ԲՀԿ-ի 23 առաջարկից ընդունվել է 4-ը

ԲՀԿ-ի 23 առաջարկից ընդունվել է 4-ը

Շարունակում ենք ներկայացնել, թե ինչ փոփոխությունների է ենթարկվել Ընտրական օրենսգիրքն առաջին ընթերցումից հետո, ԱԺ պատգամավորներն ինչ առաջարկներ են ներկայացրել, որ առաջարկներն են ընդունվել, որոնք՝ մերժվել։ Ի դեպ, ընդդիմադիրները երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ հայտարարում էին, որ սկզբունքային առաջարկները մնացել են թղթի վրա։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի 36 առաջարկներից ընդունվել են ամենաանշառ երեքը։ «ԿԲ պահուստային ֆոնդն ի՞նչ բան է։ Միգուցե նկատի ունենք ԿԲ պահուստները: Այս երբվանի՞ց են դրանք ֆոնդ` հիմնադրամ դարձել», առաջարկն ընդունվել է, ու ձեւակերպումը՝ ուղղվել։



Մյուսը՝ «դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը կամ անձն ինքն իրավունք ունի դիմել եւ գրանցվել: Հրաժարվել այն գաղափարից, որ դիտորդական առաքելություն իրականացնելու համար միակ մեխանիզմը հրավերն է»: Եվ, վերջապես, երրորդը՝ Բագրատյանի առաջարկով քվեարկողից քվեաթերթիկ ստանալուց առաջ էլեկտրոնային սարքը մատնահետք կվերցնի։ Մինչդեռ առաջին ընթերցման ժամանակ ԸՕ նախագծով նախատեսված էր. «Քվեարկության կտրոնն ստանալուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի՝ քվեաթերթիկների եւ քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամին եւ ներկայացնում քվեարկության կտրոնը», իսկ մատնահետքի մասին ոչ մի խոսք: Պատգամավորն առաջարկել էր նաեւ ընտրողների ցուցակների հրապարակում, տարածքային ցուցակների բացառում եւ ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցում, առաջարկել էր նաեւ զորամասերում քվեարկություններ չիրականացնել՝ զինվորականները քվեարկեն սովորական քաղաքացիական ընտրատեղամասերում` 2 օրվա ընթացքում` ընտրության օրը գումարած եւս 1 լրացուցիչ օր ընտրությունների հիմնական օրվանից հետո:



Գաղտնիք չէ, որ զորամասերում բոլոր ընտրություններին գրեթե բաց քվեարկություններ են իրականացվում, ու չնայած բանակն ապակուսակցական կառույց է, մշտապես կատարում է իշխանությունների հրահանգը եւ ընտրությունն էլ կատարում իշխանությունների օգտին։ Նախագծի հեղինակները վերջին առաջարկի մերժումը հիմնավորել են հետեւյալով. «Ընտրությունների օրը զինվորականներին ընտրատեղամասեր տեղափոխելն սպառնալիք է ստեղծում պետության անվտանգության համար»:



Մյուս կարեւոր առաջարկներից մեկն էլ ընտրություններում խնդրահարույց դարձած ՀՀ-ից բացակայողների քվեարկության խնդրին է վերաբերում։ Առաջարկվել է 2.5 մլն. ընտրողից ցուցակում թողնել հիմնական բնակչությանը, ամրագրել հետեւյալը, որպեսզի ընտրացուցակներում ընդգրկվեն ՀՀ այն քաղաքացիները, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում 183 օր եղել են ՀՀ-ում. «ՀՀ մյուս քաղաքացիները, ոչ ռեզիդենտները, մտնում են պասիվ կամ լրացուցիչ ցուցակ: ՀՀ կամ արտասահմանում քվեարկելու համար լրացուցիչ ցուցակում ընդգրկվածները նախօրոք, ընտրություններին նախորդած մինչեւ 3 ամսվա ընթացքում պետք է գան եւ գրավոր դիմում ներկայացնեն»։ ԱԺ-ում քննարկման ընթացքում իր ելույթում Բագրատյանը նկատեց, որ վերջին 5 տարում 22 հազար մարդ մեկնել է, եւ ցուցակում 150-200 հազարով ավել կլինի ընտրողների թիվը: Առաջարկներից մեկն էլ ընտրությունների անցողիկ շեմը` 5%-ը, իջեցնել 4%-ի, դաշինքների համար էլ` 7%-ն իջեցնել 5%-ի: Ըստ Բագրատյանի` պետք է հստակ ֆիքսել 54% եւ 46%` որպես կայուն մեծամասնություն եւ կայուն փոքրամասնություն, այլապես ընդդիմությունը կզրկվի ռեալ դերակատար դառնալու հնարավորությունից, ինչի մասին խոստանում էր իշխանությունը Սահմանադրությունը փոխելիս։



Հայ հեղափոխական դաշնակցության 8 առաջարկներից էլ 3-ն է ընդունվել։ Կոալիցիոն գործընկերները, զարմանալիորեն, «խիզախ» առաջարկներ են ներկայացրել, որոնք, բնականաբար, մերժվել են։ Օրինակ՝ ՀՅԴ առաջարկներից մեկը հետեւյալն է. «Արգելել քվեախցիկներում քվեաթերթիկների նկարահանումը կամ տեսանկարահանումը, այդ թվում՝ քվեարկողի կողմից»: Անցած ընտրություններին հաճախ են նման դեպքեր բացահայտվել, երբ որեւէ կուսակցություն, մասնավորապես, իշխող կուսակցությունը, հենց այս ճանապարհով է փորձել «ապացույցներ» ձեռք բերել, որ իր կողմից ուղղորդված ընտրողներն իրենց «չքցեն»՝ քվեարկեն իրենց օգտին։ Բնականաբար, առաջարկը մերժվել է։ Ընդունվել է ռեգիոնալ կուսակցությունների գաղափարից հրաժարվելու, կուսակցության, կուսակցության դաշինքի կենտ թվով մանդատներ ստանալու դեպքում մեծ մասը հատկացնել համապետական ցուցակին եւ եւս մեկը՝ մանդատների բաշխման տեխնիկական հարցերին վերաբերող։



Թեպետ ԲՀԿ-ականները կողմ կամ ձեռնպահ քվեարկեցին ԸՕ նախագծին՝ հայտարարելով, թե իրենց առաջարկների մեծ մասն ընդունվել է, սակայն ԲՀԿ-ի 23 առաջարկներից 4-ն ամբողջությամբ, որոշներն էլ՝ մասնակի են ընդունվել։ Ընդունված առաջարկները, կարելի է ասել, հիմնականում խմբագրական են։ Մեկը, օրինակ, վստահված անձանց թվի կրկնապատկման վերաբերյալ է։ Ընտրական հանձնաժողովի նիստին եւ քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող է ներկա լինել յուրաքանչյուր թեկնածուի մեկ եւ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության 2 վստահված անձ, նախկինի՝ 1 վստահված անձի փոխարեն։ Ինչպես նաեւ, ըստ ԲՀԿ ընդունված առաջարկի, «ԱԺ, Երեւանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները չեն կարող ունենալ վստահված անձ։ Վստահված անձինք պարտավոր են գրանցվել ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում ընտրական հանձնաժողովի նիստերին եւ (կամ) քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար»։ Նախագծի 67-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված առանձին տուփը տեղադրվում է տեղամասում, այն դեպքում, երբ, նախագծի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը տեղադրվում է քվեարկության խցիկում։ ԲՀԿ-ն անհրաժեշտ է համարել հստակեցնել տեղ գտած հակասությունը։



Իսկ ամենաաբսուրդը՝ ԲՀԿ-ի առաջարկով նախագծից հանվել է հետեւյալ ձեւակերպումը. «Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք»։ Ստացվում է, որ ԲՀԿ-ն խրախուսում է դատվածների ներկայացվածությունը հանձնաժողովներում։ Իշխանությունն ընդունել է այդ առաջարկը։ Ի դեպ, ԲՀԿ-ի մերժված առաջարկներից մեկը վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովի ձեւավորմանը, առաջարկը եղել է, որպեսզի դրանք ձեւավորվեն բացառապես ԱԺ-ում ներկայացված կուսակցություն եւ դաշինք ներկայացնող ուժերի ներկայացուցիչներից, սակայն մերժվել է։ Ըստ ԸՕ նախագծի, տվյալ հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել ընտրական իրավունք եւ ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական ունեցող անձինք:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ