Ես նման մարդկանց կհորդորեի կանգնել հայելու առաջ

Ես նման մարդկանց կհորդորեի կանգնել հայելու առաջ

Թեեւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն օրերս ազդարարեց կուսակցություն ստեղծելու մասին, սակայն չհստակեցրեց, թե կուսակցությունն ինչ անուն է կրելու, ինչ գաղափարախոսության եւ ուղղվածության է լինելու, ովքեր են անդամակցելու։



Սրան զուգահեռ, մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Օսկանյանը չի պատրաստվում զրոյից քաղաքական ուժ կերտել, այլ մտադիր է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի «Ազգային անվտանգության» հիմքի վրա ձեւավորել, այսինքն՝ արդեն գրանցված կազմակերպությունը փոխել իր ճաշակով։ Բանն այն է, որ կուսակցության գրանցումը մի շարք ընթացակարգեր է ենթադրում, եւ հնարավոր է բյուրոկրատական քաշքշուկի մեջ ընկնել։ Ինչպես եղավ Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսի» հետ՝ մեկ անգամ մերժում ստացավ ու չգրանցվեց այն պատճառով, որ չէին համարակալվել համագումարի արձանագրության էջերը։ Նկատի ունենալով Վարդան Օսկանյանի եւ Ռոբերտ Քոչարյանի առնչություններին իշխանությունների վերաբերմունքը, չի բացառվում, որ մի ստորակետի կամ տեխնիկական որեւէ այլ պատճառով արդարադատության նախարարության պետռեգիստրն արհեստական խոչընդոտներ ստեղծի եւ չգրանցի նրա կուսակցությունը։ Հիշեցնենք, որ կուսակցությունը կազմավորվելու համար նախ հիմնադիր համագումար պետք է անցկացնի, որի ժամանակ, ըստ «Կուսակցությունների մասին» օրենքի, «որոշումներ են ընդունվում կուսակցության հիմնադրման, նրա ծրագրի ընդունման, կանոնադրության հաստատման, ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման մասին, ինչպես նաեւ նշանակում է (ընտրում է) գործադիր մարմնի ղեկավար (կամ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար)»։ Նույն օրենքի պահանջով կազմակերպիչները հիմնադիր համագումարի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ http://www.azdarar.am հասցեում գտնվող ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում են կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման տեղի եւ ժամի մասին ծանուցում, ինչպես նաեւ կուսակցության կանոնադրության եւ ծրագրի նախագծերի հիմնական դրույթները։ Իսկ համագումարից հետո նոր դիմում են պետռեգիստր՝ գրանցման համար։



«Պետական գրանցման պահին կուսակցությունը պարտավոր է ունենալ ոչ պակաս, քան 200 անդամ, տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ում, ներառյալ` Երեւանում: Պետական գրանցման պահից ոչ ուշ, քան 6 ամիս հետո կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2000 անդամ, ընդ որում՝ ՀՀ յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան 100 անդամ, եւ տարածքային ստորաբաժանումներ ՀՀ բոլոր մարզերում, ներառյալ` Երեւան քաղաքում, որի մասին գրավոր տեղեկացնում է պետական լիազորված մարմնին»։ Այս եւ մի շարք այլ պարտադիր պայմաններ է նախատեսում նոր կուսակցության ձեւավորում-գրանցումը։ Ավելին, սահմանադրական փոփոխություններից հետո մի շարք օրենքներ, այդ թվում եւ «Կուսակցությունների մասին» օրենքը, պետք է համապատասխանեցվեն նոր Սահմանադրությանը։ Եվ կուսակցությունների գրանցման ու գործունեության մի շարք պահանջներ, ըստ լուրերի, խստացվելու են։ Ավելացվելու է գրասենյակներ եւ ներկայացուցիչներ ունենալու թվաքանակը, ինչպես նաեւ մի շարք այլ պահանջներ դառնալու են պարտադիր պայման։



Գառնիկ Իսագուլյանը երեկ մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց իր կուսակցությունն Օսկանյանին «տալու» մասին լուրը։ ««Ազգային անվտանգություն» կուսակցությունը գործում է, իսկ Օսկանյանը նոր կուսակցություն է ստեղծում, ուրիշ բան, որ իմ եւ Վարդան Օսկանյանի հարաբերությունները շատ լավ են՝ սկսած մ.թ.ա. 30-րդ դարերից»,- հումորի տարավ Իսագուլյանը։ Իսկ հնարավո՞ր է, որ իր եւ Օսկանյանի կուսակցությունները միավորվեն։ «Միանշանակ՝ ոչ, բացառվում է»։ Իսագուլյանը հերքեց նաեւ, որ ինչ-որ պահի ինքը կանդամակցի Օսկանյանի կուսակցությանը. «Բայց համագործակցություն հաստատ կլինի»։ Իսագուլյանին հարցրինք նաեւ, թե ինքն ինչ տեղեկություններ ունի՝ ի՞նչ գաղափարախոսության եւ արժեհամակարգի է դավանելու նոր կուսակցությունը՝ արեւմտամե՞տ, ռուսամե՞տ։ «Միանշանակ՝ հայամետ, միանշանակ՝ հաշվի առնելով Օսկանյանի անցած ուղին, մարդկային որակները»։ Մինչդեռ այն պահից, երբ Վարդան Օսկանյանը հայտարարեց կուսակցություն ստեղծելու մասին, բոլորը հիշեցին Մարտի 1-ի թեման, ինչպես նաեւ ՀՀ երկրորդ նախագահի հետ նրա առնչության մասին՝ ազդարարելով Քոչարյանի վերադարձը. Ձեր կարծիքով՝ Օսկանյանն ի՞նչ շանսեր ունի։ «Ես չգիտեմ, թե «բոլորն» ասելով Դուք ում ի նկատի ունեք, բայց նման մարդիկ նույնպես եղել են, այլապես Դուք այդ հարցն ինձ չէիք տա: Ասեմ հետեւյալը. մեր իրականության մեջ արդարության, իրավունքի գերակայության, անմեղության կանխավարկածի, արեւմտյան արժեքների, ժողովրդավարության եւ այլնի մասին ամենաշատը խոսողները հենց ամենաշատն են ոտնահարում այդ արժեքները ու, իրենց դնելով քննիչի, դատախազի, դատապաշտպանի ու դատավորի տեղ, վճիռներ ու դատավճիռներ են կայացնում: Ես նման մարդկանց, առավել եւս իրենց քաղաքական գործիչներ համարողներին, կհորդորեի կանգնել հայելու առաջ ու ճարտասանություն սովորել՝ մարդկանց խաբելու արվեստին էլ ավելի լավ տիրապետելու համար: Այնպես որ, արժե այդ ամենին վերաբերվել հումորով: Ինչ մնում է ՀՀ երկրորդ նախագահի հետ առնչություններին՝ դրանք եղել են ՀՀ նախագահ-ՀՀ արտգործնախարար առնչություններ: Այլապես այդ առնչություններն այլ կերպ կամ դա որպես բացասական երեւույթ ներկայացնողները թող նայեն իրենց առնչությունները տարբեր մակարդակների ու տարբեր կարգի անձանց ու իշխանության ներկայացուցիչների հետ եւ հասկանան, որ մենք դրանց մասին շատ լավ գիտենք, պարզապես թող ամենակարող Աստված ների իրենց: Եվ, վերջապես, շանսեր գնահատողը ժողովուրդն է եւ ոչ թե առանձին անհատներ: Ժամանակն ամեն ինչ ցույց կտա»:



ՀԳ. Ըստ լուրերի, Օսկանյանն առավելապես ակտիվություն կցուցաբերի սեպտեմբերից, կուսակցությունում կընդգրկվեն Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, ինչպես նաեւ Անդրանիկ Թեւանյանը, Երվանդ Բոզոյանը եւ ուրիշներ։ Ըստ որոշ գնահատականների, այս կուսակցության պոտենցիալը նաեւ գործող իշխանությունից դժգոհ ադմինիստրատիվ զանգվածն է, որը կարոտով է հիշում քոչարյանական ժամանակները։ Քաղաքական շրջանակներում վստահ են, որ Ռոբերտ Քոչարյանի՝ բացահայտ խաղի մեջ մտնելը կախված է միմիայն հանրային արձագանքից եւ կուսակցության արձանագրած հաջողություններից։