվեստական մակարդակի, հարցադրումների եւ թեմաների այժմեականության եւ ինքնատիպության, ինչպես նաեւ խոհափիլիսոփայական եւ հոգեւոր արժեհամակարգի տեսանկյունից»,-ասաց Միլիտոնյանն ու հավելեց, որ այս տարի մրցանակաբաշխությունը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին։ 



Բոլոր տեքստերը պետք է լինեն անտիպ եւ ներկայացվեն ծածկանունով։ Ինչ վերաբերում է մրցանակներին, ապա արձակ, պոեզիա, դրամատուրգիա, մանկապատանեկան գրականություն ժանրերի համար նախատեսված են 3-ական մրցանակներ, երիտասարդականի համար՝ 2-ական։ Բացառված չէ, որ հանձնաժողովները քննարկումների ժամանակ որոշակի փոփոխություններ մտցնեն, ինչպես եղել է նախորդ մրցանակաբաշխությունների ժամանակ։ Գրական մրցանակների ընդհանուր ֆոնդն այս տարի կազմում է 7 մլն. դրամ, որից արձակին՝ 1 մլն. 850 հազար դրամ, պոեզիային՝ նույնքան, դրամատուրգիային՝ 985 հազար դրամ, մանկապատանեկան գրականությանը՝ 975 հազար, երիտասարդական մրցանակներին՝ 600 հազար դրամ։



«Հաճախ կարող եք լսել՝ մրցանակաբաշխությունները հարկավո՞ր են, թե՞ հարկավոր չեն, եւ զարմանալի է, որ խոսում են մարդիկ, որոնք մրցանակներ են ստացել։ Մրցանակն ստանում են, հետո ասում են՝ էդ մրցանակն ի՞նչ է տալիս որ։ Այդ ժամանակ ուզում ես ասել՝ բա որ դա գիտեիր, ինչո՞ւ ես դիմել մրցանակի»։ Ի պատասխան սրահից հնչած ռեպլիկին, թե նման մարդի՞կ էլ կան, ՀԳՄ նախագահը նշեց, որ այդպիսիք էլ կան, վերեւից են նայում այդ մրցանակներին, բայցեւայնպես, խորհուրդ տվեց հումորով վերաբերվել, որովհետեւ մրցանակները, ըստ նրա, ոչ միայն գրողներին են հարկավոր, այլեւ ընթերցողներին, որպեսզի ճանաչեն, իմանան նոր լույս տեսած գրքերի մասին։



ՀԳՄ նախագահը մրցանակաբաշխությունների մեջ գրողների ընդգրկվածության ընդլայնումը շատ է կարեւորում՝ միաժամանակ անկեղծանալով. «Հաճախ գրողներն էլ են արտահայտվում, որ մրցանակները մի քանի հոգի են ստանում, բայց ձեզ ասեմ, որ վերջին տարիներին մեր լավագույն գործերը եւ հեղինակներն ստացել են տարբեր մրցանակներ»։
«Գրական մրցանակաբաշխություն-21-րդ դար»-ին կարող են մասնակցել գրողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից եւ Արցախից։ Հայտերն ընդունվելու են սեպտեմբերի 1-30-ը, իսկ արդյունքներն ամփոփվելու են հոկտեմբերին։ Ի դեպ, կա նաեւ ծավալի խնդիր, օրինակ՝ արձակում ներկայացված գործերը պետք է լինեն առնվազն 80, երիտասարդական արձակի դեպքում՝ առնվազն 30 էջ։ Ուզում եք վեպ գրեք, ուզում եք՝ պատմվածք, ընտրությունը լինելու է գրողներինը։ Միլիտոնյանը նշեց, որ գործերը թե նախագահությունում են քննարկվելու, թե հանձնաժողովում։



Քանի որ մրցանակաբաշխության անվանակարգերը շատացել են, ավելացել է նաեւ մրցութային հանձնաժողովի անդամների քանակը. 7 հոգանոց հանձնաժողովն այս տարի կընդարձակվի։



Գրական բոլոր ժանրերն ընդհանուր հանձնաժողո՞վն է քննարկելու, թե՞ տարբեր ժանրերի համար առանձին հանձնաժողով է գործելու։ Ըստ Միլիտոնյանի, լինելու է մեկ հանձնաժողով, որում ընդգրկված են լինելու ոլորտի տարբեր մասնագետներ։ Գրողներից մեկի դիտարկմանը, թե այնքան էլ ճիշտ չէ, որ, օրինակ, մանկագիրը հասուն արձակ գնահատի, եւ ճիշտ կլիներ, որ յուրաքանչյուր ժանրի համար լինեին փոքր հանձնաժողովներ՝ տվյալ ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած, Միլիտոնյանը նկատեց. «Հիմնականում գրականագետներ են լինում, դուք գրողներին այդքան էլ չեք վստահում, ես գիտեմ՝ պոետները երբ չեն ստանում, ասում են՝ հանձնաժողովի պոետը նախանձեց, երբ որ արձակագիրը չի ստանում, ասում են՝ հանձնաժողովի այդ արձակագիրն ո՞վ էր, որ ինձ պիտի գնահատեր։ Այդ բաները մենք շատ լավ գիտենք, թե սկզբից ոնց են մտածում, հետո վերջում ոնց են մտածում»։



Մրցանակաբաշխությունից բացի, հունիս ամսին նախատեսված է նաեւ Համահայկական գրական խորհրդակցություն, որին հրավիրվելու են սփյուռքահայ եւ օտարագիր հայ գրողներ։