Զինծառայողներին «Մեհրաբ»-ում չե՞ն տրամադրում նոր համազգեստ

Զինծառայողներին «Մեհրաբ»-ում չե՞ն տրամադրում նոր համազգեստ

«Հրապարակ» թերթի խմբագրություն դիմած ՀՀ քաղաքացին, որը չցանկացավ հրապարակել իր անունը, մեզ հետ զրույցում նշեց. «Զինծառայության ընթացքում զինծառայողին պետք է տրամադրել չորս համազգեստ, վեց ամիսը մեկ պետք է տրամադրել նոր համազգեստ։ «Մեհրաբ» կոչվող զորամասում 14/2 զորակոչի զինվորներին չեն հատկացրել վերջին համազգեստը՝ պատճառաբանելով, որ իրենց «վերեւներից» չեն տրամադրել, զինվորների զորացրմանն էլ չորս ամիս է մնացել։ Բայց առջեւում ձմեռ է, եւ զինծառայողների համազգեստն էլ մաշված է»։ Խմբագրություն զանգահարած քաղաքացին ասաց նաեւ, որ դիրքերում չկա սպունգ, մաշվել են սպունգերը, եւ զինծառայողները քնում են տախտակների վրա։ Ըստ նրա՝ մաշված են նաեւ զինծառայողների կոշիկները։
«Կարող եք գնալ եւ ստուգել»,- վստահեցրեց մեր զրուցակիցը։



«Արդեն դա անլուրջ տպավորություն է թողնում։ Այդքան բան չի կարող լինել զորամասում։ Բա փաստե՞րը։ Մենք կուսումնասիրենք, կգնանք, կստուգենք, բայց ես չեմ հավատում էդ ամեն ինչին»,- մեկնաբանություն տալու մեր խնդրանքին այսպես արձագանքեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։