Արմեն Մարտիրոսյանը` Գագիկ Սարուխանյանի` իրեն ստախոս անվանելու, ՔՊ-ի ու նոր վարչապետի մասին

Արմեն Մարտիրոսյանը` Գագիկ Սարուխանյանի` իրեն ստախոս անվանելու, ՔՊ-ի ու նոր վարչապետի մասին

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, խոսելով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի և Երևանի նախկին քաղաքապետ, «Գազպրոմի» փոխնախագահ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելու մասին, ասաց՝ ակնհայտ էր, որ թե ապրիլյան պատերազմից, թե «Սասնա ծռեր»-ի գործողություններից և թե ժողովրդի լայն ընդվզման ալիքից հետո իշխանությունները խնդիր ունեին՝ մինչև ընտրությունները փորձեն Հայաստանում ու հայությունով մեկ ծխածածկույթ տարածել՝ ընտրությունները նորից լայնամասշտաբ կեղծելու համար, դրա համար փոփոխություն պետք էր. «Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելը, ըստ էության, երկուսը մեկում է իրականացվել՝ առաջինը ծխածածկույթի համար, երկրորդը և գլխավոր ուղղություններից մեկը՝ Ռուսաստանը այստեղ արդեն կառավարում իրականացնի, քանի որ այն ինչ տեղի ունեցավ ապրիլին` «Սասնա ծռեր»-ից հետո, ոչ միայն ներքաղական, այլ նաև արտաքին-քաղաքական ազդեցություն ուներ, Ռուսաստանի պահով դժգոհությունները չափազանց մեծացան, ընդ որում տարբեր սոցիոլոգիական հարցումներ հրապարակվեցին, որ Հայաստանում ասոցացման կողմնակիցները գրեթե կրկնակի ավելի են հիմա, քան Եվրասիական-տնտեսականության կողմնակիցները: Ակնհայտ է, որ հասարակական տրամադրությունները խնդիր են ստեղծել Ռուսաստանի համար, և իրենք արդեն անմիջական կառավարման անցան, դրա համար Կարեն Կարապետյանն ընտրվեց որպես թեկնածու, որը և համակարգի մարդ է, և ռուսական դաշտի մարդ է, ուստի այդ բոլորը իրար հետ համատեղելով` ընտրվեց Կարեն Կարապետյանի պարագան, որը ակնհայտ է, եթե իշխանության ծրագիրը անցնի, ապա կունենանք վարչապետ Սերժ Սարգսյան և դատարակվող կամ դատարկված Հայաստան, իսկ եթե հասարակությունը շարունակի իր պայքարը, ապա մենք կարճ ժամանակ հետո փոփոխություններ կունենանք, որովհետև և կառավարման համակարգն է խայտառակ վիճակում, և սոցիալա-տնտեսական իրավիճակը, և աշխարհաքաղաքական զարգացումները նպաստավոր են փոփոխությունների համար»:



-Պարոն Մարտիրոսյան, նշում եք, որ եթե հասարակությունը պայքարի կարճ ժամանակ հետո փոփոխություններ կլինեն, պաքարը ինչպիսի՞ փոփոխությունների կբերի:



Ես կարծում եմ՝ առաջին հերթին իշխանափոխություն, երկրորդ հերթին՝ Հայաստանում վերջապես կլինի մի իրավիճակ, երբ մենք ինքնիշխան որոշումներ նորից կսկսենք ընդունել, կախվածությունը ռուսական այդ անմիջական հրահանգներից կվերանա: Բնականաբար ես կարծում եմ՝ արևմտյան կենտրոնների հետ Հայաստանը կսկսի շատ ակտիվ հարաբերվել, ես կողմնակից եմ, որ մենք ասոցացման պայմանագիր և ազատ առևտրի պայմանագրի նախնական այն տեքստը, որը եղել է՝ ստորագրենք, նոր տեխնոլոգիաներ, նոր հնարավորություններ, Իրանից էներգետիկ ուղիներ, ճանապարհ: Մի խոսքով՝ արմատական փոփոխություններ կարող ենք տեսնել, էլ չեմ խոսում այն մասին, որ մենք կունենանք իրավիճակ, երբ Հայաստանում որոշումներ կընդունեն ոչ թե առանձին ընտանիքների, այլ բոլոր քաղաքացիների համար, կունենանք մի իրավիճակ, երբ աշխարհասփյուռ հասարակությունը այստեղ կարող է շատ հանգիստ բիզնես ծրագրեր, ներդրումներ իրականանցնել, մենք կունենանք այդ առումով զարգացման հնարավորություններ:



-Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակումը բուռն քննարկումների և խոսակցություններ առիթ է դարձել, մեր հարցումներից պարզ դարձավ, որ մեծ մասը գտնում է՝ որևէ էական փոփոխություն չի լինելու, ոմանք էլ կարծում էին փոփոխությունները լինելու են կոսմետիկ, իսկ խոստումները՝ օդում կախված:



Կարեն Կարապետյանը ինքը համակարգի մարդ է, ինքը չի կարող փոփոխել: Մենք ունեինք շատ գրագետ, գեղեցիկ խոսող, շատ հմայիչ ժեստեր անող Տիգրան Սարգսյան, որը միջազգային գործընկերների համար շատ լավ զրուցակից էր, գործընկեր էր, բայց իրականության մեջ ինքը ոչինչ չկարողացավ անել: Ըստ էության, այն բացասական և հոռի երևույթները, որոնք կային մեր երկրում, ավելի խորացան, կառավարման համակարգը չփոխվեց, բայց չէ՞ որ ինքը հենց մտավ, խոսեց, որ արմատական փոփոխություններ պետք է լինեն, նոր տարվա շնորհավորական ուղերձում ասում էր՝ օլիգարխիայի դեմ պետք է պայքարենք, բայց ակնհայտ էր, որ նմանատիպ բան չէր կարող լինել, որովհետև Հայաստանում մինչև կառավարման համակարգը և իր մեթոդաբանութունը, այսինքն՝ հանրային ռեսուրսները մի քանի ընտանիքին ծառայեցնելու այդ մեթոդաբանությունը չվերանա, որևէ փոփոխություն չի կարող լինել, ընդամենը կարող է լինել փոխատեղումներ, և ինչպես հարցազրույցներից մեկ-երկուսում ասել եմ, եթե պատկերավոր ասեմ՝ ընդամենը փչացած կոնֆետի փայլաթիթեղն են փոխել, ավելի գեղեցիկ թիթեղ են դնելու, կառավարման համակարգը, եթե փչացած կոնֆետի հետ համեմատենք, ապա բովանդակությունը չեն փոխելու:



-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակությունը հայտարարություն էր արել ստվերային կառավարություն ձևավորելու մասին…



Դրա հետ կապված ես անհրաժեշտություն չեմ գտնում որևէ մեկնաբանություն անելու:



-Պարոն Մարտիրոսյան, ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը մեզ հետ հարցազրույցում Ձեզ անվանել էր ստախոս՝ նշելով, որ դուք ձեր ելույթներից մեկում ասել եք, որ «Ժառանգություն» կուսակցությունը, երբ Սերժ Սարգսյանը ստորագրեց մաքսային միություն մտնելը, միտինգներ է իրականացրել, այն ինչ դա սուտ է և ՌԴ դեսպանատան դիմաց են հավաքվել ԱԻՄականները: Ձեզ մեղադրեց PR անելու մեջ:



Ես կարդացել եմ ու ափսոսում եմ, որ ես այդ անձնավորության հետ, կարծել եմ, թե շատ նորմալ հարաբերությունների մեջ եմ և կարծել եմ՝ ինքը ճիշտ արժեքային համակարգ կրող անձնավորություն է: Որևէ բան այդ առումով ևս չեմ ասի, որովհետև այնտեղ այնքան ոչ ճիշտ բան կար, մի խոսքով՝ Աստված իր հետ, մենք կշարունակենք: Եթե ցեխհարձակումներին նայեմ, այս վերջերս կարծես թե մոդա է դարձել իմ ուղղությամբ ցեխ արձակելը, բայց ոչինչ առաջին անգամը չէ, ինձ դրանից ոչինչ չի լինի, մի ժամանակ հետո այդ ցեխը չորանալու է, բայց այն մարդիկ, ովքեր այդ ցեխոտ ձեռքերը ունեն իրենց մոտ մնալու է դա: