Մեկնաբանում է ԿԸՀ նախագահը

Մեկնաբանում է ԿԸՀ նախագահը

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ նոր Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հանձնաժողովի անդամներն ու ընտրական պրոցեսին մասնակցող այլ անձինք դասընթացների ընթացքում հեշտությամբ կյուրացնեն։ Մինչդեռ արդեն իսկ մտավախություններ կան, որ այն բավականին խրթին է, եւ ընտրական պրոցեսի վերահսկողական մեխանիզմներից եւ այլ նրբություններից լիարժեք գլուխ հանել հնարավոր չէ։ Այս եւ այլ խնդիրներ մեկնաբանում է Տ. Մուկուչյանը։



ՏԻՄ ընտրությունները՝ հին օրենսգրքով



Սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին նախատեսվող ՏԻՄ ընտրությունները կանցնեն նույն կանոնակարգումներին համապատասխան, որոնք ամրագրված են եղել նախորդ Ընտրական օրենսգրքով։ Այստեղ միակ նորույթը, որ արդեն նոր օրենսգրքի պահանջով է, Գյումրիում եւ Վանաձորում անցկավող ընտրությունների մոդելն է՝ համամասնական ընտրակարգով։ Քվեարկության մեխանիզմը մնալու է նույնը, պարզապես ընտրություններն անցկացվելու եւ արդյունքներն ամփոփվելու են երեւանյան մոդելով՝ ավագանու ընտրություն, որի արդյունքում հաղթած թիմն էլ կառաջադրի քաղաքապետի իր թեկնածուին։ Մի նորություն էլ կա, որ ամրագրված է արդեն նոր Սահմանադրությամբ՝ ավագանու անդամի կամ համայնքի ղեկավարի թեկնածու կարող է առաջադրվել արդեն 18 տարին լրացած քաղաքացին. սա տարածվում է նաեւ այս ՏԻՄ ընտրությունների վրա։ Մնացած ամեն ինչ կլինի հին օրենքներով։



2017-ի ընտրություններում դիտորդների եւ լրագրողների ներկայությունը



Եթե նախկինում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է անցնեին նախնական որակավորման գործընթաց, այժմ այդ գործընթացը թողնված է այդ կազմակերպություններին։ Լինելու է հավատարմագրման գործընթաց, նախկինում դիտորդները պետք է ներկայացնեին երկու վկայական՝ հավատարմագրված դիտորդի եւ որակավորման դասընթացների մասնակցության։ Այժմ միայն հավատարմագրման վկայականն է անհրաժեշտ։ Ըստ Մուկուչյանի՝ դասընթացներ չկազմակերպելը բնավ չի նշանակում, թե այդ կազմակերպությունները չեն իրականացնի իրենց դիտորդների ուսուցման դասընթացներ։ Իսկ այդ «ազատականացումը» ռիսկ չի՞ առաջացնի, որ, նախորդ փորձերից ելնելով, ընտրություններից մի քանի օր առաջ նորաբաց ինչ-որ ՀԿ-ներ չեն հայտնվի ու թաղային դեմքերին դիտորդի բեյջով չեն գործուղի տեղամասեր՝ այս կամ այն թեկնածուի, ուժի օգտին աշխատելու։ Մուկուչյանն ասաց, որ եթե դիտորդները տեղամասային կենտրոններում չարաշահեն իրենց իրավունքները, ապա նոր ԸՕ-ն թույլ է տալիս, որ հանձնաժողովի նախագահը դուրս հրավիրի նրանց։ Իսկ ի սկզբանե նման դեպքերը կանխող օրինական մեխանիզմներ, որ «ֆեյք» դիտորդներ մուտք չգործեն, չկա՞։ «Օրենքում կա կետ, ըստ որի՝ դիտորդական առաքելության իրականացման համար կարող են դիմել տեղական այն ՀԿ-ները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող մեկ տարին ներառում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, եւ եթե նրանք չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին»։ Լրագրողների մասով էլ գոյություն ունի սահմանափակում՝ յուրաքանչյուր լրատվական գործունեություն իրականացնող կարող է ԿԸՀ-ում հավատարմագրել իր անունից տարածվող միայն մեկ ԶԼՄ եւ դրա ոչ ավել, քան 50 ներկայացուցիչ։ Նշենք, որ նախորդ ընտրություններում, դիտորդների նման, լրագրողների անվան տակ եւս տարբեր «գորշ» դեմքեր էին սպրդում ընտրատեղամասեր ու «կոնտրոլ» անում՝ հօգուտ այս կամ այն թեկնածուի։ Ըստ Մուկուչյանի՝ օրենքի այս կետով փորձել են նման երեւույթների դեմն առնել։



«Որքան կուսակցություն, այնքան քվեաթերթիկ»



Նոր ԸՕ-ով՝ ընտրողին քվեախուց մտնելիս տրամադրվելու է ոչ թե մեկ քվեաթերթիկ, այլ ամեն կուսակցության անունով մեկ քվեաթերթիկ, որի մի երեսին գրված կլինի կուսակցության անունը, դարձերեսին՝ ռեյտինգային ցուցակը։ Ընտրողը դրանցից մեկի վրա նշումն անելու է կուսակցության եւ անձի օգտին, ապա թերթիկը պետք է գցի քվեատուփի մեջ, իսկ մյուսները, այսպես ասած՝ աղբարկղը։ Արդյոք սա «կարուսելի» ռիսկ չի՞ առաջացնի, որ ընտրողը, ենթադրենք, մասնակից 20 կուսակցության քվեաթերթիկներից մեկը կգցի քվեատուփի մեջ, մյուս 19-ն իր հետ դուրս կհանի, որպեսզի «ներկայացնի» ում հարկն է։ Տիգրան Մուկուչյանը կարծում է, որ սա ավելի վստահելի մեխանիզմ է ընտրակեղծիքների դեմ։ «Եթե տեղամասային կենտրոնում ընտրողը կարող է ստանալ քվեաթերթիկներ, դրանցից մեկն ընտրի, մյուսները գցի արկղի մեջ, անիմաստ է դառնում որեւէ քվեաթերթիկ մեկ այլ ընտրողի փոխանցելը, որովհետեւ հաջորդ մտնողը կարող է ազատորեն այն առանձին արկղի մեջ դեն նետված քվեաթերթիկներից ընտրել այն մեկը, որն ինքն ուզում է։ Այսինքն՝ դա դառնում է անիմաստ։ Այսինքն՝ գաղափարը հենց դա է, որ դրանով, ըստ էության, բացառվում է քվեաթերթիկ դուրս բերելը կամ որեւէ այլ ընտրողի միջոցով տեղամաս տալը, որովհետեւ դա, միեւնույն է, որեւէ օգուտ չի տալու»։ Իսկ եթե նույն ծրարի մեջ մեկից ավելի քվեաթերթիկ դրվի, ո՞րն է հաշվարկվելու։ Մուկուչյանն ասաց, որ ծրարի անկյունում թափանցող կտրվածք է լինելու, որտեղից էլ դրոշմակնիք է դրվելու քվեաթերթիկի վրա։ Գումարած դրան՝ յուրաքանչյուր քվեաթերթիկ համարակալված է լինելու։ Եթե մի քանի հատ լինի ծրարի մեջ, կհաշվարկվի այն մեկը, որի վրա կա այդ կնիքը։ Ինչ վերաբերում է նախորդի համեմատ մի քանի անգամ մեծ քանակությամբ քվեաթերթիկ տպագրելու ծախսերին, ապա ԿԸՀ նախագահն ընդունեց, որ դա, բնականաբար, լրացուցիչ ծախսեր կառաջացնի։ Բայց դա նախատեսված է ի սկզբանե։



Ցուցակների հրապարակում



Ընդդիմությունն ու քաղհասարակությունը «4+4+4» ֆորմատով ամիսներ շարունակ գլուխ էին կոտրում՝ հասնելու իրենց գերնպատակին՝ քվեարկությունից հետո ստորագրված ցուցակների հրապարակմանը։ Նրանց երազանքն իրագործվեց մասնակի։
«Նախատեսվում է, որ աշխատանքների ավարտից հետո տեղամասերում առկա մասնակիցների գրանցումն ապահովող սարքավորումը տպագրելու է համապատասխան ժապավեն, որի վրա նշված են լինելու ընտրած անձանց հերթական համարները, եւ համադրելիություն է իրականացվելու նախապես հրապարակված ցուցակների հետ, թե ովքեր են եկել ընտրության, ովքեր՝ ոչ։ Եվ եւս մեկ գործառույթ էլ կա․ երբ ցուցակների հետ կապված հաշվարկի աշխատանքներն ավարտվում են, տեղամասային կենտրոնում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց տրամադրվելու է մինչեւ 30 րոպե ժամանակ՝ քաղվածքներ անելու ցուցակներից եւ հաշվարկելու, թե որքան մարդ է եկել։ Այսինքն՝ ցուցակները կհրապարակվեն, բայց միայն հանձնաժողովի ներսում, այն էլ՝ 30 րոպեով»։ Իսկ 30 րոպեում արված քաղվածքները դատարան ներկայացնելու հիմք կարո՞ղ են հանդիսանալ։ Մուկուչյանն այս հարցը մի քիչ ծամծմելուց, օրենքներից ցիտումներ անելուց հետո, ի վերջո, հանգեց այն եզրակացության, որ, ըստ էության, կարող է. «Գիտե՞ք, ամեն դեպքում, եթե դա փաստաթուղթ է, որ տրվում է տեղամասային կենտրոնից... իհարկե, դատարանում դա եւս, ինչպես ցանկացած այլ ապացույց, կարող է ներկայացվել։ Այդ քաղվածքը, ինչպես եւ տեխնիկական սարքավորման կողմից տրված տեղեկանքը, նաեւ մյուս ցանկացած այլ ապացույց միշտ էլ կարելի է ներկայացնել դատարան»։ Դա ամրագրվա՞ծ է օրենքով։ «Իհարկե, դա ակնհայտ է, յուրաքանչյուր ընտրական փաստաթղթից կատարված քաղվածք, որի վրա կողմը դատարանում կառուցում է իր մոտեցումը, իր փաստարկը, նա ցանկացած ապացույց կարող է ներկայացնել դատարանին»։



Կեղծիքները, Մուկուչյանն ու ԿԸՀ-ն



Տարիներ շարունակ կեղծված ընտրությունների մեջ հասարակությունը, ընդդիմադիր ուժերը մեղադրել ու շարունակում են մեղադրել ԿԸՀ-ին ու դրա ղեկավար Տիգրան Մուկուչյանին, որ «թվանկարչությամբ», տարատեսակ մանիպուլյացիաներով կեղծել են վերջնական արդյունքները՝ հօգուտ ներկա իշխանությունների։ Մուկուչյանն այս հարցում ունի իր ուրույն մոտեցումը։ Նրա խոսքով՝ իրենք քվեարկության արդյունքների մասին առաջին տեղեկատվությունն ստանում են տեղամասային հանձնաժողովից։ Այստեղից այդ տվյալները նախ փոխանցվում են ընտրատարածքային հանձնաժողով, որտեղ այդ տեղեկությունները մուտք են արվում համակարգիչ եւ ԿԸՀ-ի կողմից առցանց ռեժիմով հրապարակվում տեղամաս առ տեղամաս. «Հիմա եթե այս շղթայում տեղամասային հանձնաժողովում ստացվում են այլ տեղեկություններ, ընտրատարածք է տարվում այլ արձանագրություն, եւ դա մուտք է լինում հանձնաժողով, հետո գալիս է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, եւ փոխվում են այդ տվյալները... եթե թեկուզ տեսականորեն դա այդպես լիներ, ես, իհարկե, միանշանակ կհամաձայնեի, որ ԿԸՀ-ն փոխում է ինչ-որ թվեր եւ այլն։ Բացի այդ՝ ՏԸՀ-ներում կազմվում են արձանագրություններ, դրանցից ստանում են քաղվածքներ, այդ տվյալները հրապարակվում են ԿԸՀ-ի կողմից հենց քվեարկության օրը եւ կեսգիշերից սկսած, երբ յուրաքանչյուրը կարող է նստել եւ հետեւել ողջ գործընթացին ու համեմատել տվյալները»։ Բայց, միեւնույն է, հանրությունը շարունակում է կասկածել, որ այդ թվերը՝ տեղամասերից սկսած մինչեւ ԿԸՀ, կեղծվում են, եւ ինչ-որ տեղ, շղթայի մի օղակում, գուցե ամբողջ շղթայում, այդ ճիշտը կորում է, իրականությունը՝ խեղաթյուրվում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ