«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ Խորհրդի հայտարարությունը ԸՕ-ի վերաբերյալ

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ Խորհրդի հայտարարությունը ԸՕ-ի վերաբերյալ

Իշխող կուսակցության կողմից մշակված ընտրական օրենսգրքի նախագիծը բուռն քննարկումների փուլում է: «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ Խորհրդի նիստում քննարկվել է վերոնշյալ նախագիծը և դրա հետ կապված հայտարարություն է ընդունվել, որը ներկայացնում ենք ստորև:



1. Նախ, հարկ ենք համարում հստակ ընդգծել, որ իշխող ուժի կողմից քաղաքական կամքի առկայության պարագայում ցանկացած ընտրական օրենսգրքով կարելի է անցկացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ: Քաղաքական կամքի բացակայության պայմաններում նույնիսկ ամենալավ ընտրական օրենսգրքով անցկացված ընտրությունները դատապարտված են կեղծվելու: Ներկայումս իշխող ուժի կողմից նմանատիպ քաղաքական կամքի դրսևորում գոյություն չունի, իսկ քաղաքական համակարգի ընդդիմադիր հատվածն իր մեծամասնությամբ չի վայելում հանրային լայն զանգվածների վստահությունը և, հետևաբար, անզոր է որևէ առարկայական հաջողության հասնել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման համատեքստում:



2. Ներկայացված ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերը բազմիցս իրենց հրապարակային ելույթներով և հայտարարություններով արձանագրել են, որ իշխող ուժի կողմից ի սպառ բացակայում է երկրում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքը: Ավելին, այդ քննարկումներին մասնակցում են այնպիսի ուժեր, որոնք հայտարարում էին, թե Սահմանադրական հանրաքվեի անցկացման դեպքում մեր երկրում ընդհանրապես անիմաստ կլինի մասնակցել որևէ քաղաքական գործընթացի: Ներկայումս այդ ուժերը, ինչպես նախկին բոլոր դեպքերում, գործում են իրենց հայտարարություններին հակառակ, և նմանատիպ ուժերի հետ նույն հարթակում հայտնվելը պատվաբեր չէ որևէ առողջ քաղաքական կամ քաղաքացիական ուժի համար:



3. Մենք վստահ ենք, որ քաղաքական համակարգի առողջ, բազմաթիվ քաղաքական գործընթացներ չտապալած և համակարգային ընդդիմադիր բևեռի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության սահմանմանը համապատասխան և քաղաքական ուժերի կցորդը չհանդիսացող քաղաքացիական հասարակության մարմինների առկայության դեպքում է միայն հնարավոր քաղաքական իշխանությանը պարտադրել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել:
Հաշվի առնելով վերոգրյալ երեք կետերը՝ «Քաղաքացիական գիտակցություն» ԱՀԿ Խորհուրդը համարում է, որ ներկայացված ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներին մասնակցելը որևէ ձևով չի կարող նպաստել երկրում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը: Հակառակը՝ նմանատիպ վարկաբեկված քաղաքական ուժերի հետ նույն հարթակում հայտնվելն ավելի կխորացնի ժողովրդական ընկալումներում ընտրական գործընթացների հանդեպ արմատացած անվստահությունը:

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ Խորհուրդ