Ապրիլի 1-ից հետո փոխվել է բանակցային գործընթացի տրամաբանությունը. Արամ Կարապետյան

Ապրիլի 1-ից հետո փոխվել է բանակցային գործընթացի տրամաբանությունը. Արամ Կարապետյան

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծում է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնած հարձակողական գործողությունները չեն շարունակվի, քանի որ միջազգային հանրությունը թույլ չի տա։ Այս մասին նա հայտնեց Hraparak.am-ի հետ զրույցում։
«Պատերազմը դա սոսկ ռազմական գործողությունները չեն, դա քաղաքականության շարունակությունն է։ Հինգ օր է, ինչ Ադրբեջանը կռվում է, եւ նայեք, թե ինչի է հասել, ութ հենակետ, որն ընդհանուր առմամբ 250 մետր էլ չի կազմում, եւ որից երեքը գնդակոծվում են, բայց արդեն անցել են մերոնց ձեռքը։ Մնացել են Հորադիզի եւ Ջեբրայիլի հինգ հենակետերը։ Չէ՞ որ ռազմական գործողություններով ինչ-որ բանի պետք է նա հասներ, որ հետո քաղաքական պահանջներ դներ»,- ասում է մեր զրուցակիցը։ Արամ Կարապետյանը կարծում է, որ Ադրբեջանը փորձում է հասնել թե՛ իրավական ստատուս-քվոյի, թե՛ բանակցությունների ստատուս-քվոյի փոփոխության, որպեսզի բանակցություններ սկսեն հայկական զորքերը դուրս բերելու համար։



«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը նկատում է, որ ադրբեջանական կողմի նպատակն էր սրել իրավիճակը, որպեսզի աշխարհը խառնվի իրար, ԵԱՀԿ Մինսկի խումբը շարժվի տեղից, եւ բանակցությունների սառույցը հալեցնեն։ Նա հիշեցնում է ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարին վերաբերող փաստաթուղթը, որի համար քննադատում էինք ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը, իսկ իրենք էլ հակադարձում էին, որ դա խավիարային դիվանագիտություն է։ Արամ Կարապետյանն ասում է, որ այդ իրավական եւ քաղաքական փաստաթղթերը հավաքվում են եւ մի օր վերածվում ռազմական գործողությունների։ «Այսինքն՝ իրենք սկզբում իրենք Սարսանգի թուղթն առան, որից հետո էլ դիմեցին ռազմական գործողությունների»,- ասում է նա։ Իսկ այս ամենից, ըստ նրա, աշխարհը հասկացավ, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով խնդիրներ լուծել չի կարող՝ չնայած զորքին, զենքին եւ թուրքերի աջակցությանը։



Արամ Կարապետյանը նկատում է, որ ուժային կենտրոնները առաջիկայում սկսելու են հայտարարություններ անել, եւ հայկական կողմը պետք է պատրաստ լինի դրանց, քանի որ մինչեւ ապրիլի 1-ը եւ ապրիլի 1-ից հետո փոխվել է բանակցային գործընթացի տրամաբանությունը։