Ազատամարտիկներին կալանավորում են, որովհետեւ նրանք պետք չեն. Ռազմիկ Պետրոսյան

Ազատամարտիկներին կալանավորում են, որովհետեւ նրանք պետք չեն. Ռազմիկ Պետրոսյան

Ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը կարծում է, որ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումը կապված է ապրիլյան պատերազմից հետո տարածքների կորստյան մասին նրա հնչեցրած հայտարարությունների հետ։ «Բա ուրիշ ինչի՞ հետ է կապված»,- հռետորական հարց է ուղղում ազատամարտիկը։



«Բոլոր ազատամարտիկներին կկալանավորեն, նրանք այլեւս պետք չեն, Հայաստանն արդեն այդ վիճակին է հասել»,- այսպես արձագանքեց «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող Ռազմիկ Պետրոսյանը։ Նա կարծում է, որ, անկախ ազատամարտիկների քաղաքական հայացքներից, չպետք է նրանք եւ իրենց հարազատները ենթարկվեն հետապնդումների։ Ինչ վերաբերում է Պավլիկ Մանուկյանի եղբոր՝ Թաթուլ Մանուկյանի տանը հայտնաբերված փամփուշտներին, ապա Ռազմիկ Պետրոսյանն արձագանքեց. «Ազատամարտիկի տանը ո՞նց կարող է փամփուշտ չլինել, եթե նա մարտական գործողությունների է մասնակցել։ Մեկը հիշատակի համար է փամփուշտ պահում, մեկը մարտական գործողությունների է մասնակցել, պահում է»,- ասաց նա։



Հիշեցնենք, որ, ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քննչական և օպերատիվ-հետախուզական «մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է», որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ «ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ»: Նա ձերբակալվել էր այս տարվա հունիսի 20-ին մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու կասկածանքով:



Այսօր հայտնի դարձավ, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորել Թաթուլ Մանուկյանին։ Նրա գործը առանձնացվել է Ժիրայր Սեֆիլյանի գործից եւ քննվում է առանձին վարույթում։