Աբրահամ Մանուկյանը հայտնվեց ու խոստացավ խոսել հոկտեմբերի 15-ից հետո

Աբրահամ Մանուկյանը հայտնվեց ու խոստացավ խոսել հոկտեմբերի 15-ից հետո

Այսօր երկար բացակայությունից հետո խորհրդարան էր վերադարձել ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը։ Հիշեցնենք, որ նա երկար ժամանակ է, ինչ չէր երևում ասպարեզում, դեռ նախորդ նստաշրջանից անհետացել էր և խորհրդարան չէր գալիս։ Ասում էին՝ պատճառը ԲՀԿ ղեկավարության, մասնավորապես՝ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ լարված հարաբերություններն են։



Մանուկյանը երեքշաբթի օրվանից մեկնարկած այս քառօրյայի նիստերին էլ չեկավ, միայն այսօր նրան նկատեցինք ԱԺ-ում, երբ եկել էր գլխավոր դատախազի ընտրությանը մասնակցելու։



Hraparak.am-ի հարցին, թե երկար ժամանակ չէր գալիս Ազգային ժողովում, ինչու՞ հենց այսօր որոշեց գալ, պարոն Մանուկյանն ասաց․ «Տենց նպատակահարմար գտա»։ Հետո նշեց, որ այլևս ոչ մի հարցի չի պատասխանի։



Դիտարկմանը, թե ԲՀԿ-ում պահանջում են Գագիկ Ծառուկյանի վերադարձը, դրան ինչպե՞ս է վերաբերվում, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց՝ նորմալ։



Մեր մյուս հարցին, թե կուսակցության ներսում իր հետ կապված խնդի՞ր կա, Մանուկյանն ասաց․ «Երբեք չեմ ունեցել»։ Իսկ կմնա՞ ԲՀԿ-ում,-«Այ դա իմ որոշելիքն է»։
Հետո խոստացավ հարցերին պատասպանե հոկտեմբերի 15-ից հետո։



-Ինչու՞ հենց հոկտեմբերի 15-ից հետո, ի՞նչ է լինելու դրա համար։



-Տենց եմ իմ համար որոշել։



-Ինչ-որ գի՞ծ է քաշած մինչև հոկտեմբերի 15-ը և դրանից հետո։



-Կարմիր գիծ է քաշած, լա՞վ ա։



Հ․Գ․ Նշենք, որ, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 15-ին ԲՀԿ արտահերթ համագումար կհրավիրի, Աբրահամ Մանուկյանը թերևս հենց դա նկատի ունի՝ ասելով, որ հոկտեմբերի 15-ից հետո կասի՝ կմնա, թե կգնա։ Այսինքն՝ այդ օրը կայանալիք համագումարի ժամանակ կորոշվի իր մնալ-չմնալու հարցը ԲՀԿ-ում։