Հայ, ադրբեջանցի և ռուս կոմունիստները փորձելու էին ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիներ փնտրել

Հայ, ադրբեջանցի և ռուս կոմունիստները փորձելու էին ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիներ փնտրել

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը պետք է հանդիպում ունենար Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սուլեյման Կուլիևի հետ: Ինչպես տեղեկացանք, հանդիպումը նախատեսել էր Ռուսաստանի կենտկոմի նախագահ, ԽՄԿԿ-ԿԿՄ կենտրոնական խորհրդի ղեկավար, Պետդումայում կոմունիստների խմբակցության ղեկավար Գենադի Զյուգանովը, սակայն հանդիպումը չեղյալ է հայտարարվել:



Hraparak.am-ը զրուցել է Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի հետ և տեղեկացել, որ հանդիպումը չի կայանալու իր խնդրանքով. «Հարգելի պատճառով հանվեց այդ բանը, կապված իմ առողջական վիճակի հետ»: Նշենք, որ քննարկումը կապված էր լինելու վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական գծում առաջացած իրավիճակի հետ, կոմունիստները փորձելու էին հակամարտության լուծման ուղիներ փնտրել:



Պարոն Սարգսյան, նման հանդիպումներ հաճա՞խ են տեղի ունենում. «Մոսկվայում, գործում է սովետական կոմունիստական կուսակցությունների միություն, այդ միությունն ունի իր քարտուղարությունը: Ես և նախկին միության միութենական հանրապետությունների կուսակցության կենտկոմների այսօրվա առաջին քարտուղարներն այդ քարտուղարության անդամ ենք, այդ թվում նաև Ադրբեջանի քարտուղարն առաջին: Այս վերջերս տեղի ունեցավ, այդ անգամ միության քարտուղարության նիստ էր, ես առողջական խնդիրների պատճառներով չգնացի, գնաց Ղարաբաղի կենտկոմի առաջին քարտուղարը, մասնակցեց այդ նիստին և եկավ: Սա էլ երկրորդ-երրորդ անգամն է, այնպես եմ անում, որ անպայման Ղարաբաղի քարտուղարը մասնակցություն ունենա»: Իսկ այդ հանդիպումների ժամանակ Ղարաբաղի հիմնախնդրի մասին քննարկումներ լինո՞ւմ են. «Օֆիցիալ՝ ոչ, չեն քննարկել այդ միությունում, բայց երբ գնում ենք այնտեղ, հանդիպում ենք ոչ օֆիցիալ, քննարկումներ լինում են: Նախկինում էլ տարբեր եղել են, սեմինարների մասնակցել ենք, այդպիսի հարցեր չէր բարձրացվում»:



Պարոն Սարգսյան, իսկ հանդիպումն ո՞վ է նախաձեռնել, Դո՞ւք, ռուսնե՞րը, թե՞ ադրբեջանցիները. «Այդ հանդիպումը, ես որքան գիտեմ, ինձ հեռախոսով տեղյակ են պահել Զուգանովի անունից, որ ուզում է գնամ, ինձ հետ տանեմ Ղարաբաղի քարտուղարին և այնտեղ լինի Ադրբեջանի քարտուղարը, զրուցենք, խորհրդակցենք մեր հնարավորության սահմաններում միգուցե որոշում ընդունենք, այն ինչ-որ տեղի է ունենում Ղարաբաղում և ընդհանուր առմամբ Ղարաբաղի անդամության մասին»:



 Տաճատ Սարգսյանից մեկ անգամ ևս հետաքրքրվեցինք, իսկապես առողջական խնդիրնե՞ր ունի, թե ինչ-ինչ նկատառումներից ելնելով է հրաժարվել հանդիպումից, վերջինս սակայն հաստատեց, որ իսկապես հիվանդ է: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին, ապա Տաճատ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ խնդրի լուծման հիմքում ընկած են մադրիդյան սկզբունքները. «Ղարաբաղի հիմնահարցերի խնդիրը լուծված է, Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և վերջ»: