Նաեւ Կապանում ու Էջմիածնում

Նաեւ Կապանում ու Էջմիածնում

Աշնանն ընտրություններ են սպասվում նաեւ Էջմիածին քաղաքում։ Գեներալ Մանվել Գրիգորյանի ազգուտակը, թերեւս, կշարունակի իշխել, եւ որդին՝ Կարեն Գրիգորյանն էլ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում չի առաջադրվի միայն մի դեպքում, եթե կատարվի նրա՝ մարզպետ դառնալու ցանկությունը։ Եղբայրը՝ Ռոբերտ Գրիգորյանն էլ կվերաառաջադրվի Մեծամոր քաղաքում, թեեւ այդ հարցերը հեռախոսով քննարկել չցանկացավ։ Սյունիքի մարզի Կապան քաղաքում էլ ակտիվություն է նկատվում Դաշնակցության թեւում։



ՀՅԴ-ն մի քանի թեկնածություններ է քննարկում՝ նախկին քաղաքապետ Արտուր Աթայանի եւ ՀՅԴ Սյունիքի մարզային «Լեռնահայաստան» կոմիտեի ներկայացուցիչ Սասուն Մանուկյանի թեկնածությունները։ Մանուկյանը մեր հարցին պատասխանեց. «Չգիտեմ որտեղից ինչ եք լսել, մեր դեպքում դա լինում է կուսակցության որոշմամբ, այլ ոչ թե ցանկությամբ։ Կլինի որոշում, եւ այն կներկայացվի հանրությանը։ Հիմա այդ մասին խոսելը վաղ է, քանի որ դեռ չկա անգամ ՏԻՄ ընտրության մասին որոշում»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ