Դեռ 48 ժամ ունի թեկնածությունը հանելու

Դեռ 48 ժամ ունի թեկնածությունը հանելու

Թալինի քաղաքապետի ընտրությունները դրամատիկ ընթացք են խոստանում, այստեղ հարազատ եղբայրներ են իրար դեմ առաջադրվել՝ Գուրգեն եւ Գեւորգ Գրիգորյանները։ Առաջինը՝ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածննդի» կողմից, եղբայրն ինքնառաջադրվել է, նա անկուսակցական է, բայց աշխատում է քաղաքապետարանում, կոմունալ բաժնի պետն է։ Եվ, ինչպես Թալինում են ասում, ՀՀԿ-ն է նրան պայքարի մեջ մտցրել։ Առաջադրվել են նաեւ գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը՝ ՀՀԿ-ի պաշտոնական թեկնածուն, եւ ՀՅԴ-ից Տիգրան Հարությունյանը, որը թալինցի է, ավտոտեխսպասարկման կետ ունի։ Թալինի ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Հովիկ Ասատրյանը երեկ մեզ ասել էր, որ Գեւորգ Գրիգորյանը պաշտպանում է գործող քաղաքապետին. «Հիմա, որ եղբայրն առաջադրվեց, ինքը ոնց որ «նազլո», էլի, եղբոր հակառակ դրեց իր թեկնածությունը։ Լավ եղբայրներ էին, իհարկե, բայց երեկվանից լարված են հարաբերությունները»։ Զրուցեցինք Գուրգեն Գրիգորյանի՝ «Հայկական վերածնունդ» կազմակերպության թեկնածուի հետ։



- Պարոն Գրիգորյան, տնից մի թեկնածուն հերի՞ք չէր, որ որոշեցիք երկու եղբայր առաջադրվել, նորմա՞լ են Ձեր եւ եղբոր հարաբերությունները։



- Ես առաջադրվել եմ «Հայկական վերածննդի» կողմից, եղբորս մասին ոչինչ ասել չեմ կարող։ Կարող ա չի իմացել, որ ես առաջադրվում եմ, ճիշտն ասած՝ ես մի քիչ խառն եմ, Երեւան գործեր ունեմ, գնում-գալիս եմ, չեմ խոսել հետը։ Ես 15 օր առաջ եմ որոշում կայացրել, որ պիտի առաջադրվեմ, մյուս երեք եղբայրներս իմացել են, որ առաջադրվել եմ, բայց ինքը հնարավոր է՝ չի իմացել։



- Իսկ Ձեր երեք եղբայրները Ձե՞զ են ընտրելու։



- Այո, 100 տոկոսով։



- Այդ ինչպե՞ս երեքն իմացան, մեկը՝ ոչ։



- Հնարավոր է՝ իմացել է, ես չգիտեմ, հիմա Երեւանում եմ, Թալինում չեմ, երկուշաբթի-երեքշաբթի կխոսենք իրար հետ։



- Մինչեւ ընտրությունները Ձեր եւ Ձեր եղբոր հարաբերությունները նորմա՞լ են եղել։



- Շատ լավ, գերազանց։



- Իսկ հնարավո՞ր է ՀՀԿ-ն է առաջադրել, որպեսզի Ձեր ձայները «փախցնի»։



- Հնարավոր է, չեմ բացառում։ Բայց դեռ 48 ժամ ունի թեկնածությունը հանելու, ու դեռ չեմ ուզում ասել, որ ներդրված թեկնածու է։



- Բայց քանի որ անհարմար բան է ստացվել, չե՞ք պատրաստվում հանուն Ձեր եղբոր Դուք հանել Ձեր թեկնածությունը։



- Բացառվում է։



- Իսկ չե՞ք պատրաստվում խոսել նրա հետ եւ համոզել, որ դուրս գա պայքարից։



- Ես չգիտեմ սիտուացիան ոնց կդասավորվի, բայց ես չեմ հանի։



- Ձեր հարազատներն ո՞ւմ են ընտրելու՝ Ձե՞զ, թե՞ Ձեր եղբորը։



- Տենց հարցերի դեռ վաղ է պատասխանելը։ Ես եթե դրել եմ, ուրեմն վստահաբար անցողիկ եմ, պատահական չեմ դրել։



- Բայց Ձեր հարազատներին դժվարին ընտրության առաջ եք կանգնեցնելու։



- Դուք չե՞ք ուզում, որ դեմոկրատիան աշխատի։ Ես որ պրոբլեմ չունեմ, կարող է իրենց համար կա՞, ես չգիտեմ։



- Ձեր կարծիքով, Դո՞ւք լավ քաղաքապետ կաշխատեք, թե՞ Ձեր եղբայրը։



- Ես աշխատել եմ, բայց ով էլ անցնի, վստահ եմ՝ լավ կաշխատի։



- Առաջադրված թեկնածուներից ո՞ւմ եք համարում Ձեր հիմնական մրցակիցը։



- Ես ոչ մեկին առայժմ մրցակից չեմ համարում, բոլորը հավասար ուժերի տեր մարդիկ են։



- Նույնիսկ Դաշնակցությա՞ն թեկնածուն, որովհետեւ մարզպետն արդեն ՀՅԴ-ական է, մտահոգություն չկա՞, որ վարչական լծակներ կկիրառեն։



- Ժողովուրդն այս ՏԻՄ ընտրություններին ընտրում է իր ցանկալի թեկնածուին, չի նայելու՝ դաշնակցական է, ՀՀԿ-ական է, «Ժառանգություն», թե չգիտեմ ինչ։ Ես ցանկանում եմ մաքուր, թափանցիկ, ազատ ընտրություններ անցկացնեն։ Կոնկրետ Դաշնակցության թեկնածուն շատ լավ տղա է։ Ազատ, թափանցիկ ընտրություններով ով կհաղթի, ես առաջինը կշնորհավորեմ։



- Բայց կանցկացնե՞ն։



- Ես դա ցանկանում եմ ու հուսով եմ։



- Ինչո՞ւ որոշեցիք անդամակցել Արթուր Բաղդասարյանի նորացված կուսակցությանը, նախկինում ՀՀԿ-ական էիք, ինչո՞ւ դուրս եկաք։



- Ես մոտ հարաբերությունների մեջ եմ Արթուր Բաղդասարյանի հետ արդեն 20-25 տարի եւ հիմա շարունակում եմ։ 2008 թվականից ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել։ ՀՀԿ-ական եղել եմ քաղաքապետ աշխատելու տարիներին՝ 1996-2002թթ.։



- Իսկ ինչո՞ւ դուրս եկաք ՀՀԿ-ից։



- Աշխատանք չունենալու պատճառով, գնացի Ռուսաստան։



- Բայց պարտադի՞ր էր, որ դուրս գայիք ՀՀԿ-ից։



...(Լռում է)։



- Նեղացե՞լ էիք։



- Չէ, ես իմ թշնամուց էլ չեմ նեղանում, ուղղակի այդպես որոշեցի։



- Վերջին ընտրություններին, երբ քաղաքապետ դարձաք, Ձեզ ՀՀԿ-ականներն էին աջակցում, հնարավոր համարո՞ւմ եք, որ հիմա «տակից» էլի աջակցեն։



- Չեմ բացառում, բայց անուն չեմ կարող ասել։



- Դուք թեպետ ՀՀԿ-ի աջակցությունն ունեիք, բայց պարտվեցիք այն ժամանակ անկուսակցական Մնացական Մնացականյանին, հիմա վստա՞հ եք, որ ժողովուրդը Ձեզ կընտրի։



- Ապագան ցույց կտա։