«Cosmopolitan Հայաստան» ամսագիրն այլեւս չի տպագրվում

«Cosmopolitan Հայաստան» ամսագիրն այլեւս չի տպագրվում

Այս տարվանից սկսած՝ «Cosmopolitan Հայաստան» ամսագիրն այլեւս չի տպագրվում Հայաստանում։ Չի գործում նաեւ ամսագրի կայքը։ Գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանի խոսքով, փակվելու պատճառը բացառապես այսօրվա շուկայի հետ է կապված. «Cosmopolitan-ը միշտ ամենասիրված ամսագիրն է եղել, դա ասում եմ ոչ թե օդից, այլ հստակ թվեր կան՝ ամենաշատ վաճառվող ամսագիրը, ամենաշատ այցելություն ունեցող կայքն ամսագրերի մեջ, մեր բոլոր միջոցառումներն իսկապես անցել են բավականին մեծ հաջողությամբ։ Այս իմաստով մենք ոչ մի խնդիր չենք ունեցել, ու չնայած արդեն 2 ամիս է՝ Cosmopolitan-ը չկա, բայց մեր ֆեյսբուքյան էջի լայքերը դեռ շարունակում են ավելանալ։ Խնդիրն այն է, որ Cosmopolitan-ը պարզապես լոկալ ամսագիր չէ, Cosmopolitan-ը միջազգային ամսագիր է, որն ունի հստակ եւ բավականին մեծ ծախսեր, իսկ շուկան այսօր բավականին փոքր է, եւ քանի որ 2015-ի վերջին մեր պայմանագիրը մոտենում էր ավարտին, որոշվեց այն այլեւս չերկարացնել»։ 



Հետաքրքրվեցինք՝ շուկա ասելով, հենց գովազդատուների խնդի՞րը նկատի ունի։ «Իհարկե, այսօր շատ մեծ ընկերություններ ուղղակի հեռացել են Հայաստանից, շատ ընկերություններ, որոնք մյուս կոսմոներում գովազդ ունեն, հետաքրքրված չեն Հայաստանում գովազդ ունենալու համար։ Պիտի նշեմ, որ խնդիրը միայն Հայաստանում չէ, Ադրբեջանի Cosmopolitan-ը, նաեւ Սինգապուրինը, Էստոնիայինը եւս փակվել են»։ Այդ երկրներում է՞լ են տնտեսական ճգնաժամի հետեւանքով փակվել. ամսագրի խմբագիրը հստակ տեղեկացված չէ պատճառների մասին, որովհետեւ դա բավականին փակ ինֆորմացիա է։



Չնայած Cosmopolitan-ը Հայաստանում տպագրվում էր 5 հազար օրինակով, որի կեսից ավելին վաճառվում էր, բայց, Հրաչուհի Ութմազյանի համոզմամբ, անհնար է տպաքանակով հոգալ ամսագրի ծախսերը. «Մենք ունեինք «VTB Cosmopolitan» քարտը, եւ այն դեռ գործում է, քարտապանները կարող են դեռ դրանցով օգտվել, բայց խնդիրը նրանում է, որ որեւէ ամսագիր, եւ դա ցանկացած երկրում, ինչքան էլ բարձր վաճառքներ ունենա, երբեւէ չի կարող ինքն իրեն պահել։ Դա կարող է ինչ-որ ձեւով փակել ծախսի որոշակի մասը, բայց ամբողջական՝ չի կարող, իսկ մենք ունենք բավականին մեծ թիմ եւ լիցենզավորում, ուղղակի լոկալ ամսագիր չենք, դրա համար որոշեցինք այլեւս չերկարաձգել պայմանագիրը»։



Հրաչուհի Ութմազյանը չի բացառում, որ մի օր գուցե Cosmopolitan-ը վերսկսի տպագրվել Հայաստանում․ «Երբեք մի ասա երբեք, ոչ կարող եմ ասել՝ այո, ոչ էլ կարող եմ ասել՝ ոչ»։ Նա նշում է, որ Cosmopolitan-ն ամենաբարձր վարձատրող ամսագիրն էր դաշտում, բայց փակագծերը չի բացում, թե ինչքան են վճարել։



Ինչ վերաբերում է իր գործունեությանը, մասնավորապես՝ հայաստանյան այլ ամսագրերից առաջարկներ ստացե՞լ է, քանի որ 5 տարի հաջող խմբագրել է ամսագիրը, ապա. «Տեղական ամսագրերի շուկան շատ փոքր է, բոլորն արդեն ունեն իրենց թիմերը, եւ, կարծում եմ, ինձ համար էլ դժվար կլինի իմ ամսագրից եւ իմ միջազգային որակավորումից անցնել ուրիշ բանի։ Ամսագրերն ինքնին շատ չեն շուկայում։ Այնպես չէ, որ հիմա ինձ մոտ հանգիստ է, ես տարբեր տեսակի համերգներ ունեմ, որոշակի ծրագրեր եմ իրականացնում, դաս եմ տալիս, բայց հիմա ինձ այս թեթեւ գրաֆիկը հաճելի է, երբեմն պետք է դատարկվես լիովին, որպեսզի նորից լցվես»։