«Ժողովուրդ». կէժանանա՞ գազը գազալցակայաններում

«Ժողովուրդ». կէժանանա՞ գազը գազալցակայաններում

«Ժողովուրդը» գրում է. «Այսպիսով՝ հուլիսի 1-ից բնական գազի սակագինը 9 դրամից մի փոքր ավել կէժանանա: Այս որոշումը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ ընդունեց: Ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազ սպառողները ներկայումս գործող մեկ խորանարդ մետրը 156 դրամի փոխարեն կվճարեն 146 դրամ: Իսկ ամսական 10 հազար խորանարդ մետրից ավել գազ սպառողները հազար խորանարդ մետրի համար ներկա 277 դոլարի փոխարեն կվճարեն 257,56 դոլար: Այսինքն՝ խոշոր սպառողների դեպքում գազի սակագինը հազար խորանարդ մետրի հաշվարկով կէժանան մոտ 20 դոլարով: 



Ինչպես հայտնի է՝ Հայաստանի տնտեսության համար առանցքային նշանակություն ունի գազալցակայաններում բնական գազի վաճառքի գինը: Ներկայումս գազալցակայաններում բնական գազի հաշվարկային գինը 170-ից 180 դրամ է: Այսինքն՝ գազալցակայանները գազը 277 դոլարով գնելու պայմաններում այն վաճառում են 355-ից 375 դոլար գնային միջակայքում: Եթե գազալցակայանները գազի սակագնի այս իջեցումը չանտեսեն, ապա պարտավորված կլինեն գների իջեցում իրականացնել: Մասնավորապես, գազի սակագնի իջեցման համամասնությամբ ստացվում է, որ հուլիսի 1-ից գազալցակայաններում հաշվարկային գինը պետք է դառնա 160-ից 170 դրամ: Իսկ կանե՞ն արդյոք գազալցակայանների սեփականատերերը նման բան, թե ոչ, պարզ կդառնա մեկ ամսից»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: