Պատերազմող երկիրը նման շռայլություն իրեն չպետք է թույլ տա

Պատերազմող երկիրը նման շռայլություն իրեն չպետք է թույլ տա

Երեկ ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն առաջին նիստն է արել՝ մեկնարկել է բարեփոխումների գործընթացը։



ԼՂ նախագահի հրամանագրի համաձայն՝ մասնագիտական հանձնաժողովը մինչեւ 2016 թվականի մայիսի 1-ը պետք է նախագահին ներկայացնի բարեփոխումների հայեցակարգը, եւ հավանություն տրվելուց հետո՝ մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 10-ը, պետք է մշակվի եւ նախագահին ներկայացվի բարեփոխումների նախագիծը: Ու եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին կանցկացվի հանրաքվեն, ու Արցախը նույնպես կունենա նոր Սահմանադրություն։ Ինչո՞ւ են որոշել նման գործընթաց սկսել, կա՞ արդյոք հասարակական պահանջ նոր Սահմանադրություն ունենալու, թե՞ պարզապես Հայաստանին կապկելով են զբաղված, թե՞ Ղարաբաղն էլ նախագահական համակարգի վերացումով ուզում է կանխել ինչ-որ անցանկալի անձանց վերադարձն իշխանություն։



Հիշեցնենք, որ Բակո Սահակյանի օրերս արձակած հրամանագրում հիմնավորումը հետեւյալն է. «Ելնելով իրավունքի գերակայության եւ ժողովրդաիշխանության սկզբունքների իրացման կառուցակարգերը բարելավելու, իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից...»։ Մասնագիտական հանձնաժողովը ղեկավարում է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, կազմում ընդգրկված են ԼՂ գլխավոր դատախազը, ՄԻՊ-ը, Գերագույն դատարանի նախագահը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը եւ այլք։ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ մեզ հայտնեց, որ գործընթացը դեռեւս խիստ նախնական փուլում է, ու ինքը չի կարող ասել, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են նախատեսվում, կհրաժարվե՞ն նախագահական համակարգից, թե՞ ոչ, ի՞նչ մոդել կընտրվի։ Պարզաբանեց, թե ինչու է պահանջ առաջացել նոր Սահմանադրություն ունենալու։ «Այդ առաջարկը կատարվել է ԱԺ ներկայացված բոլոր քաղաքական ուժերի կողմից, ինչպես նաեւ արտախորհրդարանական բոլոր կուսակցությունների, նրանք այդ պահանջով դիմել են հանրապետության նախագահին, որպեսզի ստեղծվի մասնագիտական հանձնաժողով, նախագահն էլ դրական է արձագանքել, ու հանձնաժողովն ստեղծվել է։ Սա չի նշանակում, որ բարեփոխումները վերջնականապես լինելու են»,- ասաց Դավիթ Բաբայանը։ Հարցրինք, թե քաղաքական ուժերն իրենց առաջարկն ինչով են բացատրել եւ, օրինակ, կառավարման ինչ մոդել են պատկերացնում նոր Սահմանադրությամբ, սակայն խոսնակն ասաց, թե քաղաքական ուժերն առաջարկել են ընդամենը բարեփոխումների հանձնաժողով ստեղծել. «Բոլորը կմասնակցեն այդ տարբերակների մշակմանը, թե ինչպիսի մոդել կլինի, ցույց կտա ժամանակը»։ Ստացվում է, որ քաղաքական ուժերը որեւէ կոնկրետ առաջարկ ու հիմնավորում չեն ներկայացրել, իսկ Բակո Սահակյանն էլ ընդունել է նրանց «չպատճառաբանված» ցանկությունը։



Հաշվի առնելով ԼՂՀ չկարգավորված կոնֆլիկտը, հնարավո՞ր է անցում կատարել թույլ նախագահական համակարգի կամ ընդհանրապես հրաժարվել այդ մոդելից։ «Ես չգիտեմ, քանի դեռ չկա հայեցակարգը, ոչինչ ասել հնարավոր չէ»։ Իսկ դա նպատակահարմա՞ր է։ «Ես չգիտեմ, քանի որ բոլոր քաղաքական ուժերն են առաջարկներ ներկայացրել, հիմա, իրենց կարծիքով, կա պահանջ սահմանադրական բարեփոխումների»,- չկոնկրետացրեց Բաբայանը՝ հավելելով. «Վերջում ժողովուրդն է իր քվեով որոշելու՝ պետք է, թե պետք չէ նման Սահմանադրություն»։



Սակայն տեղեկություններ կան, որ Արցախի իշխանությունները ոչ այնքան նպատակ ունեն հավերժացնել վարչապետ Արայիկ Հարությունյանի կամ Բակո Սահակյանի իշխանությունները, ինչպես Հայաստանում էին անում, որքան կանխել «անցանկալի» զարգացումները: Ոմանք կարծում են, որ վերացնելով նախագահի ինստիտուտը՝ կանխվում է ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի վերադարձը, որը համարվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «մարդը», սակայն, մեր տեղեկություններով, Արկադի Ղուկասյանը շատ սերտ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, եւ նման բան չկա:



«Դա շուկա-պրեսն է երեւի նման տեղեկություն տարածում կամ բազառ-պրեսը։ Միթե դուք կարծում եք, որ Արցախն այնքան հասունացած չէ իբրեւ պետություն, որ կարող է նման բան արվել։ Ինչ է, որ բարեփոխում լինի, ինչ-որ անձանց իրավունքները սահմանափակվելո՞ւ են այս կամ այն ընտրություններին»,- նկատեց Բակո Սահակյանի խոսնակը՝ այդպես էլ չբացատրելով, թե ինչի համար է այդ թատրոնը։



Թեպետ Բաբայանը վստահեցնում էր, թե ԱԺ բոլոր քաղաքական ուժերն են բարեփոխումների առաջարկով դիմել, պարզվեց՝ ԱԺ ընդդիմադիր «Վերածնունդ» կուսակցությունը դեմ է փոփոխություններին, ղեկավար Հայկ Խանումյանի կարծիքով, դրա անհրաժեշտությունը չկա. «Մենք գտնում ենք, որ 10 տարին մեկ Սահմանադրություն չեն փոխում, ավելին՝ համարում ենք, որ դա կարող է վատ նախադեպ դառնալ նոր իշխանության համար, այսինքն՝ ցանկացած իշխանություն կփորձի իրեն հարմարեցնել Սահմանադրությունը։ Փոփոխությունների գաղափարն առաջ է եկել կառավարող քաղաքական ուժերից, հենց նրանք են նման պահանջի ձեւակերպողը։ Մենք հասարակական կարծիքը չենք ուսումնասիրել, բայց կարծում ենք՝ ժողովուրդն անտարբեր է նման գործընթացների նկատմամբ»։ Խանումյանը ասաց նաեւ, որ փոփոխությունների ցանկությունն ավելի վաղ է արտահայտվել կառավարող կուսակցության կողմից, քան Հայաստանում կսկսվեին սահմանադրական փոփոխությունների մասին խոսակցությունները: «Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցածն ուղղակի արագացրեց գործընթացն այստեղ»: Փաստաթուղթ դեռեւս չկա, սակայն, Խանումյանի խոսքով, նույնիսկ խիստ նախնական, բայց քաղաքական խորհրդակցությունները ցույց են տալիս, որ արցախյան նախագիծը կտարբերվի հայաստանյան Սահմանադրությունից, թեեւ տարբերության մասին նախընտրեց չխոսել։



«Կդատենք, երբ Սահմանադրության նախագիծը կլինի սեղանին»,- ասաց նա՝ նկատելով. «Նույնը կլինի, հավանաբար, միայն կառավարման համակարգին վերաբերող մասը, այսինքն՝ Արցախը նույնպես կվերադառնա խորհրդարանական կառավարման մոդելին, ինչը գոյություն ուներ դեռեւս 1990-ականների սկզբին»: Թեեւ, ըստ Խանումյանի, խորհրդարանական կառավարման ժամանակ որոշումները դանդաղ են ընդունվում, մեծ է քաղաքական ճգնաժամերի հնարավորությունը, «պատերազմող երկիրը նման շռայլություն իրեն չպետք է թույլատրի»: «Օրինակ, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի մահվանից հետո խորհրդարանը երկար ժամանակ չկարողացավ նոր ղեկավար ընտրել, ինչը բերեց քաղաքական ճգնաժամի եւ, ի վերջո, լայն լիազորություններով օժտված Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծմանը։ Այո, իշխանության կենտրոնացումը հնարավորություն տվեց Արցախին հաղթահարել ճգնաժամը եւ արդյունքների հասնել»,- հիշեցրեց նա։



Հիշեցնենք, որ Արցախը ԼՂ տարածքի 40 տոկոսը կորցրել է հենց խորհրդարանական կառավարման ժամանակահատվածում՝ 1992-ին, եւ Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումից հետո հնարավոր եղավ հաղթանակ տանել պատերազմում: