Ռուսները փչացրին Ալիեւին

Ռուսները փչացրին Ալիեւին

Մի շաբաթ հայրենական մամուլը եւ քաղաքագիտական շրջանակները փոթորկած ոչ այնքան հայտնի, ոչ այնքան անհայտ Խրամչիխինը նույն ոգով եւ ոճով գրել է ադրբեջանական բանակի մասին՝ տեղեկություններ հրապարակելով նաեւ Նախիջեւանի բանակային կորպուսի մասին, որն, ինչպես որոշ փորձագետներ են ենթադրում, Իլհամ Ալիեւի ՛՛անձնական գվարդիայի՛՛ ոչ ֆորմալ կարգավիճակ ունի այն դեպքի համար, եթե բանակը փորձի Բաքվում հեղաշրջում իրականացնել:



Դա, թերեւս, կարելի է համարել ՛՛պարիտետը պահելու՛՛ հերթական դրսեւորում, բայց այն, ինչ տեղ է գտել regnum-ի մեկնաբանի վերլուծականում, շատ ավելին է, քան՝ դիվանագիտական նրբասացություն: Անդրադառնալով մարտի 15-ին Ալիեւի Անկարա կատարած այցին, ռուսաստանցի մեկնաբանը, ներկայացնելով որպես անձնական ենթադրություն, գրել է. ՛՛Մեր վարկածով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարող էր իր թուրք գործընկերոջը փոխանցել ինչ-որ ուղերձ Մոսկվայից, եթե հիշենք, որ նախօրեին նա հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ՛՛: (http://regnum.ru/news/polit/2098656.html)



Ասվածը կարելի էր համարել ենթադրություն, քաղաքական մեկնաբաններն, իրոք, նման գայթակղություն հաճախ են ունենում, բայց հեղինակն իր մանվածապատ ասելիքն ավարտել է այսպիսի ընդհանրացմամբ. ՛՛Մեզ թվում է, ձեւավորվում է այլ իրավիճակ եւ մոտակա ժամանակներս պետք է Անկարայից եւ Մոսկվայից սպասել փոխադարձ դրական ազդանշանների: Եթե դա տեղի ունենա, ապա կնշանակի, որ Ադրբեջանի նախագահը Անկարա այցի ընթացքում ցուցաբերել է դիվանագիտական վարպետություն, այլ ոչ թե հակում արկածախնդրությանը, որը սպառնալիքի տակ է դնում Ադրբեջանի անվտանգությունը եւ ազգային շահերը՛՛:



Եթե փորձենք վերծանել, ապա կհասկացվի, որ Իլհամ Ալիեւը ոչ թե հերոսություն է ցուցաբերել, երբ, ինչպես նրան սպասարկու ադրբեջանական մամուլն է գրել, ՛՛դեռեւս արյուն ծորող վերքերով՛՛ Անկարա է ուղեւորվել, այլ պարզապես կատարել է Ռուսաստանի նախագահի հատուկ հանձնարարությունը եւ ՛՛ինչ-որ ուղերձ՛՛ հասցրել Էրդողանին:
Ի՞նչ ուղերձ կարող էր լինել դա, հավանաբար պարզ կդառնա մոտ ապագայում: Բայց որ Ալիեւի կողմից հանձնարարությունը դիվանագիտական վարպետությամբ չկատարվելու դեպքում Ադրբեջանի անվտանգության համար կարող էին առաջ գալ սպառնալիքներ՝ դրանով ամեն ինչ է ասված:



Թուրքիան հերթական անգամ պարտադրվում է ընտրություն կատարելիս հաշվի առնել Ադրբեջանի անվտանգության եւ ազգային շահերի գործոնը: Իսկ դրանք, ինչպես պարզ է դառնում regnum-ի ամենեւին էլ ոչ պատահական հրապարակումից, տնօրինում է Ռուսաստանը:



Այսպիսով, գործ ունենք դիվանագիտական բազմաքայլ խաղի հետ, որի նպատակը, թերեւս, ռուս-թուրքական հերթական մերձեցումն է: Քանի որ կողմերը, կարծես, եկել են համոզման, որ առանձին-առանձին չեն կարող մեծ դերակատար լինել, իսկ առճակատումը ձեռնտու է նրանց, ովքեր Մերձավոր Արեւելքի եւ Սեւ-Կասպից ծովերի տարածաշրջանում հավասարապես մերժելի են տեսնում Թուրքիայի եւ Ռուսաստանի ազդեցությունը:
Այս դեպքում Թուրքիային եւ Ռուսաստանին մնում է վերստին համատեղել հնարավորությունները: Թուրքիային եւ Ռուսաստանին տարանջատելու ծրագրում մեծ դերակատարություն էր վերապահված Ադրբեջանին: Դրանով է բացատրվում Եվրամիության էներգետիկ խաղն Ադրբեջանի հետ: Regnum-ը նրբորեն բացահատեց, որ Ալիեւը եղել եւ մնում է Պուտինի գործակալը: Գնդակը Եվրամիության դաշտում է…



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ