Վերջին զանգի նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին

Վերջին զանգի նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին

Երաժշտություն, փուչիկներ, աշակերտների հուզված հայացքներ, ավտոմեքենաների ազդանշաններ, վաղը հանրապետության 1400 դպրոցներում կհնչի վերջին զանգը։ Դպրոցն այս տարի ավարտում են 25 հազար 12-րդ դասարանցիներ։ Այս տարի հիմնական դպրոցներում լինելու է վերջին դաս։ 9-րդ դասարանը կավարտի շուրջ 30 հազար աշակերտ։ Շրջանավարտները սովորաբար մեկ ամիս առաջ են սկսում նախապատրաստական աշխատանքները։



Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցը վաղը կճանապարհի 220 աշակերտի՝ 13 դասարանից։ Այստեղ վերջինզանգյա փորձերը սկսվել են դեռ մեկ շաբաթ առաջ։ Դասարաններից մեկի սցենարը ամբողջությամբ գրել է աշակերտուհիներից մեկը, այն հավանության է արժանացել թե՛ դպրոցի տնօրինության, թե՛ աշակերտների, թե դասղեկի կողմից։ Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում նշեց 12-րդ Ֆիզմաթ դասարանի դասղեկ Անահիտ Խաչատրյանը։ Այդ դասարանի աշակերտուհի Սոնա Պետրոսյանը նշեց, որ բոլոր ծախսերի հարցերով, ներառյալ դպրոցի ձևավորմամբ, զբաղվել է ծնողկոմիտեն։ Իսկ թե ինչպես են կազմակերպել իրենց միջոցառումը, հնչելու են ավանդական դարձած երգերը, նա պատասխանեց, որ կլինեն և՛ ավանդական երգեր, և՛ դրան զուգահեռ էքսկլյուզիվ տարբերակներ, համենայնդեպս, յուրաքանչյուր դասարան իր յուրահատուկ մոտեցումն ունի, որոնք չեն կրկնվում։ Ավարտական երեկոն էլ կնշեն «Բելաջիո» ռեստորանային համալիրում: Դպրոցի ձևավորումը կանեն աշակերտները, վերջին զանգի միջոցառումն էլ սկսվելու է առավոտյան ժամը 8։50-ից և ավարտվելու է 14։00-ին։ Յուրաքանչյուր դասարանին հատկացվել է 30 րոպե բեմական միջոցառումը ներկայացնելու համար։



Երևանի թիվ 175 դպրոցում այս տարի կա 2 ավարտական դասարան, այստեղ եւս ոգեւորությամբ պատրաստվում են վերջին զանգին, փորձերը սկսել են մոտ տասը օր առաջ, ամեն ինչ արդեն պատրաստ է: 



Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցն այս տարի ունի 9-րդ դասարանը ավարտող 6 դասարան, ընդհանուր առմամբ` 167 աշակերտ կլքի դպրոցը։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը։ Ռուսաց լեզվի և գրականության ուսուչուհի Մարիետա Մալխաշյանը նշեց, որ վերջին դասը բաղկացած է լինելու մի քանի բաժիններից՝ հայրենասիրություն, պատերազմ և խաղաղություն, բարի գործեր, քաղաքասիրություն, դպրոցասիրություն, Երևան իմ տուն, նաև շնորհակալական խոսքեր ուսուցիչներին։ Այստեղ շրջանավարտները ավարտական երեկո չեն անի: