Արմեն Մարտիրոսյանը հանդգնում է էդ աստիճանի ստեր խոսա, միայն թե էդ պահին PR անի. Գագիկ Սարուխանյան

Արմեն Մարտիրոսյանը հանդգնում է էդ աստիճանի ստեր խոսա, միայն թե էդ պահին PR անի. Գագիկ Սարուխանյան

Ազատամարտիկ, ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը Ազատության հրապարակում տեղի ունեցող վերջին մի քանի հանրահավաքներին չի մասնակցում: Պատճառն էլ այն է, որ չի տեսնում հստակ ուղղվածություն, թե ինչ են ուզում հավաքվածները: Նրա խոսքերով` նոր խորհուրդը ձևավորելու ընթացքում իր համար պարզ չեղավ, թե ո՞վ է այդ խորհուրդը ձևավորում, ի՞նչ սկզբունքով պետք է անձը ընդգրկվի այդ խորհրդում, դրանք շատ կարևոր են, որովհետև ինքը նկատել է մի բան, ովքեր իրենց ելույթներում հստակ արտահայտված հակառուսական-իմպերիալիստական արտահայտություններ են թույլ տալիս, ինչ-որ ձև, կամաց-կամաց հեռացվում են ասպարեզից. «Ես մի քանի անգամ շեշտադրում արեցի իմ ելույթներում Վարուժան Ավետիասանի ապագաղութացման պրոցեսի վրա և մեջբերում արեցի հենց իր բառերը, որ մենք չպետք է դառնանք գուբերնիա, հիշատակեցի, որ չի ասվում նահանգ, մարզ, այլ հենց գուբերնիա բառն է շեշտադրվում: Եվ Վարուժանը շատ խելամիտ էր, նա հասկանում էր, որ խոսակցություն կար` «Ալֆա» խումբ է բերվում Ռուսաստանից, չէր բերվում Ֆրանսիաից, Գերմանիայից կամ չգիտես որտեղից, այսինքն` նա հստակ պատկերացնում էր, որ ապագաղութացումը դա այն պրոցեսն է, որ պետք է գաղութ չլիներ, բայց ո՞վ է քեզ գաղութացրել, մինչև չես հստակեցնում, թե ումից ես ապագաղութանում: Այսինքն` ապագաղութացում բառը ինքնին դառնում է փուչիկ: Երկրորդը` այն է, որ այդ հավաքներին շատ է հնչում նմանատիպ խոսակցություն, որ ոչ մի կուսակցության անուն չտան, անկուսակցական, ես ապշում էի, այդ որ մի հիմարն է նման թեզ առաջադրել, ու ժողովուրդը դա ըմբռնում է, հաշվարկը ինչի՞ վրա էր, նրա վրա էր հաշվարկը, որ վերջին տարիներին եղած կուսակցությունները այնքան են բեզարացրել և զզվացրել ժողովդրին, որ ժողովուրդը իսկապես ունի այդ իրավունքը չհավատալու կուսակցություններին, բայց խոսքը գնում է այն կուսակցությունների մասին, որոնք երևացող են, ԱԺ-ում խմբակցություններ են ձևավորել, Հանրապետականը և նրա արբանյակ կուսակցությունների մասին է խոսքը, բայց այդ ընդհանուրի տակ նույնականացվում է բոլորը: Ես ինձ համարում եմ կուսակցական, ես ԱԻՄական եմ և ոչ մի անգամ կյանքում թույլ չեմ տվել ինձ կամ իմ կուսակցությունը այնպիսի մի արմատական սխալ, որը վնասակար կլինի ազգին, թացը չորի հետ վառելիս թույլ չեն տալիս նման արտահայտություններ անել մեր կուսակցության, թեկուզ տեսլական առաջարկներին»:



-Պարոն Սարուխանյան, բազմիցս շեշտվել է, որ դա «Սասնա ծռեր»-ի սկսած պայքարն է, ազատագրական պայքար է և կուսակցությունները ինչ-որ ձևով դեր չպետք է ունենան, ժողովրդի պայքարն է:



Հաշվարկը հենց այդ անգրագիտության վրա է, մենք, ունենալով բանակում հազարավոր թերություններ, հիմա պե՞տք է կոչ անենք, որ բանակը պետք է լուծարել և պետք է լինի միայն ֆիդայական շարժում: Կուսակցությունը պետականության հիմքն է, մարդկանց հավաքականությունն է կուսակցությունը: Եթե դա բացառում ես, դու տանում ես քաոսի, այդ նույնը, ովքեր ասում են ոչ Ռուսաստան, ոչ Եվրոպա, ոչ Ամերիկա, դրանք էլ են տանում կործանման ժողովրդին: Ռուսաստանը որ Ռուսաստան է, Պուտինը որ Պուտին է, այդ հզորագույն երկիրը այսօր իր ելույթների մեջ ասում է` բացառվում է, որ մենք մեկուսանանք, մեկուսացումը դա մահ է: Դե պատկերացրեք` Ռուսաստանը, որ մեկուսացումից վախենում է, հայերը, այս քարտեզի վրա չի երևում, ասում է` չէ մեզ պետք չի ոչ մեկ: Այսինքն` դա էլ ԿԳԲ-ի ինստիտուտներում մշակած հոգեբանական թեզ է , որ քցում են մեր ժողովրդի բերանը, որ ոչ էս, ոչ էն: Եղբայր, անպաշտպան, փոքրիկ միավորը համեղ պատառ է ռուսների համար: Եթե նման բաները չեն հասկանում շարժման առաջնորդները, ես զարմանում եմ` այս շարժումը չի կարող լուրջ արդյունքներ ունենալ, եթե անգամ լուրջ արդյունքներ ունենա էլ, հեղաշրջումը կատարվի էլ, մենք ականատես կլինենք հերթական քաոսին: Ի՞նչ կազմակերպչական ձևերով պետք է գան, ես մի անգամ հարցազրույցներից մեկում ասել եմ, որ երբ առաջին խորհուրդը ձևավորվում էր, այն ժամանակ Ալբերտ Բաղդասարյանը ասեց, որ ես կտամ մարդկանց անուններ, ովքեր խուսափեցին խորհրդի կազմում լինելուց` պատասխանատվություն չկրելու պատճառով: Եղբայր ջան, ես ինքս եմ եկել, ինքս ինձ առաջադրել խորհրդի կազմում լինելու, դու ողջունել ես, տարել, ներկայացրել ես տղաներին, տղաներն էլ բոլորը ճանաչում էին, բոլորն էլ ասեցին` շատ լավ, բայց մի քանի օր հետո պարզվեց, որ ես խորհրդի կազմի մեջ չեմ: Երբ Խորենացի փողոցում մոտեցա բարձրախոսին, որպեսզի խոսեմ, խորհրդի անդամներից մեկը ինձ ասաց` դու չխոսաս, դու խորհրդի կազմի մեջ չես: Ես դիմեցի Ալբերտին, Ալբերտն էլ խոսքը ծամծմելով, թե բա գիտես էն օրը սենց, նենց, ցվրվավ, խոսակցությունը անհասկանալի դարձավ: Հետո` երկրորդ խորհուրդը ձևավորվելիս ինքս եմ մոտեցել Ալեքին, ինքս եմ Ալեքի հարթակ գալուց մեկ օր առաջ հայտարարել, որ գալու է և լավ կազմակերպչական բաներ են լինելու: Ինքը եկավ, ես մոտեցա և ասեցի, որ պատրաստ եմ խորհրդի կազմում լինելու, ասեց` շատ բարի, գրավոր գրի տուր ինձ, գրեցի, տվեցի իրեն, բայց էլի ոչ մի բան: Այսինքն` այդ խորհուրդը այնքան էլ անկախ չի փաստորեն, կոնկրետ, լավ էլ ուղղորդվում է: Եթե մենք խոսում ենք ազգային համաձայնության կառավարության մասին, ես չեմ հասկանում, անձամբ իմ մեղքը որն է, ինչու ինձ չեն ասել` Գագիկ ջան շնորհակալություն, այսքան մարդ պետք ա լինի, էս չափորոշիչներով, ինձ բնավ խորհրդի կազմում լինել-չլինելու հարցը հետաքրքիր չի, մեկ ա, ես պայքարում եմ ու պայքարելու եմ մինչև իմ կյանքի վերջ: Այնտեղ կան լիքը ամբիցիոզ մարդիկ…



-Ո՞ւմ մասին է խոսքը, այնտեղ ովքե՞ր են ամբիցիոզ:



Պատահական, ամբիցիոզ մարդիկ են հայտնվել: Լավ, չակերտներից մեկը բացեմ, օրինակ` ես հետևում եմ Արմեն Մարտիրոսյանի ելույթներին, ինքը ասում ա` Ժառանգությունը սեպտեմբերի 3-ին, երբ որ Սերժ Սարգսյանը ստորագրեց մաքսային միություն մտնելու փաստը, Ժառանգությունը վայնասուն ա դրել, միտինգներ ա արել, տո ստի հերն անիծեմ, տո Ժառանգությունը սկի տեղից էլ չի շարժվել, հլը դուք հեգնում էիք կողքից, երբ որ ԱԻՄ-ը գնացել էր Ռուսաստանի դեսպանության դեմ, հլը կողքից էլ հեգնում էիք` ընդամենը 50 հոգի եք: Էս Արմենը Մարտիրոսյան հանդգնում ա էդ աստիճան ստեր խոսա, միայն թե էդ պահին PR անի: Ես էդ ձևի մարդկանց հետ ո՞ւր շարժվեմ: Այ դուք ասում եք` ով, կոնկրետ ասում եմ, ինքը ստախոս ա, ինքը չունի պարկեշտություն, որ ասի այդ հարցի շուրջ ժամանակին պայքարում էին ԱԻՄականները, մենք փառք Աստծո հասունացանք և հասկացանք, որ պետք է միանանք:



-Պարոն Սարուխանյան, որ ասում եք`  խորհուրդը ուղղորդվում է, ո՞ւմ կողմից է ուղղորդվում:



Դե դա ո՞վ կարող է ասել, եթե մարդկանց որոշակի անհասկանալի չափորոշիչներով են որոշում, թե ո վ պետք լինի կազմի մեջ, պարզ է, որ ուղղորդվում ա:



-Ի ՞նչ եք մտածում, ո ՞ւմ կողմից կարող է ուղղորդվել:



Ես չեմ ուզում այս հարցի շուրջ կարծիք ասել, միգուցե հենց իրենք իրենց, որ ասպարեզում մնան միայն իրենք, իրենք են ամենակարողը և այլ մարդկանց թույլ չտալ ներխուժելու չկառավարվողներին: Ես չեմ ուզում վատը մտածել չափից ավելի, որ դրսից կամ Բաղրամյան 26-ից: Կարա լինի ներքին օղակ, որ մենք ենք ու վերջ, իսկ կողքից ով կներմուծվի, ինչքան հնարավոր ա մեզանով կանենք, եթե ոչ, ուրեմն ցտեսություն: Ասպարեզում մենաշնորհ ստանալու խնդիր կա, ընդդիմադիր դաշտում մենակ լինել: