ՏԻՄ խլրտոցներն արդեն սկսվել են

ՏԻՄ խլրտոցներն արդեն սկսվել են

Այս ամառ քաղաքական կյանքը սովորականից թեժ կլինի․ սեպտեմբերին Հայաստանի տասնյակ համայնքներում, մի շարք քաղաքներում ընտրություններ են սպասվում։ Թերեւս, կուսակցությունները կհրաժարվեն ամառային արձակուրդներից՝ քաղաքապետի, գյուղապետերի ընտրություններին մասնակցելու եւ դրանով դեպի համապետական՝ խորհրդարանական ընտրություններ ընթանալու համար։ Աշնանային ընտրությունները փորձաշրջան են լինելու մի շարք ուժերի համար։



Հանրային ուշադրության կենտրոնում խոշոր քաղաքներն են՝ Վանաձոր, Գյումրի, որտեղ նոր Ընտրական օրենսգիրքն ընտրության նոր կարգ է սահմանել, կլինեն Երեւան քաղաքի պես՝ բնակչությունը կընտրի ավագանի, ավագանին՝ քաղաքապետ։ Ընտրություններ են նախատեսվում նաեւ Մարտունի, Արարատ, Մասիս, Կապան, Մեծամոր, Ագարակ, Քաջարան, Էջմիածին քաղաքներում, հարյուրավոր գյուղերում։ Թե կոնկրետ որ համայնքում երբ կկայանան ընտրությունները, կորոշեն մարզպետները՝ համայնքապետի լիազորությունները լրանալուց ոչ ուշ, քան 70 օր առաջ։ Ըստ նախնական հաշվարկների, սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան մոտ 480-490 համայնքներում, հոկտեմբերի 2-ին՝ 340-350-ում: ԿԸՀ-ն մայիսի 27-ին արդեն հայտարարել է, որ մայիսի 30-ից մինչեւ հունիսի 30-ը ներառյալ ընդունում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու դիմումներ: Դաuընթացներին կարող են մաuնակցել ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` կազմակերպության ներկայացրած ցուցակներին համապատասխան:



Դասընթացներից հետո կլինի որակավորման ստուգարք, թեստային ստանդարտ եղանակով` գրավոր, որից հետո կտրվեն համապատասխան սերտիֆիկատներ։ Դեկտեմբերի սահմանադրական ընտրություններին արմատական ընդդիմություն հռչակված ՀԱԿ-ը, հիշեցնենք, չկարողացավ «փակել» 1997 ընտրատեղամասերն ամբողջությամբ, ՀԱԿ-ին պակասում էր 250-ից ավելի հանձնաժողովական։ Գրեթե նույն վիճակում էր նաեւ «Ժառանգությունը»։



ՊԱՅՔԱՐՈՒՄ ԿԼԻՆԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ



Քաղաքական ուժերի հետաքրքրությունը մեծ է հատկապես Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում, որտեղ գերիշխում է ընդդիմադիր ընտրազանգվածը, հետեւաբար՝ մեծանում է հաղթելու շանսը։ ԲՀԿ, ՕԵԿ, «Ալյանս», «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն արդեն հայտարարել են մասնակցության մասին, ցանկություն ունի նաեւ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Մյուսները դեռ լռում են, հաշվարկում շանսերը, թեկնածու որոնում, ծնվում են նաեւ նոր ուժեր։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու եւ խորհրդական Սահակ Սահրադյանի նախաձեռնությամբ շաբաթներ առաջ ծնունդ առած «Գյումրեցու ոգի» կուսակցությունը կսպասարկի ՀՀԿ-ից մերժված Բալասանյանին։



Գյումրիի քաղաքացիական ակտիվն էլ ձեռքերը ծալած չի նստել։ Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ ԳԱԼԱ-ի տնօրեն Վահան Խաչատրյանի նախաձեռնությամբ «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցություն է ձեւավորվում, որի հիմնադիր համագումարը կլինի հուլիսի 1-ին, Գյումրի քաղաքի «Նանէ» հյուրանոցային համալիրի կոնֆերանսների սրահում։ «Նոր կուսակցությունը քարոզելու է ժողովրդի շահերից բխող ներքին եւ արտաքին քաղաքականության իրականացում, լեգիտիմ իշխանությունների ձեւավորում, քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների անկաշկանդ իրացում, մամուլի ազատություն եւ գործարար միջավայրի կայուն զարգացում»,- տեղեկացնում են կուսակցության նախաձեռնողները տարածած հաղորդագրությունում։ Կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմենուհի Վարդանյանը երեկ մեր զրույցում մանրամասնեց, որ նախաձեռնող խումբը Գյումրիի համակարգող կենտրոնն է, որը ձեւավորվել է սահմանադրական հանրաքվեին ընդառաջ։ Կենտրոնը բաղկացած է հիմնականում ԳԱԼԱ-ի լրագրողներից, հեռուստաընկերությունը գործում է 2008-ից, հենց լրագրողներն են կուսակցության հիմնադիրները։ «Մեր նպատակը նախեւառաջ ՏԻՄ ընտրություններին մասնակցելն է, բայց նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ եւս»,- պարզաբանեց Վարդանյանը։ Կուսակցության ղեկավար կազմի, ցուցակում առաջին համարի եւ այլ հարցերի պատասխան նա դեռեւս չունի․ «Այդ մասին կխոսվի համագումարի ընթացքում»։ «Իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմություն» հարցն էլ միանշանակ չէ։



«Տարիներ շարունակ իշխանությունն այնպիսի հետեւողական քայլերով է փչացրել համակարգը, եւ իշխանությունն ինքն այն աստիճան է վարկաբեկվել, որ իշխանության հետ համագործակցության եզրեր գտնելու մասին խոսելը, կարծում եմ, ավելորդ է։ Ընդդիմությանն էլ ֆոտոսեսիաներով, հետեւողական ջանքերով այնքան է փչացրել, որ որեւէ կարգավիճակի վրա կենտրոնանալ հիմա հարկ չեմ համարում»,- ասաց նախաձեռնող խմբի անդամն ու ընդգծեց․ «ԳԱԼԱ-ն ազատական կուսակցություն է»։ «Մենք ցանկանում ենք մտնել քաղաքականություն՝ թիկունքում ունենալով լավ ճանապարհ ու նաեւ իրավիճակ փոխելու պատրաստակամությամբ նախեւաաջ Գյումրիում, սակայն Գյումրին լինելու է սկիզբը։ Գյումրին տարիներ շարունակ «ոչ» է ասել իշխանություններին, վերջին մի քանի ընտրություններին իշխանությունները ջախջախիչ պարտություն են կրել, պարտություն է կրել նրա գլխավորած ուժը, սահմանադրական բարեփոխումները, բայց խորհրդարանում չկան պատգամավորներ, որոնք առարկայական կդարձնեն այդ «ոչ»-ը։ Հենց այդ բախումն էր, որ պարտադրեց մեզ ստեղծել կուսակցություն, այդ «ոչ»-ը պետք է դրվի իշխանության սեղանին»։



Դեռեւս մարտին մենք գրել էինք ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Վահան Խաչատրյանի՝ Գյումրու քաղաքապետի ընտրություններում մասնակցելու, կուսակցություն ձեւավորելու մասին։ Այն ժամանակ, սակայն, պարոն Խաչատրյանը չբացահայտեց իր ծրագրերը։ Ենթադրվում է՝ հենց նա էլ կգլխավորի ընտրացուցակը։ Նվազագույն շեմը հաղթահարած կուսակցությունները կարող են քաղաքի ավագանիում կոալիցիա կազմել ու քաղաքապետ նշանակել իրենցից առավելագույն ձայներ հավաքած կուսակցության ներկայացուցչին։ Մենք գրել էինք նաեւ, որ իշխանությունները հնարամիտ սցենար են մտածել՝ ծրագրում են ընտրությունների գնալ մի քանի իշխանամերձ կուսակցություններով, որոնք ընտրություններից հետո կոալիցիա կկազմեն ու քաղաքապետ կառաջադրեն։ Այս սցենարը 2017թ. ԱԺ ընտրությունների մոդելի փորձարկումը կլինի։ Գյումրիում, օրինակ, ՀՀԿ-ն կաջակցի իր թեկնածուին, որը կուսակցության մարզային խորհրդի ղեկավար Սահակ Մինասյանն է։ Բալասանյանն էլ իր կուսակցությամբ կամ ՀՅԴ-ի հետ կմասնակցի, որին իշխանությունները նույնպես չեն խոչընդոտի։ Չի բացառվում, որ ԲՀԿ-ն էլ մտնի խաղի մեջ։ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն կարող է լինել լրագրողական «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, ԲՀԿ-ինը՝ նախկին ըմբշամարտիկ Արմեն Բադեյանը, որը ներկայումս ավագանու անդամ է։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ