Վարչապետի դեմ «մարտի ելած» Արուսյակ Այվազյանը մտադիր է գյուղապետ դառնալ

Վարչապետի դեմ «մարտի ելած» Արուսյակ Այվազյանը մտադիր է գյուղապետ դառնալ

Հոկտեմբերի 2-ին Գառնիում եւ Գողթում, ինչպես ՀՀ մի շարք այլ համայնքներում, սպասվում են համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ։ Մենք տեղեկացանք, որ այս երկու համայնքներում թեժ պայքար է սպասվում։ Այստեղ, ըստ մեր տեղեկությունների, մտադիր են թեկնածություն առաջադրել Հովիկ Աբրահամյանի դեմ ելած եւ հանուն Գառնու Ազատ գետի պայքարած ակտիվ դեմքերից երկուսը։ Մեկը Արուսյակ Այվազյանն է, որը Գառնիում պայքարի այդ օրերին չափազանց ակտիվ էր եւ դրանով իսկ հայտնի դարձավ հանրությանը։ Նա մտադիր է առաջադրվել Գառնիում որպես գյուղապետի թեկնածու։ Իսկ Գողթում էլ ավագանու անդամի թեկնածու է ուզում առաջադրվել Վահրամ Սեդրակյան՝ կրկին Գառնու ջրերի համար ակտիվ պայքարողներից, որը, ինչպես տեղեկացանք, Արուսյակ Այվազյանի քրոջ որդին է։ Վահրամի բարեկամներից Կարեն Գաբրիելյան էլ ցանկանում է առաջադրվել Գողթում որպես համայնքի ղեկավարի թեկնածու։ Գողթում վերընտրվելու մտադրություն ունի նաեւ գործող գյուղապետ Արտավազդ Հակոբյանը։ Այս պահի դրությամբ այլ հավանական թեկնածուների անուններ չեն շրջանառվում։



Արուսյակ Այվազյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ մտադիր է թեկնածություն առաջադրել։ Ասաց, որ Ազատ գետի եւ Գառնու հիվանդանոցի հետ կապված պայքարից հետո իր համագյուղացիները պահանջում են, որ ինքն անպայման առաջադրվի եւ դառնա գյուղապետ։ «Քանի որ այդ պայքարների արդյունքում հասել ենք հաջողության ինչ-որ չափով, իրենք էլ են արդեն ոգեւորվել, հիմա էլ պահանջում են, որ անպայման դնեմ իմ թեկնածությունը։ Եթե չդնեմ, ես ինձ չեմ ների, որովհետեւ մարդիկ կմեղադրեն, թե ինչու չեմ դնում»,-ասաց նա։ Իսկ, բացի իրենից, էլ ո՞վ է մտադիր առաջադրվել։ Տիկին Այվազյանն ասաց. «Չգիտեմ, լսել եմ, որ գործող գյուղապետը՝ Աշոտ Վարդանյանը։ Կարծեմ Ահարոն Սահակյանն էլ է ցանկանում, որ նախորդ անգամ դրել էր»։ Իսկ ինչպե՞ս է գնահատում իր շանսերը, եւ արդյոք գյուղի բնակչության մեծամասնությունը պահանջո՞ւմ է իր առաջադրումը եւ պատրա՞ստ է իրեն ձայն տալ։



«Եթե գյուղի բնակչությունը դեռ լիարժեք չի բարոյալքվել, գիտակցում է իր արժանապատվությունը եւ ինձ դիմելով պահանջում է, ուրեմն պիտի տեր լինի նաեւ իր պահանջին։ Ամեն դեպքում, բավականին շատ են ցանկացողները, որ առաջադրվեմ, անընդհատ մոտենում են, ասում են՝ ընկեր Այվազյան, Դուք դրեք թեկնածությունը, ի՞նչ կլինի, նույնիսկ ասել են՝ եթե չեք դնում, մենք կգանք՝ խմբով կպահանջենք, որ դնեք։ Նման բաներ էլ են ասում, ու ես անհարմար եմ զգում արդեն»։ Պարզվեց՝ գործարարությամբ է զբաղվում։ Ասաց, որ Գառնու դեղատան տնօրենն է, ժամանակին այն պետական է եղել, հետո, երբ սեփականաշնորհման թույլտվություն է տրվել, որպես տեղի աշխատակից, պետությունից գնել է դեղատունն ու այժմ ինքն է ղեկավարում այն։ Իր փոքրիկ բիզնեսով, ինչպես նշեց, հասցրել է նաեւ բարեգործություններ անել, մարդկանց օգնել, թերեւս դա էլ է նպաստել, որ բնակիչներն իր հետ հույսեր կապեն։



Գողթի գյուղապետի թեկնածու Վահրամ Սեդրակյանն էլ մեզ հայտնեց առաջադրվելու իր մտադրության մասին, բայց խոստացավ հարցազրույց տալ, երբ պաշտոնապես առաջադրումը տեղի ունենա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ