Ճարտարապետներն աշխատում են «Զվարթնոցի» միասնական նախագծի վրա

Ճարտարապետներն աշխատում են «Զվարթնոցի» միասնական նախագծի վրա

Մոտ երկու ամիս առաջ «Զվարթնոց» օդանավակայանի «կլոր մասնաշենքի» պահպանման հարցով Հանրային խորհրդում ներկայացվեցին օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանի եւ օդանավակայանի կենդանի համահեղինակ, ճարտարապետ Ժորժ Շեխլյանի նախագծային առաջարկները: 2 նախագծերում էլ մաքսիմալ օգտագործվում են հին մասնաշենքի պոտենցիալն ու ռեսուրսները։



Թե ինչ ընթացք է տրվել այդ նախագծային առաջարկներին քննարկումից հետո, կոնցեսիոները ծանոթացել է դրանց, թե ոչ, ապա Անահիտ Թարխանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դրանից հետո հանդիպել են քաղաքաշինության նախարարի հետ՝ ընդգծելով, որ բավականին լավ քննարկում է եղել, եւ որոշվել է «Հայնախագծի» հետ համատեղ աշխատել միասնական տարբերակի վրա։ Իսկ միասնական տարբերակի հիմքում ընկած են թե Թարխանյանի, թե Շեխլյանի առաջարկները։ Թարխանյանն ընդգծում է, որ կարեւորը՝ միասնական տարբերակի մեջ ներառված են բոլոր այն կետերը, որոնք պահպանության տեսանկյունից կուզենար, որ անպայման լինեին։ Թե կա՞ն արդյոք նախագծի հետ կապված վիճահարույց հարցեր, ապա. «Ի սկզբանե մեզ մոտ որեւէ վիճահարույց հարցեր չկային, մենք շատ լավ իրար հետ աշխատում ենք, պարզապես փորձում էինք ամեն մեկս առանձին լուծում գտնել, հիմա միասին ենք աշխատում, որ միասնական լուծում տանք»։



Ճարտարապետ Ժորժ Շեխլյանի նախագծում էստակադան հանվում էր, ինչին ինքը դեմ էր, միասնական նախագծում այդ հարցին ի՞նչ լուծում է տրված։ Թարխանյանի խոսքով, այդ խնդիրն արդեն չկա, որովհետեւ էստակադան պահպանվում է։ Հիմա միասնական նախագծի վրա աշխատանքները մի քանի շաբաթով ընդմիջվել են, բայց մայիսի 28-ից նորից շարունակելու են աշխատել, որից հետո այն կներկայացվի կոնցեսիոներին եւ քաղաքաշինության նախարարությանը, դրանից հետո միայն պարզ կլինի հաջորդ քայլը։ Այն հարցին, թե կոնցեսիոներին առաջարկե՞լ են միանալ միասնական տարբերակի մշակմանը, որպեսզի հետո պատմությունը չկրկնվի եւ չմերժվի, ապա, Թարխանյանի խոսքերով, իրենք միշտ առաջարկել են, բայց ոչ մի անգամ կոնցեսիոները չի արձագանքել։



Թե ինչքան կարժենա օդանավակայանի միասնական նախագծի տարբերակը, եւ ունե՞ն արդեն ֆինանսական նախահաշվարկներ, ապա եթե կոնցեսիոների կողմից 160 մլն. դոլար ներդրված է եւ 110 մլն. էլ ենթադրվում է ներդրում անել, իրենց՝ ճարտարապետների առաջարկած տարբերակի դեպքում խոսքը գնում է 20 մլն. դոլարի մասին, որի դեպքում ունենալու ենք 11 կայանատեղի, մինչդեռ Էռնեկյանի 110 միլիոնանոց ներդրումային ծրագրից հետո՝ 7. «Անիմաստ ներդրումային ծրագիր է, այդ գումարներն էլ վարկային գումարներ են, եւ փաստացի մեր գրպանից պետք է դա փակվի»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ