ՀՀԿ-ի ամառային դպրոցը՝ աշնանն ընդառաջ

ՀՀԿ-ի ամառային դպրոցը՝ աշնանն ընդառաջ

Ուրբաթ օրը ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում դիմորդների ընդունելության առաջին հարցազրույցն է կայացել։ Երեկ շարունակվում էր դրա երկրորդ եւ վերջին փուլը։ Դիմորդների քանակը բավականին մեծ է եղել, որոնցից երկրորդ փուլ է անցել մոտ 60-ը, իսկ վերջնական կմնան 20-ը։ Հարցազրույց վերցնողները ՀՀԿ-ի երիտասարդներից են եղել՝ Հայկ Մամաջանյանը, Լիլիթ Գաբրիելյանը: ՀՀԿ-ի «վերեւներից» մարդ չի եղել։ Հարցերը տարաբնույթ են եղել՝ ներքաղաքական անցուդարձից մինչեւ արտաքին քաղաքականություն եւ «բրեքսիթ»։ Չեն շրջանցել նաեւ ԼՂ հակամարտության թեման։



Բրեքսիթի հարցերը երեք լեզուներով են տվել՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։ Թեպետ ընդգծված «ՀՀԿ-ական հարցեր» չեն հնչել, բայց արանքում հպանցիկ շոշափել են նաեւ ՀՀԿ-ի թեման։ Տարբեր հարցերի վերաբերյալ հիմնականում կարծիքներ են հարցրել, տեսակետներ լսել, թե ինչպես է մոտենում այս կամ այն երեւույթին տվյալ դիմորդը, ստուգել են նաեւ ընդհանուր գիտելիքները քաղաքականության եւ այլնի մասին։ Այսինքն՝ ավելի շատ փորձել են մտածողությունը հասկանալ։ Ով գիտի՝ նաեւ տրամադրվածությունն այս կամ այն քաղաքական ուժի, այդ թվում՝ ՀՀԿ-ի նկատմամբ։ Գուցե, որպես հեռահար նպատակ, աչքի տակ ունեցել են նաեւ այն, որ այդ ուսանողներն ու նրանց ընտանիքները նաեւ ՀՀԿ-ի պոտենցիալ էլեկտորատն են։



Մասնակիցների թվում եղել են ինչպես ՀՀԿ անդամ երիտասարդներ, այնպես էլ այլ կուսակցություններից, օրինակ՝ ԲՀԿ-ից ներկայացուցիչներ եւ անկուսակցականներ։ Դիմորդներից մեկը պատմեց, որ, ընդհանուր առմամբ, դրական էին տրամադրված իրենց նկատմամբ, ամեն մեկին քննել են առանձին եւ մոտ կես ժամ, ոմանց՝ ավելի երկար։ Ուշադրություն են դարձրել հատկապես պատասխանների անկեղծությանը։ Երեկ, երբ այցելեցինք ՀՀԿ գրասենյակ, բավականին ակտիվ եռուզեռ էր, հարցազրույցի երկրորդ փուլն էր ընթանում, եւ երիտասարդների հերթ էր կուտակված, որոնք սպասում էին իրենց հերթին։ ՀՀԿ-ի հիմնած քաղաքական դպրոցում սովորել ցանկացողները հիմնականում 20-30 տարեկան երիտասարդներ էին։ Այսպես ասած՝ նոմենկլատուրային չինովնիկության ձգտողներ, ովքեր իրենց կարիերայի առաջընթացը տեսնում են ՀՀԿ-ի միջոցով։ Նրանց մեջ կային ինչպես ուսանողներ, այնպես էլ պետական ապարատի աշխատակիցներ։ Դասերն անցկացվելու են երկու հերթով՝ ցերեկը 2-ից մինչեւ երեկոյան 6-ը եւ 4-8-ը։ Առաջին դասը կանցնի, ըստ նախնական տեղեկության, հուլիսի 13-ին եւ 14-ին։



ՀՀԿ երիտթեւի նախագահ Կարեն Ավագյանն ասաց, որ սա դեռ Աշոտյանի հայտարարած հիմնական քաղաքական դպրոցը չէ, սա ամառային դպրոց է։ Ամառային դպրոցի դասերը կտեւեն մեկ կամ երկու շաբաթ՝ կախված դասախոսների կազմից։ Դպրոցի հիմնական դասերը կսկսվեն սեպտեմբերին։ Ի դեպ, դասախոսների թվում Ստյոպա Սաֆարյանը չի լինի, ինչպես ժամանակին կանխատեսել էր Աշոտյանը։ Սաֆարյանը մեզ ասաց, որ հրավեր չի ստացել, եթե ստանա էլ, բաց է համագործակցության համար եւ խնդիր չի տեսնում։ Իսկ թե ովքեր կլինեն, Կարեն Ավագյանն այս պահին չցանկացավ անուններ նշել, մինչեւ որ կհստակեցվի ցանկը։ Նախնական պարզ է երկու հոգու անուն՝ ՀՀԿ ղեկավարությունից Արմեն Աշոտյանն ու Մուշեղ Լալայանը հաստատ կդասավանդեն։ Կլինեն նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, ոլորտային ճանաչված մասնագետներ, որոնց ցանկն Ավագյանը խոստացավ հրապարակել վերջնական հստակեցումից հետո։ Հիշեցնենք, որ ՀՀԿ դպրոցի թեման բուռն հումորի տեղիք է տվել եւ քննարկվում է, թե մականունավորներից ովքեր կարող են «դասախոսել» ՀՀԿ նոր սերնդին։ Ավագյանը չասաց, թե ինչ է դասավանդելու Արմեն Աշոտյանը։ Ամառային դպրոցի այս նախնական դասերը կանցկացվեն կուսակցության գրասենյակում՝ հանրահայտ Մելիք-Ադամյան փողոցում, որը, ըստ շարմազանովյան տեսության, քանի դեռ ՀՀԿ-ն է իշխանության ղեկին, համարվում է քաղաքական կարիերայի գլխավոր ուղին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ