Սեֆիլյանն սպասում է ՊՆ-ի աջակցությանը

Սեֆիլյանն սպասում է ՊՆ-ի աջակցությանը

Հիմնադիր խորհրդարանի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը ծրագրում է հանդիպել նաեւ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին, երբ եւ որտեղ, մեր աղբյուրը լռում է։ Վիեննայից վերադառնալու ճանապարհին Սերժ Սարգսյանի՝ «օդից նետած» 800 հեկտար հողերի կորստի մասին հայտարարությունից հետո Ժիրայր Սեֆիլյանը կոնտրհայտարարություն տարածեց՝ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ռազմական պատասխանատվությունն ստանձնելու պատրաստակամության մասին։ Այդ նպատակով նա կոչ արեց ՀՀ քաղաքացիներին, Սփյուռքի հայությանը, ինչպես նաեւ հայկական բանակի սպաներին, ենթասպաներին եւ զինվորներին՝ կամավորագրվել Արցախի տարածքային ամբողջականությունն իր հրամանատարությամբ վերականգնելու ռազմական գործողություններին մասնակցելուն։



Նա փակ հանդիպումներ է ունենում ռազմական ոլորտի նախկին ներկայացուցիչների, հրամանատարների հետ, քննարկում Արցախի կորցրած հողերի վերադարձի խնդիրը։ Մեկ շաբաթ առաջ Արկադի Տեր-Թադեւոսյանն էր (Կոմանդոս) նրա հյուրը, հետո՝ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը (Հանրային խորհրդի նախագահ), ՀՀԿ խորհրդի անդամ Ռազմիկ Մարտիրոսյանը։



Սամվել Բաբայանի հետ սպասվող հանդիպման մասին ՀԽ մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը տեղյակ չէ, իր ներկայությամբ նման առաջարկ, ասում է՝ չի եղել։ «Իհարկե, չեմ էլ կարող բացառել»,- ասում է Վարուժան Ավետիսյանը։ Կամավորների քանակն էլ մոտենում է հազարին, Ավետիսյանը կոնկրետ թիվ չի հիշում, բայց վստահեցնում է, որ մեծ թափով է կամավորագրումն ընթանում։ Մնում է բանակի հրամանատարությունն ընդունի առաջարկը, զինվորական համազգեստով ու զենքով ապահովի կամավորներին, որպեսզի Ժիրայր Սեֆիլյանն ու կորցրած տարածքների վերադարձի մարտիկները կարողանան կատարել իրենց առաքելությունը. «Մենք ակնկալում ենք բանակի աջակցությունն այդ հարցում՝ նախապատրաստելու, հանդերձավորելու, զինելու, երբ կլինի այդ աջակցությունը, նոր... պարզ է, որ մարդիկ այդ աջակցությունն ակնկալելով են դիմել-կամավորագրվել, որպեսզի իրենց առաքելությունը կատարեն»։ Հիմնադիր խորհրդարանը դեռեւս չի դիմել ՊՆ-ին, Ավետիսյանն ասում է, որ դեռ կազմակերպչական գործընթացի մեջ են, երբ «պահը» գա, անպայման կդիմեն։ Իսկ եթե ՊՆ-ն չաջակցի՞, ինչը եւ հավանական է։ «Դե, եթե չաջակցեն, ոչինչ հնարավոր չէ»։



Առաջիկայում կակտիվանա նաեւ «Նոր Հայաստան» շարժման քաղաքական ճակատը, կլինի «կլոր սեղանի» հաջորդ քննարկումը. «Մտածում ենք շարունակել քննարկումները վստահության կառավարության կառուցվածքի, մեխանիզմների, կազմի հարցերը հստակեցնելու ուղղությամբ»։ Իսկ հանրահավաքնե՞ր։ «Կլինեն, բայց ոչ առաջիկա օրերին»,- ասաց Ավետիսյանը՝ կոնկրետ ժամկետներ չնշելով։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ