Հայաստանում օգտագործվող ինտելեկտուալ արժեքների 95 տոկոսը գողացված է

Հայաստանում օգտագործվող ինտելեկտուալ արժեքների 95 տոկոսը գողացված է

Նախօրեին «Անտարես» հրատարակչության ղեկավար, Հայաստանի գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը LOFT-ում բաց դասախոսությամբ հանդես եկավ՝ խոսելով մեր երկրում հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների, ինչպես նաեւ Հայաստանում հեղինակային իրավունքների ձեռքբերման, դրանց պահպանման, հայտնի եւ անհայտ հեղինակային վեճերի մասին։



Մարտիրոսյանն իր խոսքում նախ նշեց, որ այսօր հայաստանցին այնքան ծանր սոցիալական վիճակում է գտնվում, որ նրա համար շատ դժվար է գնալ եւ գնել այն գրքերը, ֆիլմերը, երաժշտությունը, որոնք նա ուզում է լսել, կարդալ. «Բայց քանի դեռ մենք գողանում ենք, իսկ մենք գողանում ենք... ՄԱԿ-ի հետազոտություններով, Հայաստանում օգտագործվող բոլոր ինտելեկտուալ արժեքների 95 տոկոսը գողացված է։ Փաստորեն, մենք գողերի պետություն ենք, բայց այնպես չէ, որ միայն մեր երկրում է այդպես, Ռուսաստանում էլ դա մոտավորապես 98-99 տոկոս է կազմում։ Ամեն դեպքում, հետխորհրդային երկրներում դա այդպես է։ Իրանում, օրինակ, էլի այդպես է, բայց Իրանի օրենքներում չկա հեղինակային իրավունքի գաղափար, Իրանում ինչ ուզում ես՝ հրատարակի, նրանք չեն միացել Բեռնի կոնվենցիային, նրանք չունեն այդպիսի օրենք։ Չինաստանը չուներ երկար տարիներ, վերջին տարիներին են ընդունել, այն էլ՝ մեծ սահմանափակումներով, մնացած աշխարհը, այդ թվում՝ մենք, 2000թ.-ից միացել ենք Բեռնի կոնվենցիային, որով այս իրավահարաբերությունները կարգավորվում են»։



Հեղինակային իրավունքն այսօր Հայաստանում կարգավորվում է «Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով, որոշ հատվածներ կարգավորվում են Քաղաքացիական եւ որոշ հատվածներ էլ՝ Քրեական օրենսգրքով։ Օրինակ, Քրեական օրենսգրքում հեղինակային իրավունքի խախտման համար կիրառվում են սանկցիաներ՝ տուգանքի ձեւով՝ 500 հազար դրամից մինչեւ 1 մլն., մեկ ամիս կալանք եւ մինչեւ 2 տարի ազատազրկում՝ կապված, թե ինչ չափերով են կատարվել այդ իրավախախտումները։ Բայց եթե իրավախախտը եւ իրավատերը գալիս են հաշտության, դատական պրոցեսը կասեցվում է։



«Ինչու է մեզ պետք ուշադիր լինել եւ կարգավորել այս բնագավառը։ Մի կողմից, հասկանում եմ՝ մարդը պետք է կրթվի, հատկապես այն դեպքում, որ կրթության մակարդակը Հայաստանում այնպիսին է, ինչպիսին որ կա... այսինքն՝ նա պիտի ինքնակրթությամբ զբաղվի։ Մյուս կողմից, դա շատ թանկ է, մի բժշկական ոլորտի գիտական գիրքն արժե 300-400 դոլար։ Որտեղի՞ց հայաստանցուն նման գումար, որ այդ գիրքն առնի ու մի քայլ առաջ գնա իր բնագավառում։ Բայց ես համոզված եմ, որ այս ամեն ինչը կարելի է կարգավորել, եթե մենք սկսենք կամաց-կամաց հարգել հեղինակային իրավունքը, վճարել փոքր վճարներ հեղինակային իրավունքի համար։ Այդ ժամանակ կսկսվի շարժ լինել, երբ լինի դրամական շարժ, կլինեն միջնորդներ, եւ այդ միջնորդներն արդեն այնպիսի կանոններ կգտնեն, որ մենք կարողանանք շատ էժան, բայց օրինական ճանապարհով օգտագործել այդ գիտելիքները, լինի դա գիրք, ֆիլմ, թե երաժշտություն։



Մինչեւ մենք չանցնենք այս ճանապարհով, մեզ մոտ այդ միջնորդները չեն լինելու։ Ես գիտեմ, օրինակ, «Մայքրոսոֆտ» ընկերությունը ԿԳՆ-ի հետ պայմանագիր ունի, որ իր ծրագրերից շատ մատչելի գնով մեր դպրոցները կարող են օգտվել։ Մի տեղ, որտեղ սկսեն այդ իրավական արտադրանքի համար վճարել, այլ ոչ թե գողանալ, դաշտն անմիջապես կարգավորվում է։ Ես համոզված եմ, որ այդ ճանապարհով կարելի է գնալ, բայց պետք է փոքրիկ վճարներ անենք»,-ասաց Մարտիրոսյանը, ապա, դիմելով ներկաներին, հետաքրքրվեց, թե ինչքան կտային լեգալ ճանապարհով լավ ֆիլմ իրենց համակարգչով նայելու համար՝ 500 դրամ, հազար դրամ, այսինքն՝ կանցնեի՞ն գողացված-չգողացվածի սահմանը։ Մի բան փաստ է, որ անվճար միայն պանիրն է լինում թակարդում, այլ կերպ ասած՝ այդ էժանն անորակն է։ Նա հենց իրենց հրատարակչության օրինակը բերեց, երբ 2-3 տարի մի գրքի վրա են աշխատել, ու այն պատճառով, որ այդ ծրագիրը համակարգչի վրա լիցենզավորված չի եղել, ամբողջ աշխատանքը ջուրն է գնացել։



Արմեն Մարտիրոսյանը պատմեց, որ Խաչիկ Դաշտենցի հեղինակային իրավունքներն ստանալու համար շուրջ 6 տարի փնտրել են նրա հարազատներին աշխարհի տարբեր ծայրերում։ Մեկ այլ օրինակ էլ՝ Պատրիկ Զյուսկինդի «Օծանելիք» գրքի հետ կապված. հեղինակային իրավունքի հետ ոչ մի խնդիր չեն ունեցել, բայց հրատարակչությանն արգելել են, որ հեղինակի լուսանկարը տպագրվի գրքում, թեեւ այս շարքը հեղինակների լուսանկարներով է լույս տեսել. «Միայն այդ պայմանով հեղինակային իրավունքը տվեցին, այսինքն՝ հեղինակի պատկերի հաշվին փող մի աշխատեք։ Կարծում եմ՝ պատճառը հենց կոմերցիոն էր, որովհետեւ, երբ դու բավականաչափ հայտնի ես ու արգելում ես, դու դառնում ես ավելի գրավիչ»։ Ավելի բարդ է եղել Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» գիրքը հրատարակելու դեպքում, հեղինակային իրավունքի կրողները պահանջել են, որ գրքի կազմը լինի սպիտակ, թեեւ կրկին ամբողջ շարքը սեւ գույնի մեջ է տպագրվել։
«Անտարեսի» տնօրենը հիշում է, որ գրքի տոնավաճառներից մեկի ժամանակ ձեռք են բերել Օքսֆորդի «Իմ առաջին հանրագիտարանը» գրքի հեղինակային իրավունքները. «Հրատարակիչ ես, մտածում ես՝ ըհը, Հայաստանում կասես Օքսֆորդ, եւ գիրքը լավ կվաճառվի, բա չէ... մեզ արգելեցին որեւէ տեղ «Օքսֆորդ» գրել, եւ դարձավ միայն հանրագիտարան, որը չի վաճառվում»։ Ի դեպ, Օքսֆորդն էլի շատ ձեռնարկներ է արգելել տպագրել Օքսֆորդի իմիջով։



Հեղինակային իրավունքի հարցում կա մի նյուանս եւս. հեղինակը կամ հեղինակային իրավունքի իրավահաջորդը չեն կարող դատի տալ, եթե տվյալ գործը նոր ստեղծագործության հիմք է հանդիսացել։ Մարտիրոսյանը որպես օրինակ բերեց Փարաջանովի Մոնա Լիզայի պատկերով կոլաժները, նշելով, որ դա նոր ստեղծագործություն է հանդիսանում եւ չի կարող լինել հեղինակային իրավունքի խնդիր։ Հեղինակային իրավունքի խնդիր չի կարող առաջանալ նաեւ, երբ որեւէ նկար արտանկարում ես, քանի որ դրանից հետո այն դառնում է արդեն ձեր հեղինակային իրավունքը։ Նա օրինակ բերեց այն դեպքը, երբ Ուկրաինայում զուգարանի թղթերը Պուտինի դեմքով էին արտադրում, բայց Պուտինը ոչինչ չէր կարողանում անել, որովհետեւ դրանք արտանկարներ էին, ոչ լուսանկարներ։



«Անտարես» հրատարակչությունն այժմ դատական գործընթացների մեջ է մի կայքի հետ, որն իրենց թարգմանած մի շարք գործեր հրապարակել է կայքում։ Թեեւ հարցի լուծման համար շատ ավելի արագ եւ հեշտ տարբերակներ կան, որ իրենց անգամ ոստիկանությունից են առաջարկել, մասնավորապես՝ կոտրել սերվերը, բայց Մարտիրոսյանն ուզում է մեր երկրում նախադեպ ստեղծել, որպեսզի մարդիկ հարգեն մյուսների հեղինակային իրավունքները։