«Գնա մեռի, արի սիրեմ»-ը Նորակերտի համար չէ

«Գնա մեռի, արի սիրեմ»-ը Նորակերտի համար չէ

Արցախյան գոյամարտից մինչեւ քառօրյա պատերազմ հերոսների պակաս մենք չենք ունեցել: Չենք ունեցել նաեւ նրանց մեծարելու, փառք ու պատվի արժանացնելու ճգնաժամ: Հերոսներին երգեր ենք ձոնել, նրանց անուններով փողոցներ ու դպրոցներ անվանակոչել, հուշարձաններ կանգնեցրել...



Այսքանով, սակայն, մեր առաքելությունը համարելով կատարած, հերոսին ու նրա մասին պատումները խնամքով պահ ենք տվել դարակներում եւ պատեհ-անպատեհ առիթներով հարց հնչեցրել՝ ո՞վ է այն հերոսը, որի օրինակով կարելի է սերունդներ մեծացնել, կրթել ու դաստիարակել: Բայց արի ու տես, որ հերոսը քթներիս տակ՝ չենք նկատում: Չենք նկատում, որովհետեւ հերոսին իրապես հերոսացնելու մշակույթը չունենք: Նրան հերոսապատումների մեջ հավերժացնելու եւ սերնդեսերունդ փոխանցելու ֆինանսական միջոցները չունենք: Միջոցների սղությունից նեղվում ենք նույնիսկ այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է լինում վերականգնել ճաք տված, անգամ տապալված հուշակոթողները:



Արցախյան գոյամարտի մասնակից, «Մարտական խաչ»-ի արժանացած Սեյրան Սարոյանի խաչքար-հուշարձանն արդեն չորս ամիս է՝ անտերության է մատնված: Մինչեւ հունվարյան քամիները, հուշարձանը կանգնած էր Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի դպրոցի բակում, որտեղ հանգչում է ազատամարտիկը: Հիմա էլ է կոթողը նույն տեղում, բայց արդեն տապալված վիճակում:



Դպրոցը, որն Օմարի բարձունքում ընկած հերոսի անունն է կրում, հուշարձանը վերանորոգելու միջոցներ չունի: Տնօրեն Բենիկ Շահինյանն անզորությունից սրտնեղեց: Որքան էլ հուշարձանի վերականգնումը պատվի ու արժանապատվության հարց է, միեւնույն է՝ հնար չունի: «Հուշարձանը Սեյրան Սարոյանի հարազատների միջոցներով է կանգնեցվել, բայց այս տարվա հունվարի ուժեղ քամիները տապալեցին, ու մինչեւ հիմա ոչինչ չենք կարողանում անել: Մտածում ենք, տեսնենք ոնց կարող ենք վերականգնել»,-ասաց տնօրենը:



Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ Գեղարքունիքի մարզպետարանը հուշարձանը վերականգնելու համար զոհվածի հարազատներին գումար է հատկացրել: «Ընդամենը 100 հազար դրամ տվեցին, բայց հուշարձանագործներն ասացին, որ դրա վերականգնման եւ տեղադրման համար 1 մլն. 200 հազար դրամ է պետք: Հիմա չգիտեմ ինչ անեմ, ում դիմեմ, որ մնացածը ճարեմ: Ամեն անգամ կողքով անցնելիս սիրտս մղկտում է: Քանի ամիս է՝ մայրս ուզում է շիրմին այցի գնա, չեմ տանում: Հիվանդ կին է. հուշակոթողը կոտրված տեսնի՝ չի դիմանա»,-ասաց զոհված ազատամարտիկի քույրը՝ Ռուզան Սարոյանը:
Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը եւս միջոցների բացակայությունը պատճառաբանեց: «Գիտես իմ սիրտը չի՞ ցավում, բայց որ փող չկա, ի՞նչ անենք»,-ասաց: Ըստ նրա՝ փշրված կոթողը վերականգնել հնարավոր չէ:



«Պետք է նորը կառուցվի: Իսկ դրա համար մոտավորապես 3 մլն. դրամ է պետք»: Պատվի ու արժանապատվության 3 մլն. դրամ, որը դարձել է մի կտոր չոր հաց ու կանգնել մեծ ու փոքր իշխանիկների կոկորդին: «Ճիտին պարտք» է դարձել զոհվածի միայնակ քրոջ ու հիվանդ մոր համար: Ծանր քար՝ հուշարձանագործների խղճին, որոնց համար մեռելն ու սուրբ նահատակը հավասարության նշան ունեն:



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ