Անահիտ Թարխանյանը «Զվարթնոցի» նոր նախագիծ կներկայացնի

Անահիտ Թարխանյանը «Զվարթնոցի» նոր նախագիծ կներկայացնի

«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը երեկ բաց նամակ էր հղել նախագահ Սերժ Սարգսյանին եւ արգենտինահայ գործարար, օդանավակայանի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանին, մասնավորապես նշելով. «Մենք` Հայաստանի ճարտարապետներս ու մտավորականության ներկայացուցիչներս, օրերս տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետարանը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013-ի դեկտեմբերի 26-ի նիստում վավերացրած որոշումը, որով հաստատվել էր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի հեռանկարային զարգացման աղմկահարույց ծրագիրը, ի հեճուկս հանրային ու մասնագիտական բազմաթիվ բողոքարկումների եւ ուղղորդվելով օդանավակայանի շինության իբր համատարած վթարայնության ու սեյսմաանկայունության փորձագիտական ուռճացված եզրակացություններով, 2015-ի տարեվերջին պաշտոնապես թույլատրել է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ներքին տրանսպորտային ուղետարի ապամոնտաժման աշխատանքների մեկնարկը, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն էլ հացկատակի ջանասիրությամբ ու պաշտոնապես սույն թվականի փետրվարի 26-ին արդեն իսկ հայտարարել է քանդման աշխատանքների իրականացման մրցույթ՝ ձեռքի տակ չունենալով օդանավակայանի ընդարձակման քննարկված եւ հաստատված պատշաճ նախագիծ»: 



Ժամեր անց ՔԱԳՎ մամլո ծառայությունը պարզաբանում տարածեց, նշելով. «Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը մարտի 14-ին հանդես է եկել բաց նամակով, որում նշել է, որ ս.թ. փետրվարի 26-ին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ներքին տրանսպորտային ուղետարի ապամոնտաժման աշխատանքների իրականացման մրցույթ է հայտարարել: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնում է, որ ոչ միայն նման քայլ չի ձեռնարկել, այլ, ավելին՝ տիկին Թարխանյանի նշած հարցը ՔԱԳՎ գործառույթների մաս չի կազմում»։



Մենք կապվեցինք Անահիտ Թարխանյանի հետ՝ պարզելու, թե որն է խնդիրը, հատկապես ՔԱԳՎ-ի պարզաբանման հետ կապված։ Ճարտարապետը նշեց, որ իր համար տարօրինակ է ստեղծված իրավիճակը, քանի որ մրցույթը հայտարարվել է, եւ դրա մասին տպվել է «Հայաստանի Հանրապետություն» թերթում։ Նա անձամբ մրցույթի մասին տեղեկացել է իր գործընկեր, ճարտարապետ Սաշուր Քալաշյանից, որը պահել է թերթի պատճենը. «Փետրվարի 26-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթում Քաղավիացիան շատ մեծ հայտարարություն է տպագրել, որտեղ կետ առ կետ տալիս է, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել շինարարական տենդերին մասնակցելու համար՝ կլոր էստակադան ապամոնտաժելու համար»։ Թարխանյանը նշեց, որ մոտակա օրերին պատրաստվում է ներկայացնել նախագիծ՝ իր բոլոր գծագրերով, որի հիմքում ընկած է իր հոր մոտեցումն օդանավակայանի վերաբերյալ. «Այդ դեպքում մենք ունենում ենք 2 տերմինալ։ Դուք գիտեք, որ աշխարհում տարբեր օդանավակայաններ ունենում են մինչեւ տասը տերմինալ, որոնցից ամեն մեկն ինքնուրույն աշխատում է։ Ըստ իմ նախագծի, որի հիմքում ընկած է հայրիկիս պատկերացումն օդանավակայանի մասին, կունենանք լիարժեք 2 օդանավակայան, մեկը կլինի մասնավորը, մյուսը՝ պետականը, որոնք կարող են աշխատել եւ շատ լավ սպասարկել հայ ժողովրդին՝ առանց մեծ ներդրումային աշխատանքների»։