Ստվերային գործարքների մասնակիցները պատասխան կտան․ Մովսես Հակոբյան

Ստվերային գործարքների մասնակիցները պատասխան կտան․ Մովսես Հակոբյան

Այսօր Պաշտպանության նախարարի տեղակալ Մովսես Հակոբյանը, որն արդեն 16 օր է, ինչ պատասխանատու է բանակի նյութատեխնիկական ապահովման համար և համակարգում է գնումների հետ կապված խնդիրները, երկրորդ անգամ հանդիպեց մատակարար ընկերություններին, գնումների մասնակիցներին։ Ըստ էության, այս հանդիպումը սխալների ուղղում կարելի է համարել։ Նախորդ հանդիպումից գործարարները դժգոհ էին։ Նախ, նրանց մեծ մասը չկարողացան հարցեր տալ, քանի որ հանդիպման ժամանակը սահմանափակ էր։ Երկրորդն էլ, Մովսես Հակոբյանը չոր և երբեմն նաև կոպիտ պատասխաններ էր տվել նրանց, այն աստիճանի, որ գործարարներից մեկը՝ «Վագաֆարմ» ընկերության սեփականատեր Վահե Վարսանյանը ստիպված եղավ դիտողություն անել ՊՆ փոխնախարարին իր հետ «դու» -ով խոսելու համար և վերջինս ներողություն խնդրեց։ Այս անգամ ներողություն խնդրելու հերթը Վահե Վարսանյանինն էր։ Նա, մի երկու անգամ Մովսես Հակոբյանին դիմելով, երևանցուն հատուկ «հա ջան» արտահայտությունն արեց, ինչը դուր չեկավ վերջինիս։ «Խնդրում եմ, մյուս անգամ այդ արտահայտությունը չանել։ Դա ինձ համար շատ վիրավորական է, ես ձեր հայրությունը չեմ ճանաչել», - ասաց Մովսես Հակոբյանը, և Վահե Վարսանյանը ներողություն խնդրեց։



Ընդամենը 4 գործարար էր հրավիրվել Հակոբյանի մոտ՝ այն նույն մարդիկ, ում ուրբաթ օրվա հանդիպման ժամանակ հաջողվեց հարցեր ուղղել ՊՆ փոխնախարարին, ինչպես նաև նախորդ հանդիպման մասին «վատ բաներ» գրած ԶԼՄ-ները։ Նրանց բողոքները քննարկվեցին անհատապես, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի թիկունքային ապահովման վարչության պետ Վաղարշակ Գասպարյանի և նրա տեղակալի, ֆինանսական վարչության պետի, դեպարտամենտի մյուս աշխատողների ներկայությամբ։ Վերջիններս փաստաթղթերը ձեռքներին փորձում էին հիմնավորել, թե ինչու այս գործարարին գումարը քիչ են տվել, մյուսին՝ հաղթող չեն ճանաչել, և այլն։ Իհարկե, այստեղ մարդիկ էին, ովքեր նախընտրում են պայքարել և համեմատաբար «մաքուր» են։ Օրինակ, ախտահանող նյութեր մատակարարող «Խաչպար» ընկերության տնօրեն Սմբատ Բալասանյանը, որը դատարան է դիմել, «Գեվտիգ» -ի տնօրեն Լևոն Քարամյանը։ Նա փոքր մատակարարում է կատարել ՊՆ պաշտոնյաների «ազնիվ խոսքին» հենվելով, առանց պայմանագիր ունենալու, և հիմա գումարը չի կարողանում ստանալ։ Կամ՝ զավեշտալի դեպք․ գործարար Գեղամ Մուսինյանը բժշկական ձեռնոցներ է մատակարարել։ Պայմանագրում զույգի գին են ֆիքսել, իսկ փաստաթղթերում այդ գինը՝ 47,9 դրամ, համարել են մեկ հատ ձեռնոցի գին։ Օրինակ՝ աջ ձեռքի ձեռնոցի։ Մեծ հաշվով հանդիպումն այս որևէ կերպ չեր բացատրում, թե ինչ բացթողումների համար և նյութատեխնիկական ապահովման որ թերությունների պատճառով համակարգից մարդիկ հեռացվեցին, կալանավորվեցին, ինչպես գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Մհեր Պապյանը եւ Արմեն Մարգարյանը, Դավիթ Աբրահամյանը, նախաքննության ծիրում հայտնվելով։ Երբ գործարարները հեռացան փոխնախարարի աշխատասենյակից, Մովսես Հակոբյանը պատասխանեց «Հրապարակի» հարցերին։ 



-Պարոն Հակոբյան, այսօր փաստորեն, եկել էին Պն մրցույթների այն մասնակիցները, որոնք անցյալ հանդիպման ժամանակ կարողացան Ձեզ հարցեր տալ, բայց այնտեղ հարյուրավոր անձինք կային, և նրանք հարց չկարողացան տալ։ Նրանց բողոքներն ի՞նչ են լինելու։
- Նպատակս այն է եղել, որ հասկանամ խնդիրն ինչի մեջ է և որ մարդիկ վստահ լինեն, որ իրենց շահերը պաշտպանվելու են, և բանակին ժամանակին որակյալ ապրանքներ և ծառայություններ մատակարարեն։ Իսկ ովքեր մատակարարումներով զբաղվում են, հասկանան, որ այդ սկզբունքներով պետք է աշխատեն։ Իմ նպատակը դա է եղել։



-Հիմա մատակարարումների ոլորտում ստվերային երևույթներ, ապօրինություններ էլ չե՞ն լինի։
-Ես կարող եմ մի բան ասել։ Ես չեմ անելու և չեմ թույլատրելու, որ որևէ մեկը անի։ Ինչքանով կհաջողվի, ժամանակը ցույց կտա։



-Կային կազմակերպություններ, որոնք աշխատում էին ՊՆ որոշ պաշտոնյաների հետ, դրանք նույնպես մեղավոր էին այն ստվերային երևույթներում։ ՊՆ աշխատողներին պաշտոնից ազատում են, կալանավորում են, իսկ այդ կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ ստվերային գործարքներ են արել, դրանց մասով ինչո՞ւ չի գնում քննություն։
-Այնպես չի, որ չի գնում։ Քրեական գործը հարուցված է, բոլոր մասնակիցները իրենց չափով պատասխան կտան։



-Կարծում եք, մատակարարների մասո՞վ էլ քննություն կգնա։
-Ես քննությամբ չեմ զբաղվում, բայց որքան գիտեմ, այդպես է։ Այնպես չէ, որ միայն զինվորականներին․․․ Ովքեր որ մասնակից են, կամ որպես վկա, կամ որպես մեղադրյալ պատասխան կտան։



Սյուզան Սիմոնյան