Խորենացի փողոց, օր 14-րդ. լարված գիշերվանից հետո (ուղիղ)

Խորենացի փողոց, օր 14-րդ. լարված գիշերվանից հետո (ուղիղ)

Չնայած գիշերվա լարված ու պայթունավտանգ դեպքերին` Խորենացի փողոցում լուսաբացը խաղաղ է, ինչպես նախորդ օրերին: Արգելապատնեշից այս կողմ ոստիկանները շարունակում են հսկողություն իրականացնել, լրագրողները իրենց մասնագիտական պարտքն են կատարում, փողոցում ցուցարարներ, կարծես թե, չեն նկատվում: 



Երեկվա միջադեպի հետևանքով նախնական տվյալներով շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։ Տուժել են նաև լրագրողներ: Սարի թաղում «ՍիվիլՆեթի» լրագրողի եւ օպերատորի ոտքերի տակ պայթուցիկ է պայթել, ինչի հետեւանքով նրանք վնասվածքներ են ստացել։ Վնասվածքներ են ստացել նաեւ «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը: Սա դեռ ամենը չէ, քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Կարլեն Ասլանյանին եւ Հովհաննես Մովսիսյանին: Նրանք լուսաբանում էին Սարի թաղում տեղի ունեցող իրադարձությունները: Սարի թաղում իրադարձությունները լուսաբանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության ԺԱՄԸ լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը: Տուժել են Ա1+-ի լրագրող Ռոբերտ Անանյանը, օպերատոր Տիգրան Բադալյանը: Նրանց իջեցրել են մեքենայից, թույլ չտալով աշխատել: Լրագրողը պայթուցիկից այրվածքներ է ստացել:«Լայֆ.ռու»-ի փոխանցմամբ, Երևանում տուժել է նաև իրենց օպերատորը: Նրա մոտ ուժեղ արյունահոսություն է սկսել: Panorama.am-ի օպերատոր Հովիկ Գրիգորյանը տուժել է պայթուցիկից:



Երեկվա իրադարձությունները «մարսելու» համար դեռ երկար ժամանակ կպահանջվի: