Վերջին զանգ` ծախսեր, փարթիներ եւ քննություններ

Վերջին զանգ` ծախսեր, փարթիներ եւ քննություններ

Ու հնչեց զանգը, հնչեց, 



Ու հնչեց վերջին անգամ, վերջին: 



Ծաղիկներով, մի քիչ թաց աչքերով, 



Կարոտելու եմ  ես դպրոցն ու բոլորին,



Բայց ի՜նչ արած, մնաք բարով...



Գրեթե ամեն տարի Թաթայի այս երգի հնչյունների ներքո աշակերտները հրաժեշտ են տալիս դպրոցին։ Այս տարի «Վերջին զանգը» հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում հնչելու է մայիսի 27-ին, այս տարի 12-րդ դասարանը կավարտի 25 հազար շրջանավարտ: Այս օրերին ամենուր կարելի է հանդիպել ոգևորված աշակերտների, «խառնված» դասղեկների ու ուսուցիչների, ամեն ինչ ճիշտ ժամանակին հասցնել ցանկացող ծնողների։



Վերջինզանգյա փորձեր, դրան զուգահեռ ԲՈՒՀ ընդունվողների դեպքում պարապմունքներ, ավարտական երեկոյի պատրաստություններ, քննություններ, մի խոսքով` խառն են շրջանավարտներն ու նրանց մտերիմները։ Հանուն արդարության պետք է նշել, որ այս տոնի առթիվ ոչ միայն ուրախանում են դպրոցականներն ու նրանց հարազատները, այլև վաճառողները, ովքեր անհամբեր սպասում են մայիս ամսին։ Շուկաներն եւ խանութները լեցուն են շրջանավարտների համար նախատեսված հագուստներով:



«Սպիտակ վերնաշապիկ և սև տաբատ տղաներն են գնում, իսկ սպիտակ վերնաշապիկ և սպիտակ կիսաշրջազգեստ` աղջիկները»,- նշում է մեր զրուցակիցը, ով երկար տարիներ աշխատում է «Ֆիրդուսի» հայտնի շուկայում։ Հիմնականում կիսաշրջազգեստները արժեն 6000-ից մինչև 8000 դրամ, վերնաշապիկները աղջիկների համար՝ 5000-7000 դրամ, իսկ տղաների դեպքում տաբատը՝ 7000-10000 դրամ, իսկ վերնաշապիկը՝ 6000-7000 դրամ։ Երկար բանակցելուց հետո կարելի է նաեւ շահավետ գնով «բարիշել»։



Ծնողները ուրախ են, որ իրենց երեխաները ավարտում են դպրոցը, իսկ դպրոցներում հավաքվող գումարներից չեն դժգոհում, եթե դրանք բանականության եւ խղճի սահմաններում են։ «2 երեխաներս ավարտել են, մնացել է այս երեխաս, բարով ավարտի, գնալու է բանակ, զորացրվելուց հետո նոր կորոշի` ինչ անել։ Իհարկե, ուրախ եմ, որ ավարտում է, հերիք ա, ինչքան սովորեց։ Այս տարի մոտ 25 հազար դրամ են հավաքել, այդքան էլ շատ չէ»,- ասում է արմավիրցի տիկին Նազիկը:



Նարեն, ով սովորում է Երեւանի թիվ 119 դպրոցում, այս տարի չի մասնակցելու Վերջին զանգի միջոցառումներին: Բանն այն է, որ այս դպրոցում 9 ավարտական դասարան կա, իսկ վերջին զանգի մեկ ժամանոց միջոցառմանը ոչ բոլոր շրջանավարտները կարող են մասնակցել, ժամանակի սղության եւ շրջանավարտների քանակի պատճառով ամեն դասարանից ընտրել են երեքական աշակերտի, մեր զրուցակիցը այդ ընտրյալների ցանկում չէ, հետեւաբար` չի մասնակցի միջոցառմանը: Այս դպրոցում էլ շրջանավարտները հավաքում են ոչ ավել, ոչ պակաս 100 հազար դրամ,  գումարի մեջ մտնում է ռեստորանում խնջույքը, գրքերի, աշխատանքային տետրերի գումարը, ուսուցիչներին ու դպրոցին չնեղացնելը՝ նվերներ։



Մարզերում պատկերը մի փոքր այլ է, Արթիկից մեկ այլ շրջանավարտ նշում է, որ բոլոր ծախսերը ներառյալ հավաքում են 40.000 դրամ։ Կարինեին չի հետաքրքրում Վերջին զանգը, տարատեսակ միջոցառումները, նրա ուշքնումիտքը բուհ ընդունվելն է:Աղջիկը որոշել է ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, արդեն պատրաստվում է ընդունելության քննություններին:



Ում համար առեւտուրն է կարեւոր, ում համար` Վերջին զանգի միջոցառումը, ում համար` ավարտական երեկոն եւ իր կերպարը, իսկ ում համար էլ` բուհական քննությունները, սակայն նրանց բոլորին միավորում է Վերջին զանգը: Ինչպես ասում են` բարի երթ Ձեզ, սիրելի շրջանավարտներ: