Վրաստանի վարչապետն անհանգստացած է Արցախում ռազմական գործողությունների ծավալմամբ

Վրաստանի վարչապետն անհանգստացած է Արցախում ռազմական գործողությունների ծավալմամբ

Ապրիլի 3-ին, կիրակի օրը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում է անցկացրել Արտաքին Գործերի նախարարի, ուժային գերատեսչությունների նախարարների, խորհրդարանական հանձնաժողովների նախագահների, համապատասխան կառույցների ղեկավարների հետ, տեղեկացնում է a-info-ն:



Վրաստանի վարչապետը ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներից լսել է ողջ տեղեկությունը` կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ:



Գիորգի Կվիրիկաշվիլին անհանգստություն է հայտնել ռազմական գործողությունների թարմացման և իրավիճակի շիկացման կապակցությամբ, որոնք խլել են մարդկային զոհեր, այդ թվում նաև խաղաղ բնակչությունից:



Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ միջազգային հանրության ջանքերի շնորհիվ կհաջողվի հանդարտեցնել իրավիճակը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար», - ասված է Վրաստանի Կառավարության վարչության հայտարարությունում: