Գյումրիում նախընտրական վիճակ է, կրկին Աշոտյանն է «նայողը»

Գյումրիում նախընտրական վիճակ է, կրկին Աշոտյանն է «նայողը»

Իշխանության ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողնում դավաճանի խարան դրոշմել բոլոր նրանց ճակատին, որոնք երկրի համար վտանգավոր այս օրերին այլ «գործերով» են զբաղված կամ քննադատում են իրենց, մինչդեռ «տակից» իրենք զբաղված են նախընտրական հարցերով։ Տեղեկացանք, որ նախօրեին Գյումրի է այցելել ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, որը հանդիպել է մարզի կուսակցական վերնախավի ներկայացուցիչների հետ։



Ըստ որոշ տեղեկությունների, Աշոտյանը Գյումրիի հանրապետականներին հայտնել է, որ սեպտեմբերին կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ոչ թե Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, այլ ՀՀԿ Շիրակի մարզային վարչության պետ Սահակ Մինասյանը։



Նոր Ընտրական օրենսգրքով այսուհետ ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Գյումրիում եւ Վանաձորում քաղաքապետի անմիջական ընտրություններ տեղի չեն ունենալու, այլ ընտրվելու է ավագանի, որը եւ ընտրելու է քաղաքապետ։



Իսկ կարկառուն ՀՀԿ-ականի հապճեպ Գյումրի գործուղման պատճառը մի անսպասելի իրադարձություն է. նախօրեին Գյումրիում ստեղծվել է «Գյումրեցու ոգի» անունով կուսակցություն։ «Նեղ կռուգով» ու առանց աղմուկի կայացել է կուսակցության հիմնադիր համագումարը, վարչության նախագահ է ընտրվել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի խորհրդական Սահակ Սահրադյանը։ Հաստատել են կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը, վարչության 12 անդամների ընտրություն է տեղի ունեցել, իսկ երկուշաբթի պատրաստվում են Պետռեգիստրում գրանցվելու դիմում ներկայացնել։



Բալասանյանը, տեղեկանալով, որ ինքը չի գլխավորելու ՀՀԿ ցուցակը, որովհետեւ կստացվեր, որ ՀՀԿ-ում կադրերի դեֆիցիտ կա, ու ներկայանում է նախկին ՕԵԿ-ական, ապա ԲՀԿ-ական Բալասանյանով, իր գլխի ճարը տեսել է՝ նոր կուսակցություն ձեւավորելով։ Սակայն նրա խորհրդական Սահակ Սահրադյանը վստահեցնում է, թե իր նախաձեռնությամբ ստեղծված կուսակցությունը որեւէ կապ չունի Բալասանյանի հետ. «Կապն այնքանով է, որ ես իրեն տեղյակ եմ պահել»։



Սահրադյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու օրենսդրությունն ու քաղաքի կառավարմանն իր ներգրավվածությունն են պատճառ դարձել նոր կուսակցություն հիմնելու։ «Ես եմ իմ ընկերների ու համախոհների հետ ձեւավորել նոր կուսակցություն։ Իհարկե, ռեգիոնալ կուսակցություն հասկացություն չկա, բայց կուսակցությունը քաղաքի խնդիրներով է զբաղվելու, իսկ երբ հասարակությունից ստանանք իմպուլսներ, որ կուսակցությունն ունի կենսունակ ռեսուրս, ապա կմասնակցենք ՏԻՄ ընտրություններին»,- ասաց նա՝ նշելով, որ դեռեւս 100 տոկոսանոց որոշում չկա քաղաքապետի ընտրություններին մասնակցելու։ Սահրադյանի խոսքով՝ դեռեւս քաղաքական պլատֆորմի ճշգրտումների փուլ է, քսան օրից միայն կհստակեցվի, կներկայացվի այն անձանց ցանկը, որոնցով պատրաստվում են մասնակցել ընտրություններին։



«Ինչ վերաբերում է քաղաքապետի թեկնածուին, չգիտես ինչու, բոլորը մտածում են, որ նա պետք է լինի հայտնի մարդ, ես կարող եմ ասել, որ այս պահին ունեմ իմ թեկնածուին, հանդիպել եմ նաեւ հասարակական շերտերի հետ ու հասկացել, թե ով կարող է լինել, բայց չեմ հրապարակի»,- ասաց նա՝ պատասխանելով Սամվել Բալասանյանի՝ ցուցակը գլխավորելու հեռանկարի մասին հարցին։ Բալասանյանի խորհրդականը, սակայն, բացառեց, որ իրենց կուսակցության ցուցակը կարող են գլխավորել Գյումրիի քաղաքապետի պաշտոնին հավակնող ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կամ, ասենք, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։



Հարցրինք՝ եթե ՀՀԿ-ն ի վերջո որոշում կայացնի, որ Բալասանյանը պետք է գլխավորի իր ցուցակը, նորաստեղծ «Գյումրեցու ոգին» կմասնակցի՞ Գյումրիի ընտրություններին։ «Եթե հասարակությունը գտնի, որ մեր տիպի մարդիկ, երիտասարդները կարող են ինչ-որ բան փոխել, դրական էլեմենտ մտցնել քաղաքի զարգացման հասարակական-քաղաքական օրակարգում, բնականաբար, կմասնակցենք»։ «Պատրա՞ստ եք մրցակցելու Սամվել Բալասանյանի հետ» մեր ճշտող հարցից խորհրդականը դարձյալ չնահանջեց. «Պարոն Բալասանյանի խորհրդականը պարոն Բալասանյանի խորհրդականն է մինչեւ ժամը վեցը, սկզբունքորն ես այստեղ խնդիր չեմ տեսնում, բնականաբար, այստեղ կա բարոյական խնդիր, ես տեղյակ եմ պահելու իմ ծրագրերի մասին, էստեղ այլ հարթության վրա պարտավորություններ չկան, եղել է տեղյակ պահելու բարոյական պարտավորություն, որը ես կատարել եմ եւ կաշկանդված չեմ որեւէ բանով»։



Իսկ գուցե խորհրդականին չե՞ն «գոհացնում» գործող քաղաքապետի գործունեությունը, նրա վարած կուրսը, եւ այդ նպատակով է մտնում խաղի մեջ։ «Դուք գիտե՞ք մեկ անձ, որը կիսում է երկրորդ անձի մոտեցումները»,- հեգնանքը չընկալեց հերոսացած խորհրդականը, ապա ասաց. «Բնականաբար, մենք նույն արժեքային դաշտի կրողն ենք, ընդհանուր առմամբ, այնպես չէ, որ դա մշտական, հավերժական բան է, այլ տիպի գործընթացներ, շարժեր, տեղաշարժեր... Ես վստահ եմ, որ քաղաքապետը եթե ընդունի մեր ծրագրերը, մոտեցումները, առաջ քաշած խնդիրները, միգուցե մենք նաեւ իրեն օգնած կլինենք»։
Տեղեկություններ կան, որ նորաստեղծ կուսակցության ֆինանսական խնդիրները հոգում է Գյումրու քաղաքապետի որդին՝ Միսակ Բալասանյանը։ «Ես չասեմ, որ բավական հարուստ եմ, բայց բավական ապահովված մարդ եմ, որ կարողանամ էդ կուսակցության սկզբնական գործընթացը ֆինանսավորել, կարծում եմ՝ առանձնապես ծախսեր էլ չկան»,- առարկեց Սահրադյանը։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ