Ամեն ինչ պատրաստ է Տիզբոն մեկնելու համար

Ամեն ինչ պատրաստ է Տիզբոն մեկնելու համար

«ԼՂՀ անկախության ճանաչումը աղետալի հետևանքներ կունենա մեզ համար»:



«Երեևանում ավելի շրջահայաց են մոտենում հարցին, քան Ստեփանակերտում»:



Տեր-Պետրոսյանն այս երկու շինիչ ուղերձով պարզապես «շինեց» մեր վերջին 25 տարվա պատմության «տիրոջ մերն» ու քաշվեց մի կողմ: Կարծում էիք՝ համախմբվե՞լ եք, հայեր, առը հա ձեզ, Երևանն ու Ստեփանակերտը տարբեր կերպ են մտածում, և ապա՝ զենքը վայր դրեք, քանի դեռ ուշ չէ և լսեք միջազգային հանրության ձայնին: Իսկ թե ինչ անել Ադրբեջանի հերթական սադրանքի դեպքում, որից ոչ մենք, ոչ էլ միջազգային հանրությունն ապահովագրված չէ, Տեր-Պետրոսյանը չի ասում: Վերհիշելով նրա՝ խաղաղության բանաձևերը՝ կարելի է այսօր էլ ենթադրել, որ նա չի հրաժարվել «լավագույն պաշտպանությունը չպաշտպանվելն է» դրույթից: Ցրում ենք բանակը և հանձնվում միջազգային հանրության դատին: Ասում է՝ լավ մասնագետներ ունենք արտասահմանում, որոնք մարդու իրավունքների գծով հրաշքներ են գործում, և կարելի է նրանց խնդրել, որ փաթեթ պատրաստեն Ադրբեջանում մարդու, այդ թվում և հայերի իրավունքների խախտումների մասին:



Ռեգրեսը, ինչպես նկատեցիք՝ ակնհայտ է: Տեր-Պետրոսյանը մոռացել է, որ 25 տարի է, ինչ Ադրբեջանում հայեր չկան, որ 25 տարի է, ինչ Բաքուն, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չի կարողանում որևէ հայի ասել՝ աչքիդ վերևն ունք կա, որ 25 տարի է, Արցախն ու արցախցին ապրում են՝ Բաքվի տեղն անգամ չիմանալով: Հիմա ի՞նչ է ասում այս մարդը՝ թողնենք այս ամենն ու փաթեթ պատրաստենք, թե ադրբեջանում մեզ մորթում են, և ուզում ենք անջատվե՞լ: Միջազգային հանրությունը չի ասի՞, հո դուք ապուշ չե՞ք, որ ձեր տանը ձեզ մորթում են, իսկ դուք մարդու իրավունքներից եք խոսում:



Տեր-Պետրոսյանի հիշատակած դոկտրինը, թե համաշխարհային կազմակերպությունները կլսեն մորթվող հայերի աղաղակն ու Ղարաբաղը կառանձնացնեն Ադրբեջանից, մեղմ ասած իդեալիզմ է, իսկ մեծ քաղաքականության մեջ, հայտնի բան է, գործիչների ամենավտանգավոր խորհրդատուն հենց իդեալիզմն է: Իդեալիստը կարող է անգամ տնաքանդությունը ներկայացնել որպես փրկության ճանապարհ, երբ փրկվելու իր մեթոդն է դնում ամեն ինչից առաջ ու վեր:



Մենք մի առիթով ասել էինք, որ Տեր-Պետրոսյանը կարող է հայ ժողովրդին մեծ ծառայություն մատուցել՝ Բաքու մեկնելով և Ալիևի հետ հանդիպելով: Հատուկ ընդգծել էինք, որ դրա մեջ առանձնապես վատ բան չկա, որ միջազգային հանրությունը նույնիսկ կողջունի ՀՀ առաջին նախագահի նման քայլը և, ով գիտի, գուցե խաղաղության նոբելյան մրցանակ էլ տան: Մեր ղարաբաղցի ծանոթ-բարեկամները ընդվզեցին այս առաջարկի դեմ, թե այդ ի՞նչ ես ասում, Ստեփանակերտ ժամանած Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ թե 1994-ի Տեր-Պետրոսյանն էր, այլ 1988-ի, ինչի մասին գրում են նույնիսկ ադրբեջանական թերթերը: Հուսանք՝ Ilur.am-ում Տեր-Պետրոսյանի «Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ» հոդվածի հրապարակումից հետո Ստեփանակերտում բոլորովին այլ հետևություններ են անում, կարծում ենք՝ Բաքվում նույնպես:



Արցախի անկախությունը ճանաչելու օրինագծի համահեղինակ Զարուհի Փոստանջյանը «Ազատության» հետ զրույցում իր հիասթափությունն էր հայտնել Տեր-Պետրոսյանի հոդվածի կապակցությամբ և ընդգծել, որ Տեր-Պետրոսյանը, ըստ էության, կրկնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի տեսակետը՝ Արցախի անկախությունը Հայաստանի կողմից միակողմանիորեն ճանաչելու անթույլատրելիության մասին: Մենք համաձայն ենք տիկին պատգամավորի այդ դիտարկմանը, սակայն մի վերապահությամբ, որ Լավրովը, ԼՂ անկախության ճանաչումը անթույլատրելի համարելով, այն աղետալի չի որակում և չի փորձում ինչ-ինչ բոբոներով մեզ վախեցնել: Մինչդեռ Տեր-Պերոսյանը մի ամբողջ պարբերություն ճառել է այն մասին, որ մենք անտեր ենք ու մեր թիկունքում չունենք ոչ միջազգային հզոր կազմակերպություններ, ոչ գերտերություններ, որոնք մեզնից հետո կշարունակեն ճանաչման գործընթացը: Այսքանից հետո, թվում է, անիմաստ է խոսել այն մասին, որ մեզ «անտերության մատնած» համաշխարհային կառույցներն ու գերտերությունները մի հրաշքով լծվելու են Արցախն Ադրբեջանից անջատելու սուրբ գործին, որովհետև կա այդպիսի դոկտրին՝ «անջատում հանուն փրկության»: Անիմաստ է, բայց Տեր-Պետրոսյանը ավելի քան վստահ է, որ վազելու են մեզ փրկելու:



«Անջատում հանուն փրկության»-ը, այո, ոչ այլ ինչ է, եթե ոչ որոշակի տարածքի անջատում դոմինանտ պետությունից՝ այդ տարածքում ապրող մարդկանց փրկելու նպատակով: Հիմա Տեր-Պետրոսյանի ուզածն ի՞նչ է՝ ֆիքսել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է ու պետք է այն անջատել այդ երկրի՞ց:



Քիրվայությունը պոզով-պոչով չի լինում: Տեր-Պետրոսյանը պետք է վեր կենա և գնա Բաքու՝ խաղաղության հետևից: Սա մենք ասում ենք ամենայն լրջությամբ: Նա այսօր միակ մարդն է, ով կկարողանա խաղաղություն ստանալ Բաքվից: Բանակցությունների վերսկսման վրա հույս դնել այսօր արդեն չի կարելի, չկա ոչ մի երաշխիք, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահների առաջին իսկ հանդիպումից հետո պատերազմը չի վերսկսվի: Մինչդեռ Տեր-Պետրոսյանի այցը Բաքու լիովին տեղավորվում է Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի հետ զրույցների, ինչպես նաև իր հարցազրույցների և հոդվածների համատեքստում: Այն առնվազն վերջակետ կդնի արյունահեղությանը: Լևոն Տեր-Պետրոսյանը պարտավոր է խիզախել:



Ինչպես կասեին պատմիչները՝ ամեն ինչ պատրաստ է Տիզբոն մեկնելու համար:



Էդիկ Անդրեասյան