Կոնսենսուսի «ֆինանսական» մասը վտանգված է

Կոնսենսուսի «ֆինանսական» մասը վտանգված է

Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ԱԺ-ն քննարկելու է հունիսի 27-ին, արտահերթ նիստում։ Իսկ երեկ կառավարությունը հավանություն տվեց քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունքում ծնված այդ փաթեթին։ Որպես մեծ լավություն է ներկայացվում իշխանության կողմից այն, որ թույլատրվել է քվեարկության ընթացքի եւ արդյունքների ամփոփման տեսանկարահանումը, որ մատնահետքերով գրանցման էլեկտրոնային համակարգ է ներդրվելու, որ վերացվել է դիտորդների «ստուգարքի» պահանջը, թեկնածուներն ու վստահված անձինք դիմումով կարող են ստանալ ընտրողների համարների հերթականությունը, ինչը հավասարազոր է ցուցակների հրապարակմանը։ Բայց ծիծաղելի «զիջումներ» էլ կան՝ օրինակ, բողոքարկման ժամկետի ավելացումը մեկուկես ժամով։ Բողոքարկման դիմումները կարելի կլինի ներկայացնել քվեարկության հաջորդ օրը՝ 12։00-18։00, եւ քվեարկության երկրորդ օրը՝ 09։00-11։00, ոչ թե մինչեւ 9։30, ինչպես նախկին՝ ավելի «դաժան» տարբերակում էր։ 



Երեկվա նիստին դրված ԸՕ նախագիծը, որը ներկայացնում էր ոչ թե ԸՕ հայրիկ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, այլ նրա տեղակալ Արթուր Սարգսյանը, որոշ առանձնահատկություններ ունի։
«Եթե մինչեւ սեպտեմբերի 1-ը ԿԸՀ-ն հանդես չգա հայտարարությամբ այն մասին, որ անհրաժեշտ ֆինանսական միջոցներն առկա են տեխնիկական սարքավորումներ, ծրագրային ապահովում եւ նույնականացման քարտեր ձեռք բերելու համար, ապա այս նախագիծը համարվում է չեղյալ»,- նիստին ասաց Սարգսյանը։ Այսինքն՝ այդ դեպքում կոնսենսուս ասվածը կմնա օդում, համաձայնություն առ ոչինչ, իսկ 2017 թվականի ընտրությունները կանցնեն ԸՕ-ի նոր եւ դաժան, «նախակոնսենսուսային» տարբերակով։



ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանին հարցրինք, թե արդյոք հնարավո՞ր է իրավական ակտ ընդունել կամ օրենք, որի մեջ գրված է՝ կկատարենք, եթե լինի փող։ «Դուք Հայաստանի մասի՞ն եք հարցնում,- ճշտեց Ջհանգիրյանը։- Հայաստանում, իհարկե, ամեն ինչ հնարավոր է։ Ես տեղյակ եմ այն փաստաթղթին, որն ստորագրել է ՀԱԿ-ը, իսկ կառավարություն բերած նախագծին ծանոթ չեմ»։ Սպասվում էր, որ կառավարության նիստի ժամանակ գոնե կխոսվի այն մասին, թե ինչ միջոցներ է հատկացնելու ՀՀ կառավարությունն ԸՕ փոփոխությունների համար։ Մանավանդ, որ «4+4+4» ֆորմատի մասնակիցները հստակ պայմանավորվել են, որ գումարի մի մասը վճարելու է Հայաստանի կառավարությունը։ Սրա փոխարեն վարչապետն ու կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը թատերական դիալոգ բեմադրեցին։



«Բայց մինչեւ սեպտեմբերի 1-ը ողջամի՞տ ժամկետ է։ Արձակուրդներ են։ Ես հասկանում եմ, որ միջազգային կառույցները նաեւ պետք է ֆինանսավորման խնդիր լուծեն։ Չգիտեմ, մենք կկարողանա՞նք այս հարցին լուծում տալ մինչեւ սեպտեմբերի 1-ը»,- ասաց վարչապետը, կարծես, տեղյակ չլինելով կոնսենսուսի «ֆինանսական» մասից։ Ի պատասխան, Արթուր Սարգսյանը ներկայացրեց կոնսենսուսի «հմայքը»․ «Սա բացառիկ պայմանավորվածության արդյունք է, երբ, ստանալով 4/5 ձայները ԱԺ-ում ԸՕ-ի քննարկման արդյունքում, կառավարությունը, գնալով ընդդիմության առաջարկներին եւ քաղհասարակության գաղափարներին, բավականին լուրջ փաթեթ ընդունեց լրացուցիչ առաջարկությունների, որոնք, բացի բարի կամքից եւ շատ մեծ ջանքից բոլոր պետական մարմինների եւ ԿԸՀ-ի կողմից, պահանջում են լուրջ ֆինանսական փաթեթ»։



Հիմնական դոնորի՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ ԵՄ պատվիրակության գնահատականով, շուրջ 16 մլն. դոլարի գումար կպահանջվի։ «Եթե դա հնարավոր լինի ապահովել ոչ բյուջետային միջոցներով, այսինքն՝ դոնորական գումարներով, այդ ծրագրի իրականացումը, ապա նույնիսկ դրանից հետո մեծ ջանքեր են իրոք պետք լինելու, որպեսզի ծրագիրն իրականանալի դառնա։ Իհարկե, դա մեծ բեռ է պետության համար»,- ասաց Արթուր Սարգսյանը։ «Եթե ֆինանսական գումարները հայտնի չեղան, անվավե՞ր ենք ճանաչում նախագիծը»,- կրկին զարմացավ վարչապետը՝ անտեղյակություն ցուցադրելով։ «Խոսքը վերաբերում է 1,5 մլն. ընտրողների մատնահետքերը հավաքելուն»,- ասաց Արթուր Սարգսյանը, կարծես, ցանկանալով համոզել դրսի ինչ-ինչ դոնորների, թե հարցը միայն փողը չէ, եւ որ Հայաստանի իշխանություններն առանց փող տալու էլ շատ բան ունեն անելու։



Կառավարության աջակցության մասին ոչ մի բառ եւ միայն հիշեցում դոնորների խոստումների մասին։ «Մեր կառավարությունը բարի կամք է դրսեւորում, ինքն իր վրա կամովի վերցնում է հսկայական բեռ՝ 7-8 ամսում այս գործընթացը վերջացնելու։ Բայց եթե դա չսկսվի հիմա, եթե մենք չտեսնենք, որ մեր գործընկերները, ինչպես երաշխավորում էին, պատրաստ են դրա տակ ֆինանսական լուրջ միջոցներ դնել, ապա դա անհնար է տեխնիկապես իրականացնել»,- ասաց Սարգսյանը՝ եզրակացնելով․ «Բոլոր դեպքերում, սա մշակված լավ նյութ է, որը եթե այս անգամ հնարավոր չեղավ իրագործել, կան 2022 թվի ընտրությունները, եւ կարելի է դեպի դա գնալ»։



Սա կարող է նշանակել երկու բան՝ կամ իշխանությունն ԸՕ փոփոխություններից հետ կանգնելու տարբերակ է փնտրում, կամ ուզում է 16 մլն. դոլարը «շուստրիաբար» «դնել» միջազգային դոնորների վզին։ Մեր տեղեկություններով, 16 մլն.-ից մոտ 10-11 մլն. դոլարն արդեն գտել են։ Այս գումարի մեջ է մտնում նաեւ էլեկտրոնային համակարգի ներդրման համար ՀՀ իշխանությունների կողմից տրամադրվող 3 մլն. դոլարը։ Փաստորեն, մնում է մոտ 5 մլն. դոլարի հարց լուծել, որից էլ կախված է «կոնսենսուսի» օրենսգրքի ճակատագիրը։



ՀԳ․ Ընդամենը մի քանի օր առաջ Դավիթ Հարությունյանն «Ազատության» եթերում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ բանավեճի ժամանակ ասաց․ «Կառավարությունն անմասն չի կարող լինել այդ ֆինանսավորումից, կմասնակցի այդ ֆինանսավորմանը»։ Լեւոն Զուրաբյանը փորձեց ճշտել, թե արդյոք նա էլեկտրոնային համակարգի ներդրման համար խոստացված 3 միլիո՞նը նկատի ունի, թե՞ ավելին։ Դավիթ Հարությունյանը «ջրեց» հարցը։ Իսկ ՀԱԿ ղեկավարը եկել էր 2016 թ․ բյուջեով նախատեսված, իր համոզմամբ, անիմաստ ծախսերի ցուցակով. 777 մլն. դրամ՝ արտադպրոցական միջոցառումներին, 304 մլն.՝ նախագահի աշխատակազմի հանրային ապահովությանը, 2,6 մլրդ. Դրամ՝ ՀԿ-ներին, 37 մլրդ. դրամ՝ շենք-շինությունների նորոգմանը եւ այլն։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ