Ոխերիմ բարեկամը

Ոխերիմ բարեկամը

Անշուշտ, դեռ վաղ է վերլուծություններ անելու, մեր պետության ու տարբեր կառույցների աշխատանքը քննարկելու, սխալների մասին խոսելու համար՝ դեռ թարմ են վերքերը, անթաղ՝ դիակները։ Բայց մի քանի դիտարկում չանել չենք կարող։ Խոսքը հայ-ռուսական հարաբերությունների, ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի, ռուսական իշխանությունների մասին է։ Երբ 2013-ի սեպտեմբերի մի «գաղջ» առավոտ արթնանալով տեղեկացանք, որ դեպի Եվրոպա գնալու փոխարեն ընտրել ենք դեպի Ռուսաստան՝ ԵԱՏՄ գնալու ուղին, մեզ մի բացատրություն տրվեց՝ այդ որոշումը կայացվել է երկրի անվտանգությունից ելնելով։ Մեզնից շատերը, այդ թվում՝ իշխանության մեջ գտնվողները, դրան դեմ էին, բայց հաշտվեցին, քանի որ մենք «Ղարաբաղի խնդիր ունենք», եւ հասկանալի էր, որ այդ խնդրի լուծման, նոր պատերազմի կանխման համար մեզ հզոր ու վստահելի զինակից է հարկավոր։ Այնպիսի զինակից, որը դեմոկրատիա չի խաղա, բարեկիրթ եվրոպացիների նման հավասարության նշան չի դնի ագրեսորի ու զոհի միջեւ եւ մեզ նաեւ զենքով-զորքով կաջակցի։ Եվ այս փաստարկը կարեւոր դեր խաղաց մեր եվրասիական կողմնորոշման հարցում։ Շատ չանցած, սակայն, պարզվեց, որ մեր ռազմավարական դաշնակիցը բիզնես-շահեր ունի եւ չի պատրաստվում դրանք անտեսել հանուն Հայաստանի։ Երբ նա մեծաքանակ զենք վաճառեց մեր հակառակորդին, պարզ էր, որ այդ զենքը մի օր կրակելու է մեզ վրա։ Բայց պարզվեց նաեւ, որ 21-րդ դարի հայերը շատ չեն տարբերվում Իսրայել Օրիի ժամանակների ռոմանտիկ ու միամիտ հայերից, եւ զենքի վաճառքն էլ պատճառ չդարձավ, որ մենք խզենք հարաբերությունները ուխտադրուժ ռուսների հետ։ Մինչեւ եկանք-հասանք 2016-ի ապրիլի 2, երբ ռուսական զենքը կրակեց, ու պարզվեց, որ այն ուղղված է մեր երեխաների, մեր տղամարդկանց դեմ։ Գուցե ժամանա՞կն է հետեւություններ անելու։